«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքով Ազգային անվտանգության ծառայությունը դասվում է վարչապետին ենթակա մարմինների շարքին, մինչդեռ ծառայության տնօրեն ու տնօրենի տեղակալներ, գործող կարգավորումների համաձայն, պաշտոնին նշանակվում եւ պաշտոնից ազատվում են ՀՀ նախագահի կողմից: Անհրաժեշտ է վերանայել գործող կարգավորումներն այնպես, որ նշված անձանց պաշտոնի նշանակի եւ պաշտոնից ազատի ՀՀ վարչապետը՝ նկատի ունենալով ծառայության՝ վերջինիս ենթակա լինելը: Այդպիսով կապահովվի «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված պետական վարչական պաշտոններ զբաղեցնող անձանց ինչպես նշանակման եւ ազատման կարգի, այնպես էլ կարգավիճակի համապատասխանությունը հանրային ծառայության ընդհանուր տրամաբանությանը. այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը դեկտեմբերի 22-ի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանում: Առաջին, այնուհետեւ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախածերի փաթեթը:
Առաջարկվող փոփոխություններով ծառայության տնօրենին պաշտոնում նշանակելու եւ պաշտոնից ազատելու է ՀՀ վարչապետը, ծառայության տնօրենի տեղակալներին պաշտոնում նշանակելու եւ պաշտոնից ազատելու է ՀՀ վարչապետը՝ ծառայության տնօրենի առաջարկությամբ:
Միաժամանակ, հաշվի առնելով, որ նախատեսվող փոփոխությունների ընդունումից հետո ԱԱԾ տնօրենը եւ տեղակալները հանդիսանալու են հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, իսկ ազգային անվտանգության մյուս ծառայողները՝ զինվորական պաշտոններ զբաղեցնող անձինք, Ազգային անվտանգության ծառայության առաքելության, գործառույթների եւ նպատակների պատշաճ իրականացումն ապահովելու համար հստակեցվել է նաեւ, որ ԱԱԾ տնօրենի եւ տեղակալների կողմից զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կարգապահական իրավունքների կիրառման հնարավորություն է տրվելու:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվել է՝ արդյո՞ք ունեն միջազգային փորձ, թե այլ երկրներում ԱԱԾ ղեկավար կազմի նշանակումն ինչ ընթացակարգով է իրականացվում, եւ արդյոք օրենսդիր մարմինը մասնակցո՞ւմ է այդպիսի նշանակումներին: «Արդյո՞ք խնդրահարույց չէ այս կարգավորումը, երբ Սահմանադրության 14-րդ հոդվածը սահմանում է, որ Կառավարությունն իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Եվ փաստացի ԱԱԾ-ն շարունակում ենք պահպանել ոչ թե առնվազն գոնե Կառավարությանը ենթակա մարմնի կարգավիճակում, այլ վարչապետին ենթակա»,- հարցրել է Արծվիկ Մինասյանը: Արմենուհի Հարությունյանն ասել է, որ միջազգային փորձի ուսումնասիրությունն արվել է ծանոթագրական նպատակներով, որովհետեւ փաստացի փոփոխություններն իրականացվում են արդեն իսկ ընդունված օրենքների կարգավորումները տեղայնացնելու նպատակով: Նրա խոսքով միջազգային փորձը բազմազան է, եվրոպական երկրների որոշ հատվածի համար պետության ղեկավարների, վարչապետների կողմից է նշանակվում այդ պաշտոնյան: Արդարադատության նախարարի տեղակալի ներկայացմամբ օրենսդիր մարմնի կողմից նշանակման դեպքեր չկան:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հարակից զեկուցող, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը:
Խորհրդարանն ընդունել է քննարկված հարցը: