ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը դեկտեմբերի 18-ին հանդիպել է «Երիտասարդ դիվանագիտություն 2015» դպրոցի սաների հետ: Նշենք, որ հանդիպումը կազմակերպվել է Երեւանում գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի եւ Մարդկային զարգացման միջազգային հասարակական կազմակերպության աջակցությամբ:
Ողջունելով ապագա դիվանագետներին՝ Արտակ Զաքարյանը խոսել է արտաքին քաղաքականության մեջ դիվանագետների դերակատարման մասին, անդրադարձել է դիվանագիտական ծառայության ընթացքում երկկողմ եւ բազմակողմ հարաբերություններում դիվանագետների գործունեությանը, նրանց կողմից բարձրացվող հարցերին, մասնավորապես ժամանակակից աշխարհում գոյություն ունեցող հիմնախնդիրներին, որոնք պահանջում են նուրբ դիվանագիտական լուծումներ եւ որտեղ անհրաժեշտ են երկարատեւ քաղաքական եւ բանակցային գործընթացներ:
Այնուհետեւ հանձնաժողովի նախագահն առաջարկել է հանդիպումը շարունակել հարցուպատասխանի ձեւաչափով: Երիտասարդներն Արտակ Զաքարյանին ուղղել են բազմաթիվ հարցեր՝ սկսած Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունից մինչեւ ՌԴ-Թուրքիա ներկայիս լարված հարաբերություններ: Դպրոցի սաներին հետաքրքրում էր նաեւ ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների վաղը տեղի ունենալիք հերթական հանդիպումը եւ դրանից սպասվող արդյունքները:
Հանդիպման ավարտին Արտակ Զաքարյանն ապագա դիվանագետներին խորհուրդ է տվել ընթերցել համաշխարհային հայտնի լիդերների մասին եւ նրանց գործունեությանն ու աշխատություններին վերաբերող գրքեր: