National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.12.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
07.12.2008
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը այցելեց Վանաձոր եւ Շիրակամուտ

88-ի աղետալի երկրաշարժի 20-ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը եղավ Վանաձորում եւ Շիրակամուտում: Պատվիրակության կազմում էին պատգամավորներ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը, ‎ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Երկրաշարժի 20-ամյակի տարելիցին Վանաձորում էին նաեւ 88-ի դեկտեմբերյան օրերին Հայաստան եկած շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչները: Արարողություններին մասնակցում էր Վրաստանի այն ժամանակվա կոմկուսի գլխավոր քարտուղար Պատիաշվիլին, ով արդեն դեկտեմբերի 7-ին հասել էր Գյումրի:

Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում բացվել է Ռոբերտ Արամյանի եւ Համազասպ Խաչի լուսանկարների ցուցահանդեսը: Լուսանկարները չափազանց խոսուն ներկայացնում են 20 տարի առաջվա ողբերգական պատկերը:
ԱԺ նախագահը եւ պատվիրակության անդամները լուսանկարները դիտելուց հետո մշակույթի պալատում մեկ րոպե լռությամբ հարգանքի իրենց տուրքը մատուցեցին երկրաշարժի զոհերի հիշատակին, այնուհետեւ ունկնդրեցին Գյումրիի Յոթ վերք եկեղեցում մատուցված պատարագի ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը: Վանաձորի մշակույթի պալատում նաեւ հնչեց Պերգոլեզիի «Ստաբատ մատերը»` քաղաքապետարանի կամերային երգչախմբի եւ նվագախմբի կատարմամբ:

Լրագրողների խնդրանքով օրվա խորհրդին անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց. «20 տարի առաջ այս օրը Հայաստանում մեծ երկրաշարժ տեղի ունեցավ, զոհվեց 25 հազար մարդ, հազարավորնեը վիրավորվեցին, տասնյակ հազարավորները կորցրեցին իրենց տանիքը: Դա մեծ դժբախտությունն էր մեր ժողովրդի համար եւ ամբողջ աշխարհը շտապեց օգնելու հայ ժողովրդին: Կորուստները մեծ էին եւ գերհզոր երկրի համար անգամ կարող էր խնդիր լինել ավերածությունները վերականգնելը: Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում աշխատող շինարարական կազմակերպությունները հեռացան եւ աղետի գոտին վերականգնելու բեռը ծանրացավ Հայաստանի իշխանությունների ուսերին: Եթե հիշում եք` այդ օրերին Հայաստանի տարածքում  կործանվեց նաեւ հարավսլավական մի ինքնաթիռ, որը օգնություն էր հասցնում աղետից տուժած հայ ժողովրդին: 

Իշխանություններն ամեն տարի փորձում են թեթեւացնել անօթեւանների խնդիրները, փորձում են աջակցել երկրաշարժի ժամանակ իրենց բնակարանները կորցրած մարդկանց: Միայն վերջին տարիների ընթացքում կառուցվել են բազմահազար բնակարաններ: Բայց այսօր նույնպես ունենք տնակներում ապրողներ:  Կառավարության եռամյա ծրագրում 71 միլիարդ դրամի շինարարություն  է նախատեսվում իրականացնել: Կառուցվելու է 600 հազար քառ. մետր բնակելի տարածք եւ բաժանվելու է անօթեւաններին: Այսուհետ եւս ԱԺ-ի ուշադրության կենտրոնում են լինելու այդ ուղղությամբ բյուջետային հատկացումները եւ մենք փորձելու ենք ավելի մեծ գումարներ բյուջեով հատկացնել երկրաշարժից տուժած տարածքներում հետեւանքները վերացնելուն: 

Համոզված եմ, որ 2012թ-ին այլեւս տնակներում ապրողներ չենք ունենալու: Սա մեր պետության, երկրի նախագահի, կառավարության խնդիրն է: Օգտվելով առիթից, ես իմ զորակցույթունն եմ հայտնում բոլոր զոհվածների հարազատներին ու բարեկամներին: Սա ոչ միայն նրանց, այլ նաեւ ողջ հայ ժողովրդի վիշտն է»:

Վանաձորի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում կառուցված հուշաքարին ծաղկեպսակ դնելուց հետո պատվիրակությունը ուղեւորվեց Շիրակամուտ, որ 88-ի երկրաշարժի էպիկենտրոնում էր:

Նախկին Նալբանդում եւս պսակ դրվեց երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա ԱԺ նախագահը մասնակցեց Շիրակամուտի միջնակարգ դպրոցի բակում կառուցված հուշարձանի բացմանը: Հուշարձանը նվիրված է դպրոցի երկրաշարժից զոհված ուսուցիչների հիշատակին` մասնավորապես Երանոսյանների, որ աշակերտների հետ զոհ են գնացել 88-ի դեկտեմբերի 7-ին:  




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am