National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.2.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28
 
06.02.2009
Տեղի ունեցան խորհրդարանական ճեպազրույցները

Փետրվարի 6-ին խորհրդարանում հավատարմագրված լրագրողների համար չորրորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի վերջին քառօրյայի աշխատանքներն ամփոփեցին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: Հարցերն առնչվում էին Ռուսաստանի կողմից Հայաստանին 500 մլն. դոլար վարկ տրամադրելուն, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գեւորգ Մհերյանի սպանությանը, «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծին, քաղաքապետի ընտրություններին եւ այլն:

Անդրադառնալով փետրվարի 3-ին իր բնակարանի մուտքի մոտ հրազենից արձակած կրակոցներից մահացած ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գեւորգ Մհերյանի սպանությանը` ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ սպանությունը վատ ազդեցություն ունեցավ հասարակության վրա, քանի որ սպանվածը ոչ միայն անձ էր, այլեւ պետական բարձրաստիճան պաշտոնյա: Նա խորհուրդ տվեց սպասել, մինչ իրավապահ կառույցների կողմից լինեն համապատասխան մոտեցումներ: ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը դատապարտեց կատարվածը` նշելով, որ իրավապահ մարմիններին սպանությունը արագ բացահայտելու հանձնարարական կա: Հնարավոր վարկածներին անդրադառնալը նա ճիշտ չհամարեց, քանի որ չկա հստակ տեղեկատվություն: Տիկին Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ-ն հետեւողական է լինելու, պարբերաբար դիմելու է իրավապահ մարմիններին` նման գործերով քննությունը պարզելու համար: ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը նշեց, որ իրենք դատապարտում են նման արարքը: Պարոն Մարգարյանը կոչ արեց հետեւողական լինել, քանի որ յուրաքանչյուր չբացահայտված հանցագործություն ծնում է նոր հանցագործություն: ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը խստորեն դատապարտում է նման արարքը: Ըստ պարոն Կարապետյանի` նման ոճրագործություններն առաջացնում են վախի եւ հուսահատության զգացում ապագայի նկատմամբ: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ դատապարտում է հայ երիտասարդի անժամանակ մահը: Ըստ նրա` իրավապահ համակարգը մասնագիտական եւ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում մեծ աշխատանքներ չի իրականացնում:

Խոսելով Ռուսաստանի կողմից Հայաստանի Հանրապետությանը 500 մլն դոլարի վարկ տրամադրելու մասին` ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ վարկի դիմաց Ռուսաստանի կողմից քաղաքական պահանջների մասին խոսք չկա, ֆինանսատնտեսական ճգնաժամի խնդիրների համար հատկացված վարկը վերադարձվելու է: ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը ներկայացրեց ՀՀ իշխանությունների եւ ԲՀԿ-ի դիրքորոշումները Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հարցում: Ըստ նրա` Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, կա համագործակցություն ՀԱՊԿ-ի շրջանակներում, ՀՀ-ի դիրքորոշումները տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ հայտնի են, ընդունելի են Ռուսաստանի համար, քանի որ ակտիվ են եւ սկզբունքային: Նրա կարծիքով` ռազմավարական գործընկերությունը ՌԴ-ի հետ ավելի է ամրապնդվելու: «Ես կարծում եմ, որ չեն լինի անակնկալներ, որոնք կպահանջեն Հայաստանի արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխություններ»,- փաստեց պարոն Սաֆարյանը: «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ եթե ստացվել է գումար-վարկ, ապա պետք է վերադարձնել եւ վարկի տրամադրման որեւէ նախապայման չէր կարող լինել: ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը նշեց, որ Ռուսաստանի հետ Հայաստանը ռազմավարական դաշնակից է եւ շատ բնական է, որ ծավալվում է փոխշահավետ համագործակցություն: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ եղել է ինչ-որ նախապայման, քանի որ այս ժամանակներում որեւէ մեկը  վարկ չի տրամադրում:

Կա արդյո՞ք Հայ Առաքելական եկեղեցուն ռեգրեսիվ միջոցներով այլ կրոններից պաշտպանելու անհրաժեշտություն եւ ինչի՞ն է միտված «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը հարցադրմանը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ պետությունը ռեգրեսիվ միջոցներով ոչ մի քայլ չի պատրաստվում կատարել: Նա, կարեւորելով «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, ընդգծեց, որ հոգեորսությունը նույնքան հանցագործություն է, որքան մյուս հանցագործությունները: ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը նշեց, որ Հայ Առաքելական եկեղեցու պատմական դերի գնահատումը եւ հավուր պատշաճի ներկայացնելը վերոնշյալ օրինագծում հայ ժողովրդի հարգանքն ու վերաբերմունքն է ազգային եկեղեցու նկատմամբ: Նրա գնահատմամբ` եկեղեցին մշտապես, անգամ պետականության բացակայության պայմաններում, հայ ժողովրդի ներկայացուցիչն է եղել արտերկրում: Նրա համոզմամբ` օրինագծով հայ եկեղեցուն ռեգրեսիվ դեր չի վերագրվում, փորձ է արվում պաշտպանել հայ ժողովրդի իրավունքները եւ շահերը 21-րդ դարում: «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կարեւորեց «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի ընդունումը: ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը հոգեորսություն անվանեց այն արարքը, երբ մարդու վրա բարոյական եւ հոգեւոր ճնշում է գործադրվում` ստիպելով փողոցում վերցնել ու կարդալ այս կամ այն գիրքը: «Ժառանգություն» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը նշեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը դեմ է նման տարբերակով օրենքի ընդունմանը: Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ առաջարկված օրինագծով փորձ է արվում իջեցնել առաքելական եկեղեցու դերը:

Պատգամավորներն անդրադարձան նաեւ ՀՀ Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքի նախագծի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը: Արամ Սաֆարյանը նշեց, որ ԵԽԽՎ-ն 1643 բանաձեւում հստակ նշել է մինչ ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջան Հայաստանում ծավալվող քաղաքական գործընթացների ընթացքը: Տեղեկացվեց, որ տեղի է ունեցել ՀՀ Քրեական օրենսգրքի 300 եւ 225 հոդվածները փոփոխող հանձնաժողովի աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, երկու ամսվա ընթացքում պետք է երաշխիքներ տրվեն, եւ Ազգային ժողովը պետք է ձեռնամուխ լինի օրենքների վերանայմանը եւ փոփոխությանը: ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, որ աշխատանքային խմբի որդեգրած արագ աշխատաոճը հնարավորություն կտա նախանշված ժամկետից շուտ վերանայել վերոնշյալ հոդվածները: Նշվեց, որ հոդվածներում քաղաքական բաղադրիչը իրավական բաղադրիչից հստակ տարանջատելու խնդիր կա: ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանը նշեց, որ իրավական տեսանկյունից այդ հոդվածներում պետք է ավելի հստակեցվեն ձեւակերպումները եւ համապատասխանեցվեն եվրոպական չափանիշների հետ: «Ժառանգություն» խմբակցության անդամ Վար‎դան Խաչատրյանը նշեց, որ խնդիրը հոդվածներում փոփոխություններ կատարելը չէ, այլ անմեղ մարդկանց որեւէ հոդվածով չդատելը: 
  
Անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազի եւ չորս ազատազրկված պատգամավորների մասնակցությամբ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքին, «7-ի գործով դատավարությանը»` ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ անազատության մեջ գտնվողների վիճակը չի կարող քաղաքական շահարկումների եւ քաղաքական դիվիդենտներ ձեռք բերելու առիթ դառնալ: Պարոն Սահակյանը փաստեց, որ ՀՀԿ-ն հետեւելու է գործընթացներին, փորձելու է նպաստել հասարակության մեջ արդարության եւ օրենքի շրջանակներում մոտեցումների ձեւավորմանը: Նա գտնում է, որ ԱԺ-ն դատական մարմնի լիազորություններ չի կարող իր վրա վերցնել, իշխանական որեւէ կողմ չի կարող ճնշումներ գործադրել դատարանի վրա: Նրա համոզմամբ` յուրաքանչյուր մարդ իրեն պետք է ճանաչի պետության քաղաքացի եւ այդ տեսանկյունից դատական նիստի ժամանակ ոտքի կանգնելը միայն դատական համակարգի նկատմամբ հարգանքի նշան չէ, այլ բարեկրթություն է: «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը գտնում է, որ դատական գործընթացի ընթացքում ստորագրահավաք կազմակերպելը չի կարող որեւէ բան փոխել: Ըստ տիկին Բիշարյանի` գնահատական տվողը եւ պարզաբանումներ կատարողը դատական մարմիններն են: ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը նշեց, որ անհրաժեշտ է սպասել դատական գործընթացի ավարտին: Գլխավոր դատախազին ԱԺ հրավիրելու ստորագրահավաքին չմասնակցելը ՀՅԴ անդամ, ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը բացատրեց այն հանգամանքով, որ եթե ընթանում է դատավարություն, ապա օրենքով չի կարող փոխվել խափանման միջոցը: Նշվեց, որ ստորագրահավաքը ապօրինի էր, այն քաղաքական շոու էր:

Անդրադառնալով քաղաքապետի ընտրություններին` ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ կոալիցիայում քաղաքապետի ընտրություններին առնչվող քննարկումներ չեն եղել, երբ քննարկվի, կհստակեցվի նաեւ ԲՀԿ-ի մասնակցությունը: ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը նշեց, որ դեռ վաղ է խոսել քաղաքապետի ընտրություններ անցկացնելու ժամկետների մասին: «Ժառանգություն» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանի խոսքով` առայժմ նման հարց չի քննարկել «Ժառանգություն» կուսակցության վարչությունը եւ երբ ճշտված կլինի քաղաքապետի ընտրության ժամկետի հարցը, կուսակցությունը հանդես կգա իր թեկնածուով:


06.02.2009
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվելու կապակցությամբ
«Խորհրդի հարգելի անդամներ Շնորհակալ եմ իմ թեկնածությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրելու համար: Խիստ պարտավորեցնող է հանրապետության ամենահեղինակավոր ԲՈՒՀ-երից մեկի խորհրդի նախագահ լինելը, հատկապես, եթե նկատի ունենանք, որ հենց այս հաստատության շ...

06.02.2009
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ ընտրվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը
Փետրվարի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի  նիստ: Նիստին մասնակցում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ՀՊՏՀ խորհրդի անդամ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը տեղեկացրեց, որ նիստի  օրակարգային առաջին հարցը  ՀՊՏՀ խորհրդի...

06.02.2009
Երկօրյա այցով Հայաստան կժամանի Լեռնային Ղարաբաղի հարցերով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյորան Լենմարկերի գլխավորած պատվիրակությունը
Փետրվարի 9-ին երկօրյա այցով Հայաստան կժամանի ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվավոր նախագահ, Լեռնային Ղարաբաղի հարցերով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյորան Լենմարկերի գլխավորած պատվիրակությունը:Խորհրդարանում պատվիրակությանը  կընդունի ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը:  Հանդիպումներ...

06.02.2009
ԳԴՀ դեսպանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում
Փետրվարի 6-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին:Տիկին Անդրեա Վիկտորինը շնորհակալություն հայտնելով հր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am