«Խորհրդի հարգելի անդամներ
Շնորհակալ եմ իմ թեկնածությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրելու համար: Խիստ պարտավորեցնող է հանրապետության ամենահեղինակավոր ԲՈՒՀ-երից մեկի խորհրդի նախագահ լինելը, հատկապես, եթե նկատի ունենանք, որ հենց այս հաստատության շրջանավարտ եմ:
Ներկա փուլում բարձրագույն կրթական համակարգի զարգացումը եւ բարեփոխումները խիստ կարեւորվում են պետության կողմից: Կրթական բարեփոխումների հիմնական խնդիրն է կրթության որակի բարելավումը եւ ներկայիս աշխատանքի շուկայի պահանջներին համապատասխանող կադրերի պատրաստումը:
Նշենք, որ Տնտեսագիտական համալսարանը բարձրագույն կրթության համակարգում մեծ հեղինակություն եւ բարձր վարկանիշ ունեցող ԲՈՒՀ-երից է: Դրա վկայություն պետք է համարել այն, որ Համալսարանի կադրերը, հատկապես շուկայական հարաբերությունների ձեւավորման անցած ժամանակահատվածում, դարձան մեր երկրում իրականացվող բարեփոխումների առաջամարտիկներ ինչպես պետական կառավարման, այնպես էլ մասնավոր հատվածի կայացման ասպարեզներում:
Ազատական հարաբերություններին բնորոշ մրցակցության պայմաններում չի կարելի բավարարվել ձեռք բերված նվաճումներով, որոնք, բնականաբար, պետք է կատարելագործվեն եւ համապատասխանեն արագ փոփոխվող ժանամանակակից աշխարհի պահանջներին: Իհարկե, այս առումով անհրաժեշտ է լինել հետեւողական եւ պահանջկոտ:
Կցանկանայի բոլորիս ուշադրությունը հրավիրել մի քանի խնդիրների վրա, որոնց լուծումը, կարծում եմ, կլինի Համալսարանի հետագա գործունեության հաջողության գրավականներից մեկը.
1. Համալսարանի շրջանավարտների բարձր մասնագիտական մակարդակի ապահովումը,
2. ԲՈՒՀ-ի նյութատեխնիկական բազայի արդիականացումը,
3. Մասնագետների պատրաստման գործում միջազգային չափորոշիչներին համապատասխանեցումը,
4. Պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստումը, նրանց սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված քայլերի իրականացումը,
5. Առանձնապես կարեւորում եմ` դասավանդման նոր, միջազգային մոտեցումների ներդրումն ու կիրառումը, հատկապես գործնական հմտությունների ուժեղացումը, բարդ իրավիճակներում արագորեն կողմնորոշվելու կարողությունների ընդլայնումը, տեսական եւ պրակտիկ գիտելիքների համադրումը, ինքնուրույն աշխատանքների խրախուսումը:
Դրանք կրթության որակի բարձրացման եւ ժամանակակից մասնագետների պատրաստման լավագույն միջոցն են:
Կրթական բարեփոխումների համատեքստում, իհարկե, անհրաժեշտ են նաեւ օրենսդրական որոշակի փոփոխություններ: Կցանկանայի նշել, որ գործող օրենսդրական դաշտը հաճախ չի համապատասխանում կրթական նոր համակարգի, մասնավորապես կրեդիտային համակարգի պահանջներին, եւ այստեղ առաջանում են որոշակի դժվարություններ:
Համոզված եմ, որ նախորդ տարիներին սկսված կրթության որակի բարձրացման եւ գիտահետազոտական աշխատանքների ակտիվացման ռազմավարությունը կլինի շարունակական: Վստահ եղեք, համատեղելով մեր ջանքերն ու հնարավորությունները, միասին կկարողանանք հասնել ցանկալի արդյունքի:
Ինքս կօգտագործեմ բոլոր հնարավորություններս այդ գործընթացին նպաստելու համար:
Շնորհակալություն»: