Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին քննարկել է «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին» օրենքի նախագիծը:
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել է, որ այս պահի դրությամբ 123 պետություն անդամակցում է Միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը: Հայաստանը Հռոմի կանոնադրությունը ստորագրել է դեռեւս 1999 թվականի հոկտեմբերի 1-ին, որից հետո վավերացման գործընթացը կասեցվել էր, քանի որ Սահմանադրական դատարանը 2004 թվականին կանոնադրությունում ամրագրված որոշ պարտավորություններ համարել էր Սահմանադրությանը հակասող:
Զեկուցողը ներկայացրել է հարցի նախապատմությունը` հիշեցնելով, որ կանոնադրության վավերացման քննարկումները վերստին սկսվել են մեկ տարի առաջ, երբ ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվեց լայնածավալ ագրեսիա, որի ընթացքում կատարվեցին պատերազմական ծանրագույն հանցագործություններ նաեւ ՀՀ սուվերեն տարածքում: Այդ պահից սկսած վերստին սկսվել են քննարկումները կանոնադրության վավերացման եւ իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու հարցի վերաբերյալ: Արդյունքում` 1990 թվականին ընդունված Հռոմի կանոնադրության վավերացման եւ իրավազորության ճանաչման նախագիծը Կառավարության կողմից հավանության արժանացավ 2022 թվականի դեկտեմբերի 29-ին, որից հետո այն ներկայացվեց Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը 2023 թվականի մարտի 24-ին կայացրեց որոշում, որում նշվում է, որ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանում են կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունները: ՍԴ-ին ներկայացվել էին ե'ւ վավերացման ենթակա, ե'ւ իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու նախագծերը:
«Միջազգային քրեական դատարանն իր իրավազորության առարկայի շրջանակում քննություն է իրականացնում ծանրագույն միջազգային հանցագործությունների վերաբերյալ եւ դատարանի նպատակն է պատասխանատվության ենթարկել ծանրագույն միջազգային հանցագործություններ կատարած անձանց: Խոսքը վերաբերում է պատերազմական հանցագործություններին, մարդկության դեմ ուղղված հանցագործություններին, ցեղասպանությանը: Կանոնադրությունում կան նաեւ նոր փոփոխություններ, որոնցից մեկը Կամպալայում տեղի ունեցած համաժողովում իրականացված փոփոխությունն է, որը կատարվել է 2010 թվականին եւ որով ավելացվել է ագրեսիայի հանցագործությունը նշված հանցագործությունների շարքին»,- ասել է Եղիշե Կիրակոսյանը: Նրա խոսքով այս պահին վավերացման է ներկայացվել նախագծի` առանց Կամպալայի փոփոխության տարբերակը: Զեկուցողը հնարավոր է համարել հետագայում Կամպալայի փոփոխության վավերացումը:
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը կարծիք եւ հույս է հայտնել, որ փաստաթղթի վավերացումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ տարածքում վերոնշյալ հանցագործությունները կանխարգելելու եւ բացառելու տեսանկյունից:
Զեկուցողին հարցեր են ուղղել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հետաքրքրվել է, թե հետխորհրդային երկրներից որոնք են վավերացրել փաստաթուղթը: Եղիշե Կիրակոսյանը տեղեկացրել է, որ այն վավերացրել է երկու երկիր: Վրաստանը Հռոմի կանոնադրությունը վավերացրել է 2004 թվականին, իսկ Տաջիկստանը, որը ե'ւ ՀԱՊԿ, ե'ւ ԱՊՀ անդամ պետություն է, 2002 թվականին:
Բաբկեն Թունյանը հարցրել է, թե ինչ է Հայաստանին տալու փաստաթղթի վավերացումը: Հիմնական զեկուցողը պարզաբանել է, որ Հռոմի կանոնադրության վավերացումը սահմանում է դատարանի իրավազորությունը Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ: Այն որոշակիորեն երաշխիք է տալու, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած ծանրագույն հանցագործություն ենթակա կլինի Միջազգային քրեական դատարանի իրավազորությանը, եւ այն անձանց համար, որոնք մտադրություն ունեն կատարելու նման հանցագործություն, սա առնվազն կանխարգելիչ ազդեցություն կունենա: «Կարծում եմ, որ դա պակաս հիմնավորում չէ, որպեսզի վավերացման հարցը քննարկենք: Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի սուվերեն տարածքում այսօր էլ դեռ գտնվում են Ադրբեջանի զինված ստորաբաժանումներ. կանոնադրության վավերացումը վերստին հիմնավորվում է այս տրամաբանությամբ»,- ասել է զեկուցողը:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի դիտարկմամբ այս հարցն արդեն 20 տարի է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում է: «Փաստաթղթի բովանդակությունը, բնույթը, արմատներն այնպիսին են, որ կարծես թե Հայաստանը պետք է լիներ առաջին երկիրը, որ պետք է վավերացներ այն: Այն իր արմատներով գնում-հասնում է 1915 թվականի մայիսի 24, երբ Անտանտի պետությունները` Ռուսական կայսրությունը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, առաջին անգամ օգտագործեցին «մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ» եզրույթը` Հայոց ցեղասպանությունը մեղադրելու համար: Այս փաստաթուղթն է առաջին անգամ պատմության մեջ ամրագրում կոնսոլիդացված տեսքով, թե որոնք են մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները: Այս հարցով ՄԱԿ-ը սկսել է զբաղվել 1946-47 թվականներին: Ստատուտը որեւիցե բովանդակային քրեական արարք չի նախատեսում: Այն պարզապես ամրագրում է այն բոլոր արարքները, որոնք աշխարհի գրեթե բոլոր պետությունների օրենսդրության մեջ ամրագրված են. ցեղասպանություն, ռազմական հանցագործություններ, մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ»,- ասել է հանձնաժողովի նախագահը` պարզաբանելով, թե ինչու է հարցը քննարկվում այս պահին: «Այն հանգամանքը, որ ՀՀ տարածքում է գտնվում էթնիկ զտման` մարդկայնության դեմ ուղղված հանցագործության արդյունքում բռնի տեղահանված անձերի ստվար խումբ, հիմք է տալիս, որ Հայաստանը Միջազգային քրեական դատարանում կարող է պնդել, որ վերջինս ունի իրավազորություն այս արարքի նկատմամբ»:
Նախագիծը քննարկվել է գլխադասային հանձնաժողովի նիստում` արժանանալով դրական եզրակացության:
Պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձել են Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցության դրդապատճառներին:
Խորհրդարանը 60 կողմ, 22 դեմ ձայնով ընդունել է օրենքի նախագիծը: ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները դեմ են քվեարկել: