Դեկտեմբերի 5-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրինագծերը: Խորհրդարանը մերժեց ՀԱԿ խմբակցության հարցապնդման վերաբերյալ որոշման նախագիծը:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի առաջարկով պատգամավորները ողջունեցին «ԱԺ բաց դռներ» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելած եւ ԱԺ նիստին հետեւող Աբովյան քաղաքի թիվ 7 հիմնական դպրոցի մանկավարժներին ու աշակերտներին:
Այնուհետեւ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» եւ դրան կից մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Առաջին ընթերցումով քննարկվեց կառավարության ներկայացրած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ առաջարկվում է օրենքի 1-ին հոդվածում «2012 թ. նոյեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2013 թ. դեկտեմբերի 1-ը» բառերով: Օրենքի գործողության ժամկետը երկարաձգելով՝ հնարավորություն կտրվի 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, վերադառնալ հայրենիք եւ ազատվել քրեական հետապնդումից:
Հարակից զեկույցում ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշեց, որ հանձնաժողովում հարցը մանրամասն քննարկվել է եւ տրվել է դրական եզրակացություն:
Առաջին ընթերցման ընթացակարգով պատգամավորները քննարկեցին «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը տեղեկացրեց, որ մինչեւ 2014 թ. հունվարի 1-ը տրված ՀՀ սովորական անձնագրերը վավերական կլինեն մինչեւ անձնագրում նշված վավերականության ժամկետի ավարտը: 2014 թ. հունվարի 1-ից այն քաղաքացիները, որոնց անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, կստանան կենսաչափական անձնագիր՝ ճամփորդելու համար եւ նույնականացման քարտ՝ հանրապետության ներսում օգտագործելու համար: Սովորական անձնագրեր ստանալու կամ փոխանակելու իրավունք կունենան մինչեւ 16 տարեկան քաղաքացիները եւ 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիները: Նախատեսվում է կենսաչափական անձնագրերի վավերականության ժամկետը 2015 թ. հունվարի 1-ից դարձնել 10 տարի՝ գործող 5 տարվա փոխարեն: Կենսաչափական անձնագրի արժեքը սահմանված է 25.000 դրամ, նույնականացման քարտինը՝ 3.000 դրամ:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը:
ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նրա խոսքով՝ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների մշակումը պայմանավորված է 2014 թ. պարտադիր կուտակային բաղադրիչի մեկնարկին կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների համար մուտքի հավասար հնարավորությունների ստեղծման, «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի ընդունումից բխող փոփոխությունը՝ կամավոր պարտադիր կուտակային բաղադրիչին միացած մասնակիցների վրա տարածելու, մասնակիցների համար ծառայությունների ծախսերը նվազեցնելու, ինչպես նաեւ ծրագրային ապահովման աշխատանքների իրականացման ժամանակ առաջացած պարտադիր կուտակային վճարների հաշվառման հետ կապված մի շարք հարցերի կարգավորման անհրաժեշտությամբ:
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը օրինագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն. այս մասին բարձրաձայնեց հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:
Պատգամավորները առաջին ընթերցմամբ քննարկեցին «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Առաջարկվում է պետական պաշտոնյաների կենսաթոշակը հաշվարկել միասնական սկզբունքով: Առանձին կատեգորիայի պաշտոնատար անձանց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում կենսաթոշակի չափը առաջարկվում է հաշվարկել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով նրանց համար սահմանված գործակցի եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի արտադրյալի չափով՝ պահպանելով գործող օրենսդրությամբ սահմանված երաշխիքները:
Հարակից զեկույցում սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշեց, որ օրենքի նախագիծը մանրամասն քննարկվել է հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն:
Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին նաեւ «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերը:
Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ քննարկեց Հովիկ Աբրահամյանի, Գալուստ Սահակյանի, Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի եւ Կարինե Պողոսյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է պաշտպանել ինչպես աշխատողների, այնպես էլ գործատուների իրավունքները եւ օրինական շահերը: Հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց օրենքի նախագծի լրամշակված տարբերակը: Հարցի քննարկումն ընդհատվեց. ավարտվեց քառօրյա նիստերի աշխատանքը:
Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հինգերորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանը հայտարարեց փակված. հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը: