National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.6.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
19.06.2014
Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 1

Հունիսի 19-ին Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվեց «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքի նախագիծը, որը սահմանում է հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառում կազմակերպելու եւ վարելու, ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու եւ ներկայացնելու միասնական հիմունքները, կարգավորում է հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառմանը վերաբերող այլ հարաբերություններ:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Սուքիաս Ավետիսյանը:

Վախթանգ Միրումյանն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց նաեւ «Տրանսֆերային գնագոյացման մասին» օրենքի նախագիծը, որը սահմանում է տրանսֆերային գնագոյացում հասկացությունը եւ այն մեթոդները, որոնց վրա հիմնվում է տրանսֆերային գնագոյացումը, ինչպես նաեւ կարգավորում է տրանսֆերային գնագոյացման հետ կապված մյուս հարաբերությունները: Ինչպես նշեց Վախթանգ Միրումյանը, օրենքը վերաբերելու է խոշոր հարկ վճարողներին. մասնավորապես՝ նրանց, ում նախորդ տարվա իրացման շրջանառությունը գերազանցել է 1 մլրդ դրամը, կամ նախորդ հաշվետու տարվա վերջի դրությամբ զուտ ակտիվները գերազանցել են 1 մլրդ դրամը կամ հաշվետու տարվա ընթացքում հանդիսացել է այնպիսի վերահսկվող գործարքի կողմ, որի գումարը գերազանցել է 1 մլրդ դրամը, կամ այն գործարարը, ով զբաղվում է մետաղական օգտակար հանածոների արդյունահանմամբ: Օրենքի ընդունումը նպատակ ունի կանխելու հարկերից խուսափելու հնարավորությունները:

Օրինագծի վերաբերյալ տեղի ունեցավ մտքերի փոխանակություն: Բոլոր ելույթ ունեցողները կարեւորեցին օրենքի անհրաժեշտությունը, այդուհանդերձ, նշելով, որ օրինագծում առկա են մի շարք հակասություններ եւ այն լրամշակման անհրաժեշտություն ունի: Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Վախթանգ Միրումյանն անդրադարձավ պատգամավորների առաջարկներին եւ դիտողություններին, նշելով, որ դրանցից շատերն ընդունելի են:

Փոխնախարարի ներկայացմամբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց նաեւ «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ոլորտի օրենսդրությունը համապատասխանեցնել Մաքսային միության օրենսդրությանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը խորհրդարանին առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը նպատակ ունի հստակեցնել հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու եւ արգելանքը վերացնելու ընթացակարգը եւ վերացնել լրացուցիչ խոչընդոտները բիզնես իրականացնելու տեսանկյունից:

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ օրենսդիրների քննարկմանը ներկայացրեց Քաղաքացիական ծառայության խորհդի նախագահ Մանվել Բադալյանը: Նա ասաց, որ օրենքում առաջարկվող սկզբունքային փոփոխությունները վերաբերում են քաղաքացիական ծառայողների ատեստավորմանը եւ ստաժին: Մասնավորապես, առաջարկվում է մեղմացնել քաղաքացիական ծառայության ոլորտում պաշտոնների նշանակման համար պահանջվող ստաժի չափերը, ինչպես նաեւ քաղաքացիական ծառայողների ատեստավորման գործընթացը փոխարինել քաղաքացիական ծառայողների աշխատանքի կատարողականի գնահատմամբ:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի ներկայացմամբ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին կառավարության մեկ այլ՝ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որի նպատակն է աջակցել փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը, մասնավորապես՝ ընտանեկան բիզնեսին, որի գործունեության իրացումից ստացված շահույթը՝ այդ կամ նախորդ տարվա, չի գերազանցում 12 մլն դրամը: Հարկային բեռի թեթեւացման նպատակով առաջարկվում է առեւտրական գործունեություն իրականացնող տնտեսվարողի շրջանառության հարկը 3,5 տոկոսից իջեցնել 1 տոկոսի: Վախթանգ Միրումյանը պարզաբանեց, որ այս փոփոխությունից կօգտվեն շուրջ 3000 փոքր եւ միջին ձեռնարկատիրությամբ զբաղված տնտեսվարողներ:

Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ ունեցան պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Վարդան Այվազյանը, Խոսրով Հարությունյանը եւ Արծվիկ Մինասյանը: ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Լեւոն Զուրաբյանը, ԲՀԿ խմբակցության տեսակետը` Միքայել Մելքումյանը: Նրանք անդրադարձան ոլորտում առկա խնդիրներին, կարեւորեցին հարկային բեռի թեթեւացմանը, գործարարության զարգացմանը, ձեռնարկատիրությամբ զբաղվողների թվի ավելացմանն ուղղված քայլերի իրականացումը, ինչպես նաեւ փաթեթի վերաբերյալ ներկայացրին իրենց առաջարկները եւ առաջինից երկրորդ ընթերցում անհրաժեշտ համարեցին փոխել որոշ ձեւակերպումներ: Ներկայացնելով ՀՀԿ խմբակցության տեսակետը՝ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ընդունելի օրինագիծ է, իսկ պատգամավորների առաջարկները կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ կառավարությունը առաջինից երկրորդ ընթերցում կվերանայի օրենսդրական փաթեթը եւ կքննարկի բոլոր մտահոգություններն ու առաջարկները:

Առաջին ընթերցումով պատգամավորները քննարկեցին «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ դրան կից 8 օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը, որը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով, թելադրված է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման իրականացման անհրաժեշտությամբ եւ ՀՀ քաղաքացիների մտահոգություններով: Օրենսդրական փաթեթը նախատեսում է 2014 թ. հուլիսի 1-ից նպատակային սոցիալական վճարների կուտակային կենսաթոշակի համակարգ գործարկել պետական հատվածի աշխատողների համար, իսկ մասնավոր հատվածի համար՝ ներդնել կամավոր, երեք տարի ժամկետում փուլային ճանապարհով: Օրինագծով սահմանվում է պետբյուջե կատարվող նպատակային սոցիալական վճար՝ 5 տոկոս դրույքաչափով: Առաջարկվում է սահմանել 500 հազար դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու: Ոչ պետական հատվածի աշխատողները կարող են կամավոր մասնակցել այս համակարգին: Նախարարը տեղեկացրեց, որ օրենսդրական փոփոխության նպատակը աշխատանքային գործունեության ընթացքում սոցիալական վճար կատարած անձանց կենսաթոշակային տարիքում պետական կենսաթոշակից բացի, կենսաթոշակային լրացուցիչ եկամուտների ստացման հնարավորության ստեղծումն է՝ ապահովելով կատարված սոցիալական վճարների եւ ստացվող կենսաթոշակի չափի միջեւ ուղղակի կապը:

ԱԺ պատգամավորներն իրենց հարցադրումներում անդրադարձան համակարգի առավելություններին եւ թերություններին, համակարգի վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացմանը, կուտակային կենսաթոշակային եւ նպատակային սոցիալական վճարների համակարգերի բովանդակային տարբերությանը, կուտակային բաղադրիչի կառավարմանը, ֆոնդերի ընտրությանը եւ կենսաթոշակային բարեփոխումներին առնչվող այլ խնդիրների, որոնց վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց Արտեմ Ասատրյանը:

Ազգային ժողովը արտահերթ նստաշրջանի աշխատանքը կշարունակի հունիսի 20-ին:


19.06.2014
«Ոստիկանության խորհրդարանական վերահսկողությունը» թեմայով միջազգային սեմինար
Հունիսի 19-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի աջակցությամբ «Էրեբունի պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ «Ոստիկանության խորհրդարանական վերահսկողությունը» թեմայով միջազգային ...

19.06.2014
Մամուլի ասուլիս Ազգային ժողովում
Հունիսի 19-ին տեղի ունեցավ «Օրինաց երկիր» խմբակցության մամուլի ասուլիսը: Խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը եւ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը անդրադարձան կուսակցության գործունեությանը վերաբերող մի քանի հարցերի: Մհեր Շահգելդյանը նշեց, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը ընտրական բարեփոխումների եւ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am