Նախաձեռնությունը միտված է մեր քաղաքացիների համար ավելի լավ ծառայություններ մատուցելուն. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները:
Ըստ զեկուցողի՝ նախատեսվում են նոր կարգավորումներ, որոնց համաձայն՝ գործին մասնակցող անձինք առավել լիարժեք կիրականացնեն իրենց դատավարական իրավունքները:
«Գործող կարգավորումների համաձայն՝ անձը, դատարանի կողմից ծանուցվելով այնպիսի գործի վերաբերյալ, որով հետագայում կայացվելիք դատական ակտը կարող է շոշափել իր իրավունքներն ու պարտականությունները, հնարավորություն չունի նախապես ծանոթանալու գործի նյութերին՝ հասկանալու համար, թե կան արդյոք գործի քննությանը ներգրավվելու հիմքեր, թե՝ ոչ: Այժմ առաջարկում ենք սահմանել, որ դատարանի կողմից ծանուցված այն անձը, որի իրավունքների եւ պարտականությունների վրա կարող է անխուսափելիորեն ազդել դատական ակտը, հնարավորություն ունենա մինչեւ գործին մասնակցող անձ ներգրավվելը ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները եւ այլն»,- բարձրաձայնել է Արմենուհի Հարությունյանը: Ըստ նրա՝ նախատեսվում է նաեւ ծանուցումներ իրականացնել հեռախոսակապի կամ ինտերնետ կապի միջոցով, օրինակ՝ հաղորդագրություն ուղարկելով: Վերջինս հնարավոր կլինի, եթե կողմը դատարանին կտրամադրի իր հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն:
Վերաքննիչ դատարանը փոքր գործերից բեռնաթափելու նպատակով նախագծով առաջարկվում են վերաքննության իրավունքի որոշ սահմանափակումներ: Վերանայվում է դատարանների միջեւ ենթակայության մասին վեճերի լուծման կարգը:
Փոխնախարարի խոսքով Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հնչել են առաջարկներ, որոնք մինչեւ երկրորդ ընթերցում նախարարությունը եւս մեկ անգամ ուսումնասիրելու հնարավորություն կունենա:
Հարակից զեկույցում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը: Ըստ նրա՝ նախաձեռնությունը միտված է օրենսգրքում այնպիսի կառուցակարգերի բարելավմանը, որոնք բարձրացնելու են քաղաքացիական դատավարության արդյունավետությունը, նպաստելու են դատավարական խնայողության սկզբունքի ապահովմանը, ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի իրացմանը, էլեկտրոնային գործիքների կիրառման ընդլայնմանը՝ դրանով նպաստելով քաղաքացիների դատավարական իրավունքների իրացման արդյունավետության բարձրացմանը եւ դատարանների բեռնաթափմանը: Պատգամավորը նշել է, որ ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է առաջարկներ, որոնց մի մասն ընդունվել է: Արուսյակ Ջուլհակյանի տեղեկացմամբ հանձնաժողովի նիստում պայմանավորվածություն է ձեռքբերվել մինչեւ երկրորդ ընթերցում անցկացնել աշխատանքային քննարկում:
Նախաձեռնությունը քննարկվել է դեկտեմբերի 22-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում: