Փետրվարի 4-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի եւ խմբակցության անդամ Լեւոն Դոխոլյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված քաղաքացի-բանկ հարաբերությանն ու արտարժույթով տրված վարկերի ձեւափոխման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:
Խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի տեղեկացմամբ՝ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը վերաբերում է քաղաքացիների՝ տարադրամով վերցրած վարկերի վերաձեւակերպմանը դրամի: Ըստ խմբակցության քարտուղարի՝ դա պայմանավորված է վերջին շրջանում դոլար-դրամ հարաբերակցության կտրուկ փոփոխություններով եւ դրամի կտրուկ արժեզրկմամբ, ինչի պատճառով տարադրամով վարկեր ունեցող բազմաթիվ քաղաքացիներ սկսել են սնանկանալ եւ կորցնել մեծ գումարներ:
Պարոն Շահգելդյանը խոսել է նաեւ տրանսֆերտների մասին, որոնք, ըստ նրա, նվազել են: ՕԵԿ պատգամավորը նշել է, որ այդ պայմաններում մարդիկ չեն կարողացել հիփոթեքային վարկեր վերցնել, ուստի բազմաթիվ բնակարաններ, որոնք պետք է վաճառվեին հիփոթեքով, հայտնվել են շուկայում, ինչն ազդել է նաեւ անշարժ գույքի գնի վրա: Եթե վարկերը հիմնականում տրամադրվել են տարադրամով, դա հանգեցրել է նաեւ ազգային արժույթի արժեզրկմանը, տնտեսության դոլարայնացմանը:
Նախաձեռնության հեղինակներն ուսումնասիրել են տարբեր երկրների փորձը, պատրաստակամ են քննարկումներ ծավալել մասնագետների, քաղաքական գործիչների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Պատգամավոր Լեւոն Դոխոլյանն իր հերթին նշել է, որ Հայաստանում դրամի արժեզրկումը դոլարի եւ եվրոյի նկատմամբ բարդ իրավիճակ է ստեղծել տարադրամով վարկեր ունեցող քաղաքացիների համար:
Մասնավորապես, հազարավոր մարդիկ չեն կարողացել վճարել վարկերը, տեղի է ունեցել քաղաքացիների շարժական եւ անշարժ գույքի օտարում: Ուստի տվյալ իրավիճակում պատգամավորները կարծում են, որ անհրաժեշտ է հարցի շուտափույթ լուծում՝ պաշտպանելու համար քաղաքացիների շահերը: Ըստ նրա՝ «Օրինաց երկիրը» շրջանառության մեջ է դնում օրենքի նախագիծ, որով քաղաքացիներն իրենց կողմից վերցված արտարժույթով վարկերը կարող են վերաձեւակերպել դրամով: