National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.11.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
25.11.2008
Հանձնաժողովի արտագնա նիստ` նվիրված Սեւանի հիմնախնդիրներին

Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 25-ին` Սեւանի ափին, նախաձեռնել էր արտագնա  ընդլայնված նիստ` «Սեւանա լճի  հիմնախնդիրը» թեմայով:

Մինչ նիստն սկսելը` խորհրդարանի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ  Խաչիկ Հարությունյանը, ինչպես նաեւ  պատգամավորներ, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, տարածքային կառավարման մարմինների, «Սեւան» ազգային պարկի», միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ ու լրագրողներ շրջայց կատարեցին Սեւանա լճով` տեղում տեսնելու  լճի ափամերձ, անտառածածկ տարածքները եւ ենթակառույցները: Նման անհրաժեշտություն է ստեղծել  լճի մակարդակի բարձրացումը:
 
Մասնակիցների համոզմամբ` այսօրինակ ուսումնասիրությունը հնարավորություն կընձեռի վերհանել հիմնախնդիրները, դասակարգել առաջնահերթությունները եւ բազմակողմանի քննարկման արդյունքում հասնել  ամենաարդյունավետ լուծումներին:   Շրջայցն ունեցավ նաեւ խիստ գործնական արդյունք.  բնապահպանության հարցերով մտահոգվածներին, այդ թվում եւ ոլորտի պատասխանատուներին, հաջողվեց կանխել ձկնագողության մի փորձ` լճից հանելով բացառիկ չափերի հասնող ձկնորսական ցանց: Հիշեցնենք, որ հայտարարված է ձկնորսության արգելման միամսյակ:
 
Ընդլայնված նիստը բացելով` ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը նշեց, որ Սեւանը մեր ազգի խորհրդանիշներից է, եւ ողջ հասարակությունն է հետաքրքրված լճի հիմնախնդիրներով: Նրա խոսքերով, հանձնաժողովը եւ գործադիր իշխանությունը շահագրգռված են, որ առկա հիմնախնդիրները գտնեն արդյունավետ լուծումներ, որպեսզի կրկին ունենանք երբեմնի Սեւանը`  իր հարուստ կենդանական աշխարհով: Խաչիկ Հարությունյանի բնորոշմամբ` հիմնախնդիրները շատ են. ջրի  մակարդակի բարձրացումից բխող,  ափամերձ կառույցներին ու շրջակա ենթակառույկցներին վերաբերող,  անտառապատ տարածքների ջրածածկման եւ ձկնապաշարների նվազման հետ կապված: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը օգտակար համարեց այս ձեւաչափով նիստ եւ քննարկումներ կազմակերպելը:  Խնդիրներ եւ անելիքներ  շատ կան, ասաց նախարարը եւ հավելեց,  որ խորհրդարանականների նախաձեռնությունը վկայում է, որ իրենք միայնակ չեն այդ խնդիրների հետ: Նա վստահեցրեց, որ առաջնահերթությունները նախանշելիս անպայման հաշվի կառնեն պատգամավորների մտահոգություններն ու առաջարկությունները:

Հրավիրված բնապահպաններն ու մասնագետներն ահազանգում են` խախտվել է Սեւանա լճի  հավասարակշռությունը` առաջ բերելով ջրակենսաբանական գործընթացների եւ ամբողջ էկոհամակարգի խաթարում: Սա վտանգում է թե քաղցրահամ ջրամբարի գոյությունը, ինչպիսին հանդիսանում է Սեւանը, եւ թե  ձկնաշխարհի  բազմազանությունն ու որակական  ցուցանիշները:

Մասնավորապես լճից անհետացել են մի շարք ձկնատեսակներ: Նաեւ` լճի մակարդակը բարձրանալու արդյունքում,  ջրային գոտում են հայտնվել անտառային գոտիներ եւ վտանգվել են ռեկրեացիոն տարածքները եւ մոտակա ենթակառույցները:  Ժամանակին անտառածածկ տարածքները չմաքրելու եւ նշված կառույցները չապամոնտաժելու  դեպքում կառաջանան բնապահպանական լուրջ խնդիրներ, մասնավորապես ջրի որակը կվատթարանա:   

Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը ընդլայնված նիստի մասնակիցներին ներկայացրեց լճի հիմնախնդիրները եւ նախարարության կողմից առաջարկվող լուծումները: Անդրադառնալով Սեւանա լճին առնչվող օրենսդրական բազային` փոխնախարարը ներկայացրեց ամրագրված երկու հիմնական պահանջները` ջրի քանակական եւ որակական ցուցանիշներն ապահովելու մասին:  Ծրագրերում նախանշված է 30 տարի` այս երկու ցուցանիշներն անհրաժեշտ մակարդակին հասցնելու համար, որպեսզի էկոհամակարգերը վերականգնելու հնարավորություն լինի:  Լճի մակարդակը այդ տարիների ընթացքում նախատեսվում է բարձրացնել 6 մետրով: Էներգետիկ ճգնաժամի տարիներին  տարեկան 1 մլրդ խ/մ ջուր է բաց թողնվել Սեւանից եւ 1998 թ.  կառավարությունը որոշում է ընդունել էներգետիկ նպատակներով բացթողում չկատարարել: Հետագայում նվազեցվել են նաեւ ոռոգման նպատակներով բաց թողնվող ջրի ծավալները:  Այս ամենը, ինչպես նաեւ բարենպաստ կլիմայական պայմանները նպաստել են, որ 2002-2008 թթ. լճի մակարդակը բարձրանա 2 մ 46 սմ-ով: Նշելով, որ նաեւ այս ընթացքում կառուցվել եւ կառուցվում են ջրամբարներ` փոխնախարարը  քանակական ցուցանիշների հարցում կայուն դրական միտում է տեսնում: Փոխարենը` բարվոք չէ ջրի որակը:  Էկոմոնիտորինգի տվյալների համապատասխան`  Սեւանա լճի ջրում մագնեզիումը,  վանադիումը, քրոմը  եւ առանձին հատվածում նաեւ պղինձը մի քանի անգամ գերազանցում են թույլատրելի սահմանը:   2009 թ. ընթացքում կառավարությունը նախատեսում է գումարներ հատկացնել Մարտունու, Վարդենիսի եւ ավառի մաքրման կայանների կառուցման համար: Ջրի որակի պահպանման համար կառավարությունը, ըստ փոխնախարարի, ընդունել է մեկ այլ որոշում` այս դեպքում արգելելով լճի ափին օբյեկտների շահագործումը  առանց մաքրման կայանի առկայության:  Պատգամավորների աջակցությամբ` 2009 թ. պետական բյուջեի  նախագծում լճի մաքրման համար առանձնացվել է աննախադեպ գումար 257 մլն. դրամ` գալիք տարի այսօրվա 92 հեկտարի փոխարեն կմաքրվի  600 հեկտար տարածք: 80 մլն. դրամ է նախատեսվել ձկան պաշարի վերարտադրության նպատակով եւ 4 մլն. դրամ էլ պաշարներն ուսումնասիրելու համար: Պատգամավորներին մտահոգող խնդիրները Սեւանի առնչությամբ բազմաթիվ են: Դրանք վերաբերվում էին թե լճից 170 մլն. խ/մ ջուր բաց թողնելուն, թե  ափամերձ տարածքների շինություններին, թե ձկան պաշարին ու ջրի մաքրմանը: Նախարարը  հավաստեց, որ լճից բաց է թողնվում միայն  նախատեսված եւ թույլատրելի ծավալներով ջուր: Իսկ լճի ջրի մակարդակի բարձրացման արդյունքում ափամերձ տարածքներին, այդ թվում եւ ավտոճանապարհներին ու էլեկտրահաղորդման միջոցներին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով եւ համապատասխան նախարարաներին  ուսումնասիրությունների  եւ հնարավոր լուծումներ առաջարկելու   հանձնարարականներ են տրված:

«Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիայի» նախագահ Կարինե Դանիելյանը  համատեղ այս քննարկումը դրական է գնահատում եւ ակնկալում է լուծումներ: Փաստաթղթերում եւ իրականության մեջ պատկերները տարբեր են եւ այս քննարկումը այդ երկուսն իրար մոտեցնելու լավ հնարվորություն է տալիս, ասում է բնապահպանը:   Նա խոսեց Շորժայում կառուցված գործարանի մասին, որի առնչությամբ բնապահպանության  նախարարությունից ասում են, որ հանքանյութը դուրս է բերվելու եւ հետագայում վերամշակվելու է, մինչդեռ տեղացիները հակառակն են պնդում:  Կարինե Դանիելյանը անհամաձայնություններ է տեսնում նաեւ ջրի բացթողնման ծավալների շուրջ: Բնապահպաններն անհանգստացած են, որ Սեւանա լճից ջուր բաց թողնելու` վերջերս սահմանված ծավալները մի նպատակ ունեն` ապահովել ափամերձ կառույցների գործունեությունը: Ասոցիացիայի նախագահը մտահոգված է նաեւ լճի ճահճացման հեռանկարով` ասելով, որ ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները բավարար չեն:  

Ընդլայնված նիստին հրավիրվածները միակարծիք են այն հարցում, որ Սեւանա լիճն ունի տնտեսական եւ էկոլոգիական բացառիկ նշանակություն եւ պետք է չեզոքացնել լճին սպառնացող բոլոր վտանգները: Այս նպատակով նիստում որոշվեց ստեղծել մասնագետներից ու շահագրգիռ անձանցից կազմված աշխատանքային խումբ եւ պարբերաբար խորհրդարանին ներկայացնել տեղեկություններ հիմնախնդիրների լուծման ընթացքի մասին: Աշխատանքային խումբը հաճախակի այցելություններ է ունենալու Սեւան, ինչպես նաեւ ներգրավվելու է  ափամերձ տարածքների գույքագրման աշխատանքներում, որի նպատակով բյուջեի նախագծում միջոցներ են նապատեսված,  եւ օգնելու է անտառապատ տարածքների քարտեզագրմանը` հետագայում մաքրելու նպատակով: ԱԺ հանձնաժողովի նախագահը վստահ է, որ արդյունքը գործնական է լինելու:  



25.11.2008
ԱՊՀ ՄԽՎ 31-րդ լիագումար նիստը Սանկտ Պետերբուրգում
Նոյեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում աշխատանքները սկսեց ԱՊՀ ՄԽՎ 31-րդ լիագումար  նիստը:  Նիստը բացեց եւ ելույթ ունեցավ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Սերգեյ Միրոնովը: Պատգամավորները քննարկեցին ժողովրդավարական ընտրությունների կայացման բնագավառում միջազգային համագոր...

25.11.2008
Խորհրդարանի մշտական հանձնաժողովների նիստերը
Նոյեմբերի 25-ին կայացան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, երկրորդ ընթերցմամբ քննարկեց ԱԺ պատգամավորներ Անահիտ Բախշյանի եւ Արմեն Մարտիրոսյանի հեղինակած «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am