National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.12.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
15.12.2015
Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը՝ քննարկելով քաղաքացիների իրավունքներին վերաբերող նախագծեր
1 / 9

Դեկտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրինագծերը: Պատգամավորներն այնուհետեւ շարունակել են առաջին ընթերցմամբ քննարկել «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է չսահմանափակել ձերբակալված կամ կալանավորված անձանց՝ փաստաբանների կամ քրեական գործով պաշտպան չհանդիսացող փաստաբանի հետ հանդիպումները աշխատանքային եւ ոչ աշխատանքային օրերին: Ընդ որում, հանդիպումների ժամն ու տեւողությունը եւս չի սահմանափակվելու: Նախատեսվում է, որ նախագծի ընդունմամբ կապահովվի ձերբակալված եւ կալանավորված անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի պատշաճ իրացումը, ինչը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ եւ միջազգային պայմանագրերով: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին պատգամավորներն ուղղել են բազմաթիվ հարցեր եւ առաջարկներ:

Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորները ներկայացրել են իրենց առաջարկներն ու մտահոգությունները, անդրադարձել կալանավայրերում առկա հիմնախնդիրներին, ցմահ ազատազրկված անձանց պահման պայմաններին: Մասնավորապես, Հովհաննես Մարգարյանը կարեւորել է նախագծի ընդունումը, անդրադարձել կալանավայրերում առկա խնդիրներին ու անազատության մեջ գտնվող անձանց իրավունքների պաշտպանությանը: Արտաշես Գեղամյանն իր ելույթում անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին եւ ազգային անվտանգության հարցերին: Հեղինե Բիշարյանն առաջընթաց է համարել ազատազրկված անձանց իրավունքներին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունը, այն համարել նույնիսկ ուշացած:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դրական տեսակետը ներկայացրել է Միքայել Մելքումյանը: Նա տեղեկացրել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին: Միքայել Մելքումյանը խնդրահարույց է համարել ձերբակալված կամ կալանավորված անձանց նկատմամբ իրականացվող վարչարարությունը: Ըստ նրա, վարչարարության ընթացակարգերի իրականացման հարցում խնդիր կա, մեծ է հանրության անվստահությունը վարչարարության վերաբերյալ, ինչն անհրաժեշտ է վերացնել:

Ամփոփելով քննարկումը՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանն անդրադարձել է պատգամավորների մտահոգություններին, տվել պարզաբանումներ եւ նշել, որ առաջարկված փոփոխությամբ կլուծվեն մի շարք համակարգային խնդիրներ:

Այնուհետեւ առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը եւս ներկայացրել է Արման Թաթոյանը: Նա տեղեկացրել է, որ նախագծի ընդունմամբ կընդլայնվի ՀՀ քաղաքացիներին ընձեռված՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց որոշումների, գործողությունների կամ անգործության հետեւանքով քաղաքացիների խախտված իրավունքների համար ոչ նյութական վնասի հատուցման հնարավորությունը: Մասնավորապես, օրենքի նախագծի գործողությունը նախատեսվում է տարածել հետեւյալ՝ կյանքի իրավունքի, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքի, ազատության եւ անձեռնմխելիության իրավունքի, արդար դատաքննության իրավունքի, անձնական կամ ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության իրավունքի, մտքի, խղճի եւ կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի, հավաքների եւ միավորման ազատության իրավունքի, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքի եւ սեփականության իրավունքի վրա:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է դատավորի վարքագծի կանոնների սահմանումը վերապահել Դատավորների ընդհանուր ժողովի իրավասությանը, սահմանել դատավորի գրավոր հարցման հիման վրա դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից դատավորի վարքագծի կանոնի կիրառության վերաբերյալ խորհրդատվությունը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենքի նախագծով ՀՀ կառավարությանը տրվում են լիազորություններ՝ սահմանելու ՀՀ պետական զինանշանի գործածվող գունային գամմաների հստակեցումը, եւ հերալդիկայի կանոններին ու ավանդույթներին համապատասխան առանձին դետալների, ընդհանուր կոմպոզիցիայի շտկումն ու վերամշակումը: Արթուր Պողոսյանը նշել է նաեւ, որ փոփոխությամբ կառավարությունը կունենա օրենքով սահմանված լիազորություն՝ սահմանելու պետական զինանշանի տեխնիկական պայմանները:

Օրինագծի վերաբերյալ ելույթ են ունեցել ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը, Վահան Բաբայանը, Զարուհի Փոստանջյանը, Հեղինե Բիշարյանը, Վահե Էնֆիաջյանը եւ Ռուզաննա Մուրադյանը: Նրանք խոսել են պետական խորհրդանիշների, մասնավորապես պետական զինանշանի պատկերի եւ նշանակության մասին: Կարեւորվել է ՀՀ քաղաքացիների կողմից պետական խորհրդանիշների նկատմամբ հարգանք ցուցաբերելը: Նշվել է, որ ներկայիս խորհրդանիշը բնորոշում է հայ ժողովրդի պատմությունն ու անցած ուղին եւ այն չպետք է աղավաղվի: Նաեւ առաջարկվել է սահմանափակել զինանշանի նկատմամբ սիրողական մոտեցումների կիրառումը:

Եզրափակիչ ելույթում Արթուր Պողոսյանը համակարծիք է եղել, որ պետական խորհրդանիշներն ավելի հանրահռչակման եւ լուրջ վերաբերմունքի կարիք ունեն, ինչին եւ ծառայում է ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն առաջին ընթերցմամբ նաեւ ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Ըստ փոխնախարարի՝ օրինագծի ընդունումից հետո ՀՀ կառավարությունը կունենա օրենքով սահմանված լիազորություն՝ ՀՀ պետական դրոշի տեխնիկական պայմանները (տեխնիկական պահանջներ, փաթեթավորման եւ մակնշման պահանջներ, ընդունման կարգ եւ հսկողության մեթոդներ) հաստատելու համար, որոնք որպես պարտադիր պայման կկիրառվեն տպագրությունում, հեռուստառադիոեթերում, համացանցում, պաշտոնական ձեւաթղթերում, տարադրամում, շքանշաններում, ակցիզային դրոշմանիշներում, կնիքներում, վկայականներում, հավաստագրերում, անձնագրերում, պետական կառույցների շքամուտքերում, պաշտոնական հանդիպումների ընթացքում, պետական ծառայողների համազգեստների վրա:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է կառավարության հեղինակած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը: Նա նշել է, որ օրենսդրական նախաձեռնության ընդունումը պայմանավորված է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 13-րդ մասով, որի համաձայն՝ մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը իրավաբանական անձանց կողմից թվային հեռարձակման մասնավոր ցանց ստեղծելու համար օրենքով պետք է սահմանվեն մուլտիպլեքսորի լիցենզավորման կարգն ու պայմանները:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար խորհրդարանը քննարկել է «Փախստականների եւ ապաստանի մասին ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

«Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Օրենքի նախագիծը կարգավորում է գյուղատնտեսական կոոպերատիվների եւ դրանց միությունների ստեղծման, անդամակցության, գործունեության իրականացման, կառավարման, գործունեության դադարման, վերակազմակերպման, լուծարման հետ կապված հարաբերությունները եւ սահմանում է դրանց մասնակիցների իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը, ինչպես նաեւ՝ կոոպերատիվների պետական աջակցության ուղղությունները:

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանի աշխատանքը կշարունակի վաղը՝ դեկտեմբերի 16-ին:


15.12.2015
Հայտարարություն
Համաշխարհային սկաուտական շարժումը (ՀՍՇ) երիտասարդական ամենամեծաթիվ ապառազմական եւ ապաքաղաքական կազմակերպությունն է, որը միավորում է 40 միլիոնից ավելի պատանիների եւ երիտասարդների` աշխարհի շուրջ 160 երկրներում: Շարժման նպատակն է կառուցել ավելի լավ աշխարհ, որտեղ մարդիկ ինքնահաստատված են եւ կառուցողական...

15.12.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Կորեայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պակ Նո Փյոկին: Ողջունելով նորանշանակ դեսպանին` Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք` հույս հայտնելով, որ նա իր գործունեությամբ կն...

15.12.2015
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ դեկտեմբերի 14-15-ին հրավիրած նիստերում քննարկել է կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեսանկարահ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am