National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.11.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
27.11.2008
Խորհրդարանն ընդունեց «2009 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը
Նոյեմբերի 27-ին ՀՀ  Ազգային ժողովը շարունակեց կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը, որոնց թվում նաեւ` առաջին ընթերցման ընթացակարգով քննարկված «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրինագծերի փաթեթը: Քվեարկությունից առաջ  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատգամավորներին իրազեկեց, որ փաթեթի վերաբերյալ քննարկում է եղել ՀՀ վարչապետի հետ, հաշվի են առնվել պատգամավորների հարցադրումներն ու առաջարկությունները, կատարվել են փոփոխություններ: Աժ նախագահի պարզաբանմամբ` դատավորների աշխատավարձերի բարձրացումը հիմնավորվում է դատաիրավական բարեփոխումների իրականացումով, կատարված փոփոխությունը եւ լրացումները ուժի մեջ են մտնում 2009 թ. հունվարի 1-ից եւ գործելու են մինչեւ 2009 թ. դեկտեմբերի 31-ը:  Պայմանավորվածության համաձայն` ՀՀ կառավարությունը խոստացել է մարտ-ապրիլին Ազգային ժողով ներկայացնել  հայեցակարգ` համալիր կերպով նախատեսելով քաղծառայողների եւ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի դրույքաչափերը:
  
Ապա խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության հեղինակած «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը: Ի թիվս այլ փոփոխությունների`  սահմանվում է, որ 2009 թվականի հունվարի 1-ից երրորդ եւ հաջորդ երեխաների ծննդյան համար տրվող միանվագ նպաստը կկազմի 430 հազար դրամ: Ի տարբերություն ներկա կարգի, այդ նպաստն ստանալու իրավունք կունենան բոլոր ընտանիքները` անկախ սոցիալական վիճակից եւ խավից: Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ կառավարության կողմից միանվագ նպաստ կստանան նաեւ 2008 թվականի հուլիսի 1-ից հետո ծնված երեխաները: Օրինագծով նախատեսված մեկ այլ փոփոխության համաձայն` կմեծացվեն սոցիալական աջակցության խորհուրդներին տրվող իրավունքները. ըստ պարոն Համբարձումյանի, լինում են դեպքեր, երբ տվյալ ընտանիքին ցուցաբերվող աջակցությունը հրատապ է լինում:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն ասաց, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:  Նույն օրը օրինագիծը քննարկվեց նաեւ երկրորդ ընթերցման ընթացակարգով:

Խորհրդարանը երրորդ ընթերցման ընթացակարգով քննարկեց նաեւ «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններին բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով, որի վերաբերյալ եւս ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ եւս քննարկեցին «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
 
Օրինագծի առնչությամբ ելույթներ ունեցան պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանը եւ Լարիսա Ալավերդյանը, ովքեր դեմ արտահայտվելով օրինագծին, կարծիք հայտնեցին, թե խախտվել է արդարության սկզբունքն այն պարագայում, երբ առանձին մոտեցմամբ բարձրացվում է դատական մարմինների ղեկավար աշխատողների աշխատավարձը:

«Ժառանգություն» խմբակցության անունից ելույթ ունեցավ Ստեփան Սաֆարյանը` նշելով, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու օրինագծին: Ըստ նրա` անարդար է, երբ կենսաթոշակները եւ նպաստները չեն բարձրացվում եւ առանձին բարձրացվում են դատական համակարգի ղեկավար աշխատողների աշխատավարձերը:

ՀՅԴ խմբակցության դրական տեսակետը ներկայացրեց Արծվիկ Մինասյանը: Անդրադառնալով ընդդիմության հնչեցրած տեսակետներին, պարոն Մինասյանը գործընկերներին  առաջարկեց համատեղ գործել եւ կառավարությունից պահանջել, որ տեր լինի խոստմանը եւ կենսագործի:
 
ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Վարդան Այվազյանը, ով եւս անդրադառնալով ընդդիմադիր գործընկերների ելույթներին, նշեց, որ դատավորների աշխատավարձերի բարձրացումը մեկ տարով է իրականացվում եւ անհրաժեշտ է, որ հետեւողականորեն իրականացվեն դատաիրավական համակարգում սկսված բարեփոխումները: Նշվեց, որ ՀՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու ներկայացված օրինագծին:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանն ասաց, որ կառավարության տեսակետը եւս համընկնում է հնչեցված կարծիքներին, որ չպետք է առանձին մոտեցում ցուցաբերվի առանձին մարմինների նկատմամբ: Ըստ նրա, դատավորների աշխատավարձերի այսօրինակ բարձրացումը բխում է դատաիրավական բարեփոխումների գաղափարից, կոչված է նաեւ  համակարգի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

Արտահերթ նիստում խորհրդարանն անդրադարձավ «ՀՀ 2009 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի  քննարկումն ընդհատվել էր ըստ Աժ կանոնակարգի: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը ներկայացնելով 2009 թվականի պետական բյուջեի վերջնական տարբերակը, նշեց, որ հիմնական ցուցանիշները պահպանվել են: Պետական բյուջեի նախագծով ծախսերը կլինեն 945,4 մլրդ դրամ, եկամուտները կլինեն 905,4 մլրդ դրամ, դեֆիցիտը կկազմի 40 մլրդ  դրամ: Խորհրդարանի խմբակցությունները, մշտական հանձնաժողովները, անհատ պատգամավորները ներկայացրել են 534 առաջարկություն, որոնցից ամբողջությամբ կառավարությունն ընդունել է 177-ը: 84 առաջարկության վերաբերյալ տրվել են պարզաբանումներ, 173 առաջարկություններ առանձնացվել են եւ կքննարկվեն հետագա տարիների բյուջեները կազմելիս: Պարոն Դավթյանը նշեց նաեւ, որ կառավարությունը կատարել է որոշ փոփոխություններ եւ նախատեսել, որ եկամուտները կավելանան 1,5 մլրդ դրամով, ծախսերը կավելանան 3,8  մլրդ դրամով, 1,4 մլրդ դրամով կնվազեն դրամաշնորհներից ակնկալվող գումարները: Ամփոփելով ելույթը, Տ. Դավթյանը նշեց, որ ցածր դեֆիցիտը բավականին լուրջ հնարավորություն է տալիս տնտեսական ճգնաժամի հնարավոր ազդեցությունները մեղմելու առումով եւ ստեղծում է մեկնարկային լավ պայմաններ` 2009 թ. տնտեսության զարգացման համար:

ՕԵԿ խմբակցության տեսակետը «2009 թ. պետական բյուջեի մասին» օրինագծի վերաբերյալ ներկայացրեց խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը` նշելով, որ ՕԵԿ-ի` մարզերի եւ գյուղաբնակ վայրերի զարգացմանը, ճանապարհաշինությանը, դպրոցաշինությանը  միտված առաջարկներն ընդ գրկվել են «2009 թ. պետական բյուջեի մասին» օրինագծում եւ ՕԵԿ կուսակցության բարձրաձայնած խնդիրներից շատերը բյուջեի նախագծում լուծվում են: Նա կարեւորեց բյուջեի նախագծով ավանդների վերադարձմանը հատկացված գումարների 300 միլիոնով ավելացումը, անվճար ծննդօգնությունը, բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացումը, առանց սոցիալական խտրականության երրորդ եւ ավելի երեխայի ծնվելու դեպքում 430.000 դրամի միանվագ տրամադրումը, մանկավարժների աշխատավարձերի շարունակական բարձրացումը, աղետի գոտու վերականգնման եւ բնակարանաշինության համար հատկացումների աճը: Տիկին Բիշարյանը դեռեւս չլուծված խնդիրների շարքում մատնանշեց մարզադպրոցների ու մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի համապատասխանեցումը հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձերին, նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումը: Խմբակցության ղեկավարը նշեց,  որ ՕԵԿ-ը կողմ է քվեարկելու նախագծի ընդունմանը:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, ներկայացնելով ՀՅԴ տեսակետը բյուջեի նախագծի նպատակային եւ կառուցվածքային ցուցանիշների ու համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանին սպառնացող վտանգներին դիմագրավելու գործողությունների վերաբերյալ, տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն եւս կողմ է քվեարկելու նախագծին: Նշվեց, որ  խմբակցության պատգամավորների առաջարկները վերաբերել են գյուղաբնակ վայրերի եւ հեռավոր մարզերում կրթական ու մշակութային կենտրոնների հիմնանորոգմանը, սոցիալական կյանքի բարելավմանը: Պարոն Մինասյանը, կարեւորելով ծրագրային բյուջետավորման գործընթացի շարունակականությունը, ծախսերի մասով բյուջեի սոցիալականացման աստիճանի բարձրացումը, մտահոգիչ համարեց հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցածր մակարդակը, շահաբաժինների մասով այլ եկամուտների մուտքերի ոչ բավարար լինելը: Նա առաջարկեց կառավարությանը դիվերսիֆիկացնել տնտեսությունը` հաշվի առնելով համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները: ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչը գտնում է, որ անխուսափելի է մակրոտնտեսական քաղաքականության մեջ համախառն պահանջարկի ծախսումների քաղաքականության խրախուսումը, արտահանման խրախուսման շրջանակներում արտաքին շուկաների նվաճման քաղաքականությունը:

ԲՀԿ խմբակցության տեսակետը բարձրաձայնեց խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը` գոհունակություն հայտնելով 2009 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների որակի ու խորհրդարան-կառավարություն արդյունավետ համագործակցության համար: ԲՀԿ-ականների առաջարկությունները մեծամասամբ հաշվի են առնվել բյուջեի նախագծում: Պարոն Սաֆարյանը հավատում է 2009 թ-ի ընթացքում բյուջեի եկամուտների հաջող հավաքման դեպքում աշխատավարձերի հետեւողական բարձրացման խնդրին անդրադառնալու կառավարության խոստմանը: Նա համոզված է, որ 2009 թ. գլոբալ ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի վատթար հետեւանքների հաղթահարման դեպքում կառավարության խոստումները կարող են իրականություն դառնալ: Պարոն Սաֆարյանը նշեց, որ ԲՀԿ-ն եւս կողմ է քվեարկելու նախագծին եւ շարունակելու է աշխատել հասարակության կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ:

Ելույթ ունենալով «ՀՀ 2009 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց. «Նախ թույլ տվեք ողջունել ՀՀ կառավարության ներկայացրած 2009 թ. պետական բյուջեի նախագիծը եւ դրական գնահատել բյուջեի շուրջ ծավալված քննարկումները: Կցանկանայի շեշտել, որ 2009 թ. պետական բյուջեի նախագիծը շահեկանորեն տարբերվում է նախորդ տարիների բյուջեներից մի քանի հատկանիշներով:

Պետք է արձանագրել, որ նախորդ տարիների համեմատ նվազագույնի է հասցված պետական բյուջեի դեֆիցիտ, ու բացի դա՝  շոշափելիորեն կրճատվել է դեֆիցիտի ֆինանսավորման մեջ արտաքին աղբյուրների տեսակարար կշիռն ու  համապատասխանաբար ավելացել է դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրների չափաբաժինը: Համեմատության համար նշենք, որ ընդամենը յոթ տարի առաջ պետական բյուջեի դեֆիցիտն ամբողջությամբ (100%-ով) ֆինանսավորվում էր արտաքին աղբյուրների, ավելի կոնկրետ՝ Համաշխարհային բանկի կառուցվածքային բարեփոխումների աջակցության վարկերի՝ ՍԱԿ-երի հաշվին:

Առաջին անգամ եկամուտների հավաքագրումը ծրագրված է հասցնել խիստ բարձր նիշի` 905,4 մլրդ դրամի, ինչը նշանակում է, որ արդեն իսկ որակված՝ կայուն զարգացման բյուջեն ունի կատարման հստակ երաշխիքներ:

Կան նաեւ այլ դրական արդյունքներ եւ ձեռքբերումներ, որոնց վերջին օրերի քննարկումներին թե՛ մշտական հանձնաժողովներում եւ թե՛ լիագումար նիստում անդրադարձել են իմ գործընկերները, եւ որոնք կրկնելու անհրաժեշտություն  չեմ տեսնում։

Այժմ, սակայն, մի քանի  նկատառումների եւ մտահոգությունների վերաբերյալ:

Մենք գտնում ենք, որ ՀՀ կառավարության մեր գործընկերներին մեծապես օգնած կլինենք ոչ միայն ավանդաբար հնչող գովեստի խոսքերով, այլեւ՝ մատնանշելով տեղ գտած թերություններն ու մեր կողմից առաջարկելով դրանց առավել  արդյունավետ  լուծումներ:

Հիշեցնեմ, որ ներկայացված բյուջեն  2008 թ. ՀՀ նախագահական ընտրություններից հետո, ինչպես նաեւ ՀՀ նոր կառավարության եւ ՀՀ Ազգային ժողովի նոր ղեկավարության օրոք ներկայացված առաջին բյուջեի նախագիծն է:  Եվ քանի որ պետական բյուջեն իրենից ներկայացնում է կառավարության եւ կոալիցիայի տնտեսական ծրագրի իրականացման հստակ մեխանիզմ` մեկ տարվա կտրվածքով, կարեւոր է, որ այն հանդիսանա տնտեսության զարգացման հեռանկարային ծրագրի փուլերից մեկը եւ ուղղակիորեն բխի ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի, կառավարության հռչակած տնտեսական քաղաքականության գերակա ուղղություններից եւ հիմնական թիրախներից:  Մասնավորապես, պետական բյուջեի համապատասխան բաժիններում կարող էին առավել  համարժեք արտացոլված լինել կառավարության հռչակած` Հայաստանը ֆինանսական, կրթական, առողջապահական կենտրոնի վերածելու կարեւորագույն նպատակները:

Միաժամանակ, ՀՀ կառավարությունը հռչակել է 2009 թ. սկսել այնպիսի կարեւորագույն ծրագրերի իրագործում, ինչպիսիք են Համահայկական բանկի ստեղծումը, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը եւ ազատ տնտեսական գոտիների ստեղծումը «Զվարթնոց» եւ «Գյումրի» օդակայաններում, որոնք նույնպես ակնկալվում էր տեսնել 2009 թ. պետական բյուջեի նախագծում:  Վերջապես, ցանկալի է, որ ՀՀ կառավարությունը հենց բյուջեի նախագծում արտացոլեր միջոցառումների այն ցանկը, որ պատրաստվում է իրականացնել չեզոքացնելու համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետեւանքները Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա։ Ինչպես նաեւ՝ խթանելու հայրենական արտադրությունը, որի մասին եւս վերջին շրջանում լուրջ քննարկումներ են ընթանում: Կարծում եմ, այս իմաստով պետական բյուջեի ներկայացված նախագծում հիշատակված գործոնները հաշվի առնելով անհրաժեշտ էր կատարել եկամուտների եւ ծախսերի համեմատաբար նոր վերահաշվարկ:

Այս ամենով հանդերձ, կատարված է ծավալուն եւ լուրջ աշխատանք:  2009 թ. պետական բյուջեի իրականացումը կարող է էական դեր խաղալ ՀՀ ԱԺ կողմից հաստատած կառավարության ծրագրի իրականացման համար, որով պետությունը ստանձնել է հասարակության յուրաքանչյուր անդամի համար անվտանգ, արժանավայել կյանքի եւ ինքնարտահայտման հնարավորության երաշխավորում, երկրի ներքին եւ արտաքին անվտանգության ապահովում եւ օրենքով սահմանված կարգով սոցիալական ապահովության կարիք ունեցող հասարակության անդամների նվազագույն անհրաժեշտ կարիքների բավարարում: Ավելին, այն կնպաստի կյանքի կոչելու հռչակած գերակայությունները` ազգային անվտանգության եւ ակտիվ տնտեսական քաղաքականության միջոցով կայուն զարգացման ապահովման, արդյունավետ պետական, տեղական ինքնակառավարման եւ մասնավոր հատվածի կառավարման համակարգի ձեւավորման եւ կորպորատիվ կառավարման մշակույթի արմատավորման, կրթության եւ գիտության զարգացման, տարածքային համաչափ զարգացման եւ Հայաստանի քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության ապահովման ուղղությամբ:

ՀՀ կառավարության հետ ՀՀ Ազգային ժողովի արդյունավետ աշխատանքի արդյունք եմ համարում նվազագույն աշխատավարձի եւ կենսաթոշակների բարձրացումները:  Վստահ եմ, որ համատեղ աշխատանքով շատ շուտով կկատարվի կենսապահովման նվազագույն զամբյուղի իրատեսական հաշվարկ, որն էլ հաշվի կառնվի նվազագույն աշխատավարձի եւ կենսաթոշակների նվազագույն շեմը սահմանելիս:  Սա իր հերթին թույլ կտա գործուն քայլերով իրականացնել «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը»:

Օրենսդրական հիմքերի բարելավման եւ արդյունավետ տնտեսական քաղաքականության, մեր երկրի տնտեսության մրցունակության աճի արդյունքում կարող ենք հասնել նաեւ արտաքին առեւտրում ներմուծման համեմատ արտահանման առաջանցիկ աճի ապահովման, որն իր հերթին կհանգեցնի պետական բյուջեի եկամտային մասում ուղղակի հարկերի տեսակարար կշռի աստիճանական աճին եւ դրա գերակշռությանը` անուղղակի հարկերի համեմատ։ Ինչպես նաեւ` կապահովի համախառն ներքին արդյունքի`նկատմամբ հարկային եկամուտների ընդհանուր ծավալի շոշափելի ավելացումը։

Այս ամենը թույլ կտա նաեւ ավելացնել ինչպես առողջապահության, սոցիալական ապահովության, այնպես էլ մեզ համար գերակա  նշանակություն ունեցող ոլորտի` գիտության ֆինանսավորման ծավալները:

Համոզված եմ, որ իշխանության բոլոր թեւերը եւ դրանցում ներկայացված քաղաքական ուժերն ունեն մեկ նպատակ եւ ծառայում են մեկ ընդհանուր գործի` երկրի անվտանգության ամրապնդմանն ու տնտեսության զարգացմանը:  Այս առումով, որպես ՀՀ Ազգային Ժողովի նախագահ, կարեւորում եմ «2009 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի ներկայացված նախագիծը եւ վստահ եմ, որ այն կնպաստի մեր առջեւ դրված խնդիրների արդյունավետ լուծմանը,  ուստի կոչ եմ անում կողմ քվեարկել 2009 թ. պետական բյուջեի նախագծին, հաստատել այն եւ շարունակել օրենսդիր ու գործադիր մարմինների սերտ համագործակցությունը, որի դրական արդյունքները, վստահ եմ, իրենց երկար սպասել չեն տալու»։

Եզրափակիչ ելույթում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով շահագրգիռ քննարկումների համար, հավաստեց, որ գործադիրը քննարկել է պատգամավորների բոլոր առաջարկությունները եւ փորձել արձագանքել դրանց: Պարոն Սարգսյանն անդրադարձավ պատգամավորներին մտահոգող հարցադրումներին եւ բյուջեի նախագծի հիմնադրույթներին. «2009-ի բյուջեի նախագիծը հիմնված է միջինժամկետ ծրագրի վրա: Միջինժամկետ  ծախսային ծրագիրն արտացոլում է կոալիցիայի նախընտրական ծրագրերը, ինչպես նաեւ ՀՀ նախագահի նախընտրական ծրագրերը, այսինքն` այն թիրախները, որ դրված են կառավարության առջեւ, միջինժամկետ ծախսային ծրագրում արտացոլված են եւ բյուջեն կազմված է` ելնելով այդ ցուցանիշներից: Հարցը, որ բոլորին մտահոգում է` արդյո՞ք համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պարագայում կառավարությունը  ընտրել է ճիշտ ռազմավարություն եւ արդյո՞ք այդ ռազմավարությունը ունի այլընտրանք: Ո՞րն է այդ ռազմավարությունը. մենք նախապատվությունը տալիս ենք մակրոտնտեսական կայունության ապահովմանը, ինչը բարձրացնում է մեր երկրի դիմադրողականությունը տարբեր փորձություններին: Երկրորդ` մենք նախապատվությունը տալիս ենք ֆինանսական կայունության ապահովմանը, որը հնարավորություն է ստեղծում ներգրավել ներդրումներ  մասնավոր հատվածի, եւ երրորդ` խթանել տնտեսական  աճը բոլոր հնարավոր գործիքներով: Ավելին` մենք ձեր ուշադրությանն ենք ներկայացրել գործիքների աննախադեպ ցանկ, որ վերջին 17 տարիների ընթացքում մեր կառավարությունը չի կիրառել, այն է` խթանել ազգային արտադրողին,  արտահանողին` տրամադրելով պետական երաշխիքներ, մասնակցելով մասնավոր ձեռնարկությունների կապիտալում, տրամադրելով սուբսիդիաներ` օգնել նրանց մշակել բիզնես ծրագրեր եւ այլն: Պատգամավորները հարց են հնչեցնում` արդյո՞ք կառավարությունը այդ միջոցառումների իրականացման հստակ ժամանակացույց ունի, այո, հարգելի գործընկերներ, մենք ունենք հստակ ժամանակացույց եւ միջոցառումների համար պատասխանատուներ: Ես ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ Ազգային ժողովում ելույթ ունենալուց հետո առաջին ծրագիրը, որի մասին  ես հայտարարեցի ԱԺ-ում, արդեն  իրականացրել ենք: Կենտրոնական բանկի հայ-գերմանական հիմնադրամին կառավարությունը տրամադրել է 17 մլրդ դրամ փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման համար եւ այդ միջոցները ՀՀ-ում ստեղծելու են հազարավոր նոր աշխատատեղեր, ինչը չափազանց կարեւոր է 2009 թ. համար: Երկրորդը` այն բոլոր մեծածավալ, խոշոր ծրագրերը, որոնց մասին այս ամբիոնից հայտարարել է ՀՀ նախագահը, նույնպես սկսել ենք  իրականացնել, մասնավորապես` կառավարությունը հավանության է արժանացրել «Համահայկական բանկի մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացնելու ենք ձեր ուշադրությանը: ԿԲ բյուջեով նախատեսված են միջոցներ, ինչպես համահայկական բանկի ստեղծման, այնպես էլ ինվեստիցիոն հիմնադրամի  եւ հիպոթեքային հիմնադրամի ստեղծման համար: Սրանք առարկայական ծրագրեր են, որոնք մենք իրականացնելու ենք 2009 թ.: Ատոմակայանի կառուցման նախագծման աշխատանքները արդեն իսկ սկսված են եւ դեկտեմբերին արդեն ձեզ կզեկուցենք  առաջին արդյունքների մասին: Երկաթգծի աշխատանքները նույնպես սկսված են, եւ մենք մեր բոլոր գործընկերներին ներկայացրել ենք այդ ծրագիրը, ինչպես նաեւ քննարկել ենք միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ:

Մեր նախապատվությունները լինելու են ենթակառուցվածքները, առաջին հերթին` էներգետիկայի ոլորտը, գյուղատնտեսությունը, ջուրը: Այս ոլորտների համար մենք պլանավորել ենք ծախսել առնվազն 900 մլն դոլար եւ դրա համար բանակցություններ ենք վարել Համաշխարհային բանկի, Եվրոպական բանկի եւ Ֆրանսիական զարգացման բանկի հետ: Ենթակառուցվածքների համար մեզ տրամադրվելու են երկարաժամկետ արտոնյալ տոկոսներով վարկեր: Բնականաբար, ենթակառուցվածքների վրա ծախսելով գումարներ` մենք ստեղծելու ենք ավելի բարենպաստ պայմաններ տնտեսության զարգացման համար:

Հաջորդ կարեւորագույն  խնդիրը աղետի գոտու վերականգնման աշխատանքներն են: Մենք ծախսելու ենք աղետի գոտում 77 մլրդ դրամ: Աշխատանքները սկսելու ենք 2009 թ-ից,  դուք տեղյակ եք, որ հայտարարված են մրցույթներ` շինարարական կազմակերպություններ ընտրելու համար, առաջին փուլը ավարտված է եւ շինարարական կազմակերպությունը, որը հաղթել է այդ փուլում, արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքներ: Շուրջ 5000 նոր  աշխատատեղ է ստեղծվելու յումրիում: Այսօր շինարարական կազմակերպությունները մեզ տեղյակ են պահում, որ պայմանագրեր կնքել են ընդամենը 1000 աշխատողի հետ, այսինքն` լրացուցիչ  պայմանագրեր կնքելու անհրաժեշտություն եւ խնդիր կա աղետի գոտում հայթհայթել աշխատուժ: Ահա այս աշխատանքները նույնպես նպաստելու են տնտեսական աճին:

Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ նաեւ ձեր ուշադրությունը  հրավիրել այն հանգամանքի վրա, որ  մեր գործողությունները պետք է լինեն համալիր եւ օպերատիվ, դա  նշանակում է, որ մենք 2009 թ. կազմակերպելու ենք կոլեկտիվ կոնսուլտացիաներ միջազգային կազմակերպությունների հետ, հասարակական կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետությունում, ԱԺ-ում պատգամավորների հետ:  Նպատակն է` մարտահրավերների պատասխանները տալիս  հաշվի առնել ձեր կարծիքը, ձեզ դարձնել մասնակից հակաճգնաժամային միջոցառումների իրականացմանը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ սա ամենաարդյունավետ ձեւն է:

Այժմ հարգելի գործընկերներ, ես ուզում ավելի մանրակրկիտ կանգ առնել այն խնդրի վրա, որը մտահոգում է պատգամավորներին, մասնավորապես բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի վերանայման առաջարկին: Դատական համակարգի աշխատողների աշխատավարձի  բարձրացման խնդրի քննարկումների ժամանակ հնչեցին բազմաթիվ մտահոգություններ, որոնց ես ուզում եմ պատասխանել: Հարգելի գործընկերներ, դատական համակարգում աշխատավարձերի բարձրացումը համալիր միջոցառումների ծրագրի  բաղկացուցիչ տարրերից է: Այդպիսի միջոցառումներ մենք իրականացնելու ենք նաեւ մնացած ոլորտներում եւ այս տեսակետից, եթե  խոսքը գնում է դատական համակարգի մասին, ապա չի կարելի միայն աշխատավարձի վրա կենտրոնանալ, քանի որ հասկանալի է, որ աշխատավարձերի բարձրացումը այս համալիր ծրագրի բաղկացուցիչ մասերից մեկն է միայն: Ես ուզում եմ խնդրին անդրադառնալ հետեւյալ տեսակետից` ինչպիսի՞ն է լինելու մեր ռազմավարությունը բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ: Սկզբունքները, որոնք մենք  ներկայացնելու ենք ձեր ուշադրությանը, հետեւյալն են, առաջինը` ներքին եւ արտաքին արդարության սկզբունքն է: Ի՞նչ է սա նշանակում` ներքին արդարացիության սկզբունքը  հետեւյալն է` աշխատավարձերը ձեւավորվում են ելնելով համակարգի ներսում աշխատատեղերի նկարագրությունից: Աշխատատեղերի նկարագրությունը, աշխատատեղերի անձնագրերի  ձեւավորումը հնարավորություն է տալիս կառուցել  սանդղակ ըստ պաշտոնների եւ այդ սանդղակով հստակ տարանջատել աշխատատեղերը միմյանցից եւ դրանով ապահովել արդարացիությունը: Բարդ աշխատանքը պետք է ավելի բարձր վարձատրություն ստանա, քան պարզ աշխատանքը: Այս համակարգը,  եթե կառուցվում է, կանոնները  լինում են հստակ, չափանիշները լինում են հստակ եւ ապահովում են արադարացիություն համակարգի ներսում: Արտաքին արդարացիության սկզբունքը ենթադրում է, որ մենք  պետք է ապահովենք կապը աշխատավարձի համակարգում շուկայական աշխատավարձերի հետ, որպեսզի մասնագետները, որոնք զբաղեցնում են պաշտոններ  այս կամ այն հասարակական աշխատանքի ոլորտում, համադրելի լինեն շուկայական աշխատավարձերի հետ: Շուկայում այդ պահին գործող աշխատավարձերը ուղենիշային են լինում մեզ համար: Կարեւորը` խնդիրը վերաբերում է ոչ թե համակարգերի միջեւ այս արդարացիության սկզբունքը ապահովելուն, այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար արդարացի աշխատավարձի սահմանմանը եւ խնդիրը կայանում է նրանում, որ դուք չեք կարող ապավինել շուկայական աշխատավարձերին, քանի որ շուկայում այդպիսի աշխատանք չկա եւ դա նշանակում է, որ այդ հարցում պետք է լինի քաղաքական կոնսենսուս: Սրա մասին է վկայում նաեւ միջազգային փորձը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց աշխատավարձերը, ներքին եւ արտաքին արդարացիությունը որոշվում է քաղաքական կոնսենսուսի ներքո: Որպեսզի մենք ձեզ ներկայացնենք մի նյութ, որը կարող է արժանանալ քննարկման եւ այս հարցի կարգավորմանը նպաստել իրականացրել ենք հարցումներ` ներգրավելով ԱԺ պատգամավորներին, ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակիցներին, նախարարներին, կառավարության ներկայացուցիչներին, որպեսզի պատկերացնենք, թե ինչպիսին է քաղաքական կոնսենսուսի հնարավորությունը Հայաստանի Հանրապետությունում, եւ գործոնները, որով մենք փորձել ենք ապահովել խնդրի լուծումը, հետեւյալն է` պաշտոնատար անձինք ինչ դերակատարություն ունեն որոշումներ կայացնելու ժամանակ, մասնավորապես` ունե՞ն նրանք լիազորություններ սահմանելու նպատակներ եւ առաջնահերթություններ, իրագործման ենթակա որոշումներ կայացնու՞մ են, թե՞ ոչ: Երկրորդ գործոնը ազդեցության գործոնն է` որքանո՞վ է պաշտոնատար անձի որոշումը ազդեցություն թողնում երկրի մասշտաբներով կամ որոշումների ազդեցությունը տվյալ ոլորտի մասշտաբով, երրորդ գործոնը բարդության գործոնն է, մասնավորապես նրա կողմից ղեկավարվող ոլորտի բարդությունը կամ ոլորտների բազմազանությունը: Չորրորդ գործոնը հաղորդակցության գործոնն է, անհատների հետ բանակցելու, համոզելու, համաձայնության գալու ունակությունները, զանգվածների հետ հեշտությամբ հաղորդակցվելու կարողությունները եւ այլն: Եվ վերջին գործոնը որակավորման գործոնն է` արդյո՞ք համապատասխան ոլորտի փորձ եւ գիտելիքներ պահանջում է այդ պաշտոնը, լեզուների իմացությունը, համակարգչային իմացություններ եւ այլն: Այս գործոններով մենք իրականացրել ենք հարցումներ եւ նախնական կազմել ենք սանդղակ եւ պաշտոնները բաժանել են չորս խմբի, ինչպես նաեւ արդյունքները համադրել ենք միջազգային փորձի հետ: Այդ փաստաթուղթը մենք հանձնելու ենք ձեր դատին, լինելու են քաղաքական քննարկումներ եւ այն քաղաքական կոնսենսուսը, որ ձեռք կբերվի Ազգային ժողովի հետ քննարկումների ժամանակ, կառավարությունը հիմք կընդունի եւ դրա հիման վրա կներկայացնի ամբողջական աշխատավարձի հայեցակարգ, որը երկարաժամկետ առումով կարձանագրի հարաբերությունները ըստ ոլորտների, ըստ գերատեսչությունների, եւ մենք կհամարենք, որ այս հարցի շուրջ ունենք քաղաքական կոնսենսուս: Սա է լինելու մեր մոտեցումը: Հասկանալի է, որ պատգամավորները պահանջում են, որպեսզի մենք հնարավորինս արագ լուծենք այդ խնդիրը, մենք այս աշխատանքներն ավարտել ենք, շուտով կներկայացնենք ձեր դատին, ԱԺ նախագահի հետ մենք ձեռք ենք բերել պայմանավորվածություն, թե ինչպես ենք կազմակերպելու քննարկումներն այս հարցի շուրջ, բայց կարծում եմ, որ ինքնըստինքյան սա բարդ խնդիր է, որովհետեւ բոլոր գերատեսչությունները, բոլոր քաղաքական ուժերը ունեն իրենց ուրույն պատկերացումները, թե ինչպիսին պետք է լինի այդ սանդղակի ներքո իրենց տեղը եւ կշիռը: Մեզ օգնել է միջազգային փորձը, որովհետեւ շատ երկրներ այդ ճանապարհով անցել են եւ միջազգային փորձը հուշում է, թե որոնք են լինելու ճիշտ լուծումները, իհարկե շատ կարեւոր է տեղայնացնել այս մոտեցումները: Քննարկումները Ազգային ժողովում աշխատավարձի շուրջ եւս մեկ անգամ ապացուցում են, որ սա բավականին զգայուն թեմա է, դրա համար մենք կարծում ենք, որ ավելի ճիշտ կլինի, որ երկար ժամանակ ծախսենք կոնսենսուսի գալու հարցում, իսկ հետագայում ավելի հեշտ կլինի կառավարությանը ներկայացնել ձեզ օրենսդրական նախաձեռնություններ այս հարցերի շուրջ:

Ավարտելով խոսքս` հարգելի գործընկերներ, ես ուզում եմ նշել, որ 2009 թվականը լինելու է բարդ տարի մեզ համար, առաջին անգամ տնտեսական ներուժի գնահատականը ավելի բարձր է, քան իրական տնտեսական աճի կարողությունները, ինչը նշանակում է, որ մենք ջանքեր պետք է գործադրենք խթանելու համար տնտեսական աճը ՀՀ-ում եւ, բնականաբար, մեզնից պահանջվելու է լուրջ, համատեղ աշխատանք ԱԺ-ի հետ: Եւս մեկ անգամ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել շահագրգիռ քննարկումների համար, որոնք խիստ օգտակար էին մեզ համար` հասկանալու, թե որոնք են այն հիմնախնդիրները, որոնք մտահոգում են ինչպես պատգամավորներին, այնպես էլ մեր հանրությանը, եւ մենք համոզված ենք, որ միասին կկարողանանք այդ բարդ խնդիրները լուծել»:
  

ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին օրվա ընթացքում քննարկված օրինագծերը: 81 կողմ, 5 դեմ եւ 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունեց «ՀՀ 2009 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

ԱԺ արտահերթ նիստը, սպառելով օրակարգը, ավարտեց աշխատանքները:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am