National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.12.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
18.12.2015
Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 11

Դեկտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը եւ վավերացնելով համաձայնագրերը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Երեւանի «Վարդանանց ասպետներ» համար 106 հիմնական դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին:

Խորհրդարանը շարունակել է քննարկել ՀՀ Վերահսկիչ պալատի 2014 թվականի տարեկան հաշվետվությունը: Պատգամավորներ Թեւան Պողոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Հեղինե Բիշարյանը, Իշխան Խաչատրյանը, Միքայել Մելքումյանը ներկայացրել են իրենց տեսակետներն ու մտահոգությունները: Պատգամավորները մասնավորապես մտահոգիչ են համարել Վերահսկիչ պալատի հայտնաբերած, սակայն անհետեւանք մնացած չարաշահումներն ու կոռուպցիոն բնույթի խախտումները: Առանձնապես կարեւորվել է պետական միջոցների վատնման համար պատասխանատվությունն ու խնդրի համակարգային լուծումը:

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության տեսակետը ներկայացրել է Հովհաննես Մարգարյանը: Նա մտահոգիչ է համարել պետական ու համայնքային միջոցների մսխումն ու դրա համար համապատասխան պատասխանատվության չենթարկելը: Պատգամավորը հատկապես մտահոգիչ է համարել Վերահսկիչ պալատի ներկայացրած խախտումները ընդերքօգտագործման ոլորտում արձանագրված խախտումները: Նա Վերահսկիչ պալատի նախագահին առաջարկել է ուշադրության կենտրոնում պահել ոլորտը:

ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը եզրափակիչ ելույթում անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին եւ տվել պարզաբանումներ: Տեղեկացնենք, որ հաշվետվությունն ընդունվում է ի գիտություն:

Այնուհետեւ ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Խաչատրյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Դեղերի մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Սերգեյ Խաչատրյանն իրազեկել է, որ օրենսդրական փաթեթով սահմանվում են դեղերի շրջանառության բնագավառի առանցքային հարաբերությունները, դեղային պետական քաղաքականության սկզբունքները՝ որպես հիմնական նպատակ ունենալով դեղերի ֆիզիկական եւ ֆինանսական մատչելիության եւ դեղապահովման ոլորտում սոցիալական արդարության ապահովումը: Առաջին անգամ սահմանվում է դեղերի գների պետական կարգավորում իրականացնելու հնարավորությունը, մանրամասն օրենսդրական կարգավորման են ենթարկվում դեղերի շրջանառության բոլոր փուլերը՝ սկսած դեղի ստեղծումից մինչեւ գովազդի եւ իրացման փուլեր: Այս ամենից բացի՝ նախատեսվում է դեղերը դեղատներից բաց թողնել դեղատոմսերով եւ հայերեն ներդիրով: Այս կապակցությամբ փոխնախարարը տեղեկացրել է, որ այսօր Հայաստանում գրանցված են շուրջ 4543 անուն դեղեր, որոնց 70 տոկոսն իրացվում է դեղատոմսերով: Նախատեսվում է, որ փաթեթի ընդունումից հետո դեղերը կվաճառվեն մեծամասամբ դեղատոմսերով:

Փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է դեղերի ֆիզիկական եւ ֆինանսական մատչելիություն, բնակչությանը որակյալ, արդյունավետ եւ անվտանգ դեղերով ապահովում եւ դեղերի շրջանառության ողջ շղթայի արդյունավետ գործունեության համար հստակեցված եւ գործուն մեխանիզմների սահմանում, դեղերի շրջանառության ոլորտում իրավախախտումների էական նվազում:

Նա տեղեկացրել է, որ փաթեթը բազմիցս քննարկվել է ոլորտի մասնագետների հետ եւ ենթարկվել լրամշակման:

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն է ներկայացրել հանձնաժողովի անդամ Կարեն Ավագյանը: Նա կարեւորել է օրենքի նախագիծը հատկապես դեղերի շուկայում ֆինանսական մատչելիության ապահովման տեսանկյունից: Հանձնաժողովի անդամը մանրամասն անդրադարձել է բնակչությանն արդյունավետ, որակյալ, մատչելի դեղերի ապահովմանը, դեղերի անվտանգ, որակյալ շրջանառությանը, ինչպես նաեւ դեղերի գների պետական կարգավորմանն ու գրանցմանը:

Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել պատգամավորները: Պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Արա Բաբլոյանը, Հովհաննես Մարգարյանը, Նիկոլ Փաշինյանը, Հեղինե Բիշարյանը, Զարուհի Փոստանջյանը, Միքայել Մելքումյանը, Խոսրով Հարությունյանն անդրադարձել են շուկայում առկա ներկրված եւ տեղական արտադրության դեղերի՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը, բնակչությանը որակյալ, անվտանգ դեղերի ապահովմանը, ֆինանսական մատչելիությանն ու հակամենաշնորհային մեխանիզմների մշակմանը: Պատգամավորների դիտարկմամբ՝ թեեւ դեղերի ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, այդուհանդերձ այս օրենսդրական նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռելու դեղերի շուկայում գրանցել առաջընթաց:

Հարցի վերաբերյալ խմբակցության տեսակետն է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա թեեւ դրական է գնահատել օրենսդրական նախաձեռնությունը, այդուհանդերձ նկատել է, որ այն պարունակում է լուրջ ռիսկեր: Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ դեղերի գների բարձրացումը եւ դեղերի ոլորտի մոնոպոլիզացիան շարունակվելու են:

Եզրափակիչ ելույթում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին հարցերի եւ առաջարկների համար՝ նշելով, որ առաջինից երկրորդ ընթերցում դրանք մանրամասն կքննարկվեն:

Երրորդ ընթերցմամբ քննարկվել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» եւ «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:

ԿԲ նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ փաթեթը վերաբերում է սպառողների շահերի պաշտպանությանը: Փաթեթով բանկերին, վարկային կազմակերպություններին պարտադրվում է ունենալ գործարար վարվելակերպի կանոններ, որոնք կլինեն հրապարակային եւ կսահմանեն ընկերության կողմից հաճախորդների հետ աշխատելու կանոններն ու սկզբունքները: Ներսես Երիցյանի տեղեկացմամբ՝ դատարանի, արբիտրաժի, ֆինանսական հաշտարարի կողմից այդ խախտումներ հաստատվելու դեպքում, կազմակերպությունները ստիպված կլինեն հաճախորդին վճարելու 300 հազ. դրամ տույժ:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն է ներկայացրել հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող, ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը տեղեկացրել է, որ փաթեթի ընդունումը հնարավորություն է տալու Հայաստանի արժեթղթերի շուկայում հստակորեն սահմանել արժեթղթերի անվանատերերի կարգավիճակի, իրավունքների ու պարտականությունների պատասխանատվության, ինչպես նաեւ թողարկողի ու շուկայի մյուս մասնակիցների հետ փոխհարաբերությունների օրենսդրական կարգավորումներ:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն է ներկայացրել հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

ԿԲ նախագահի տեղակալն առաջին ընթերցումով ներկայացրել է նաեւ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Փոփոխություններով ավանդատուն հնարավորություն կունենա հատուցում ստանալու պահանջը ներկայացնել ինչպես գրավոր, այնպես էլ էլեկտրոնային եղանակով: Ընդ որում, ավանդատուն հնարավորություն կունենա հատուցումն ստանալ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով՝ իր կողմից նշված հաշվին փոխանցման միջոցով: 2016 թվականից սկսած հետզհետե կրճատվելու է ավանդների հատուցման գործընթացի տեւողությունը: 2016-2018 թթ. հատուցման դեպքը տեղի ունենալու պահից 20-րդ աշխատանքային օրն ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը պետք է պատրաստ լինի կատարել հատուցումները: Հատուցումն իրականացվելու է ավանդատուի կողմից հատուցման պահանջը ներկայացնելու պահից առավելագույնը երեք աշխատանքային օրվա ժամկետում: 2018 թ. հետո վերոնշյալ ժամկետը համապատասխանաբար նվազելու է մինչեւ 15 աշխատանքային օր, այնուհետեւ 10 աշխատանքային օր, իսկ 2023 թվականից՝ 7 աշխատանքային օր:

Ելնելով ավանդատուի շահերի պաշտպանության եւ հատուցման համակարգն առավել հասանելի դարձնելու անհրաժեշտությունից՝ կառավարությունը երկարաձգում է առավելագույն ժամանակահատվածը, որի ընթացքում ավանդատուն կարող է հատուցման պահանջ ներկայացնել: Մասնավորապես, ներկայում գործող 1 տարին երկարաձգվել է՝ սահմանվելով 3 տարի:

Կարգավորվել է բանկերի միացման դեպքում միաժամանակ 2 բանկում էլ ավանդներ ունեցող ավանդատուների երաշխավորման ենթակա գումարների հարցը: Մասնավորապես, սահմանվել է առավելագույն ժամանակահատված, որի ընթացքում միացող բանկերից յուրաքանչյուրում ներդրված ավանդը պետք է դիտել որպես առանձին ավանդ:

Առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել է նաեւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը տեղեկացրել է, որ ապահովագրության ոլորտում սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված օրենսդրական կարգավորումը հնարավորություն կտա ստեղծելու սպառողների պաշտպանության իրական մեխանիզմներ, բարձրացնելու ապահովագրական ընկերությունների միջեւ մրցակցությունը եւ մատուցվող ծառայությունների որակը:

Հարակից զեկույցում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ընդգծել է, որ օրենսդրական փաթեթների նպատակը քաղաքացիների շահերի պաշտպանությունն է:

Այնուհետեւ առաջին ընթերցումով քննարկվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը՝ ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանի ներկայացմամբ: Նշվել է, որ ՀՀ օրենսդրությամբ կարգավորված չէ գյուղատնտեսական վարկավորման ոլորտը: Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակման արդիականությունը պայմանավորված է անհատ գյուղացիական տնտեսությունների կողմից ներգրավված վարկային ռեսուրսների մեծ ծավալով եւ գյուղական համայնքներում ֆինանսական գրագիտության ցածր մակարդակով, որն էլ առաջացրել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի դրույթները գյուղատնտեսական վարկերի վրա տարածելու անհրաժեշտությունը: Օրենսդրական փոփոխությունները կտարածվեն նաեւ մինչեւ 2.000.000 ՀՀ դրամին համարժեք գյուղատնտեսական նշանակության կրեդիտների վրա, որը թույլ կտա կարգավորել գյուղատնտեսական նշանակության կրեդիտների տրամադրման գործընթացը:

Ներկայացնելով ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշել է, որ օրենսդրական առաջարկի ընդունումն էապես թեթեւացնելու է գյուղացիական տնտեսությունների վարկային վիճակը:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրանով պայմանավորված մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Ներկայացված նախագծերի փաթեթի ընդունման դեպքում հնարավորություն կստեղծվի լուծել ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում առկա արդիական համարվող մի շարք խնդիրներ: Մասնավորապես՝ լուծում է տրվում միտում չպարունակող, նվազ նշանակություն ունեցող տուգանքները նախազգուշացմամբ փոխարինելու խնդրին: Օրենսդրական փաթեթով առաջարկվում է նաեւ չտուգանել այն դեպքերում, երբ իրավախախտը խախտումը կվերացնի տեղում: Խստացվել է առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելու համար նախատեսված տուգանքի չափը, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու համար նախատեսված տուգանքները: Բարձրացվում է պատասխանատվությունը ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվություն: Նախատեսվում է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար կազմված վարչական ակտերի բողոքարկման եւ վերանայման գործընթացի դյուրացում? ներդնելով նաեւ բողոքարկման էլեկտրոնային համակարգ: Ներմուծվել է նաեւ վարչական իրավախախտումների հաշվարկման բալային համակարգ, որը հաշվարկվում է՝ սահմանված նվազագույն աշխատավարձը երկու բալ հաշվարկելու միջոցով: Կանոնակարգվում են ՀՀ-ում չհաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված վարչական իրավախախտումների գործերով առանձնահատկությունները: Հստակեցվում են տրանսպորտային միջոցների վարձակալության դեպքում պատասխանատվության ենթակա սուբյեկտը եւ դրա հետեւանքները: 2014թ. դեկտեմբերին ընդունված օրենքի համաձայն՝ 6-ամսյա ժամկետում քաղաքացիներին հնարավորություն է տրվել, որպեսզի նրանք վարչական իրավախախտումների դեպքում վճարեն միայն մայր գումարը՝ ազատվելով ավելացված տուգանքներից: Կառավարությունն առաջարկում է համաներման ժամկետն այս պահին երկարաձգել եւս 6 ամսով՝ հնարավորություն ընձեռելով նրանց վճարելու միայն մայր գումարը:

Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ օրենսդրական փաթեթը քննարկվել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում ու ՀՀԿ խմբակցությունում. ԱԺ պատգամավորների ներկայացրած առաջարկները հնարավորության սահմաններում հաշվի են առնվել:

ԱԺ պատգամավորները բազմաթիվ հարցեր են ուղղել հիմնական զեկուցողին, որոնք առնչվել են ճանապարհային երթեւեկության խախտումների վիճակագրությանը, օրենսդրական փաթեթի ընդունման իրական ազդեցությանը, բալային համակարգի վերաբերյալ իրական հաշվարկներին, համաներման կիրառման չափորոշիչներին, անցումային դրույթներին, տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց ոչ սթափ վիճակում վարելու դեպքում իրականացվող տուգանքների եւ քրեական պատասխանատվության նպատակահարմարությանն ու այդ հարցում այլ երկրների փորձի ուսումնասիրությանը եւ այլ խնդիրների: Պատգամավորները կարեւորել են ոլորտում իրականացվող բարեփոխումները եւ ներկայացրել իրենց մտահոգությունները:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել օրենսդրական առաջարկը, որը, նրա գնահատմամբ, բխում է հանրության շահերից: ԱԺ փոխնախագահի համոզմամբ՝ ոչ սթափ վիճակում գտնվող վարորդները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, քանի որ կարեւորը մարդկանց անվտանգությունն է:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել են «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթն ու «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագիծը:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար: Նշենք, որ նախագիծը համալրվել է նոր հոդվածներով. բացի 7-րդ եւ 8-րդ հոդվածներից մյուս հոդվածները նոր ընդունված առաջարկներ են, որոնք քննարկվել են առաջին ընթերցումով: Հիմնական փոփոխությունները ներկայացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանը: Առաջարկվում է օրենքը լրացնել նոր դրույթներով, որոնք նպատակ ունեն հստակեցնել աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի հաշվարկման կարգը, հաշմանդամության զինվորական թոշակ նշանակելու պայմաններն ու կարգը:

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանի աշխատանքը կշարունակի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին:


18.12.2015
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը դեկտեմբերի 18-ին հանդիպել է «Երիտասարդ դիվանագիտություն 2015» դպրոցի սաների հետ: Նշենք, որ հանդիպումը կազմակերպվել է Երեւանում գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի եւ Մարդկային զարգացման միջազգային հասարակական կազմակերպու...

18.12.2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է «Վարդանանց ասպետներ» դպրոցի աշակերտների հետ
ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 18-ին խորհրդարան էին այցելել Երեւանի «Վարդանանց ասպետներ» համար 106 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: ՀՀ կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքին հետեւելուց հետո աշակերտները մասնակցել են խորհրդարանական բաց դասին, որը վարե...

18.12.2015
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության տնտեսագիտական բաժնի վարիչ (ծածկա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am