National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.6.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
19.06.2014
«Ոստիկանության խորհրդարանական վերահսկողությունը» թեմայով միջազգային սեմինար
1 / 6

Հունիսի 19-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի աջակցությամբ «Էրեբունի պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ «Ոստիկանության խորհրդարանական վերահսկողությունը» թեմայով միջազգային սեմինար:

Բացման խոսքում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը կարեւորեց ժողովրդավարական հասարակությունում ոստիկանության հաշվետվողականության ու խորհրդարանական վերահսկողության դերը, ինչը ոստիկանության արդյունավետ գործունեության, մարդու իրավունքների պաշտպանության եւ կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելու կարեւոր նախապայման է: Նրա գնահատմամբ՝ ՀՀ ոստիկանությունում վերջին տարիներին իրականացվել են շոշափելի բարեփոխումներ, որոնք շատ բանով պայմանավորված են օրենսդիր եւ գործադիր մարմինների արդյունավետ համագործակցությամբ եւ միջազգային փորձի հետեւողական կիրառմամբ: Նա տեղեկացրեց, որ միջազգային այս սեմինարին մասնակցում են օրենսդիր, գործադիր մարմինների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, հրավիրված են նաեւ ոլորտի խնդիրներին քաջատեղյակ միջազգային փորձագետներ, ովքեր կներկայացնեն ոստիկանության համակարգում բարեփոխումները շարունակական դարձնելու իրենց մոտեցումներն ու տարբեր երկրների փորձը: Կորյուն Նահապետյանը սեմինարի մասնակիցներին կոչ արեց ակտիվորեն մասնակցել քննարկումներին:

Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի «Նորանկախ երկրների ծրագրի» ղեկավար Իդեն Քոլը գոհունակությամբ արձանագրեց, որ Ժնեւի կենտրոնի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ ոստիկանության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ակտիվ համագործակցության արդյունքում անվտանգության ոլորտում բարեփոխումներ են իրականացվել, ինչը ավելի է մեծացրել ոստիկանության խորհրդարանական ու քաղաքացիական վերահսկողության անհրաժեշտությունը: Նա անդրադարձավ ոստիկանության խորհրդարանական վերահսկողության հիմնական հայեցակարգերին, համալիր կառուցվածքներին, կարեւորագույն մարտահրավերներին, բողոքարկման անկախ մարմիններ ստեղծելու խնդրին, վերահսկողության արդյունքների գնահատման մեխանիզմներին:

Լոնդոնի մետրոպոլիտեն համալսարանի համայնքային անվտանգության եւ ոստիկանության «Ջոն Գրիվ» կենտրոնի ոստիկանության եւ կրիմինոլոգիայի ավագ դասախոս, պրոֆեսոր Թիմաթի Փարսոնսը ոստիկանության կարեւոր գործառույթը համարեց քաղաքացու ու նրա հիմնարար իրավունքների պաշտպանությունը, ուստի ընդունելի համարեց բարեփոխումների այնպիսի ուղղվածությունը, որը կհանգեցնի համայնքամետ համակարգի ձեւավորմանն ու բնակչության հետ ոստիկանության ակտիվ համագործակցությանը, այնպիսի որոշումներ կայացնելուն, որոնք պատվիրակված կլինեն քաղաքացու կողմից: Այս ամենին հասնելու համար, ըստ բանախոսի, նախ եւ առաջ ոստիկանության եւ հասարակության միջեւ գոյություն ունեցող անջրպետը պետք է վերացնել եւ ապահովել աշխատանքի թափանցիկությունը, պետք է փոխել հանցավորության դեմ պայքարի առաջնահերթություններն ու միջոցները, հնարավորինս պետք է ապավինել ոչ թե ուժի գործադրմանը, այլ բանակցություններին ու առկա հակասությունները հարթելու մեխանիզմներին եւ ապահովել տվյալների հանրամատչելիությունը: Նրա գնահատմամբ՝ ոստիկանության գործունեությունն առավել արդյունավետ է, երբ օրենսդիր, գործադիր մարմինները, ոստիկանությունն ու հասարակությունը ընդհանուր հայտարարի են գալիս: Նա արդյունավետ ոստիկանական ծառայություն իրականացնելու գործում գերակա համարեց հասարակության աջակցությունն ու վստահությունը: Մեծ Բրիտանիային Նորին գերազանցության ոստիկանական տեսչության արտաքին տեղեկատվական խմբի ներկայացուցիչ Վիկ Հոգգը ներկայացրեց ոստիկանության խորհրդարանական վերահսկողության Մեծ Բրիտանիայի, իսկ Չեռնոգորիայի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության փորձագետ-խորհրդատու Սլավիս Ժեկիչը՝ Չեռնոգորիայի փորձը: Նրանք անդրադարձան իրենց խորհրդարանների օրենսդրական ու վերահսկողական գործառույթների առանձնահատկություններին եւ կարեւորեցին անկախ վերահսկողական մարմին ունենալու հանգամանքը:

Սեմինարի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ խորհրդարանականների հիմնական խնդիրներին, խորհրդարանական հանձնաժողովների, ոստիկանական ծառայության ու գործադիր մարմինների դերին ու պարտականություններին, գործակալությունների միջեւ աշխատանքի բաժանման խնդիրներին, ոլորտի կառավարման ու վերահսկողության գործում քաղաքացիական հասարակության ներգրավման հարթակներին ու մշտադիտարկման գործիքներին:

Բանախոսները պատասխանեցին նաեւ մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին ինքնուրույն որոշումներ կայացնելու ոստիկանի իրավասություններին, դրանց սահմանները իրավական նորմերով կարգավորելու անհրաժեշտությանը, խորհրդարանական եւ քաղաքացիական վերահսկողության իրականացման մեխանիզմներին եւ ոլորտի կարգավորման միջազգային փորձին:


19.06.2014
Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը
Հունիսի 19-ին Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվեց «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքի նախագիծը, որը սահմանում է հանրային հատվածի կազմակերպություններ...

19.06.2014
Մամուլի ասուլիս Ազգային ժողովում
Հունիսի 19-ին տեղի ունեցավ «Օրինաց երկիր» խմբակցության մամուլի ասուլիսը: Խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը եւ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը անդրադարձան կուսակցության գործունեությանը վերաբերող մի քանի հարցերի: Մհեր Շահգելդյանը նշեց, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը ընտրական բարեփոխումների եւ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am