Ներկայացվող փոփոխությունները հնարավորություն կտան ՀՀ իրավասու մարմիններին առավել դյուրին եւ լիարժեք կազմակերպելու ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու գործընթացը:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ հոկտեմբերի 3-ի նիստում:
Առաջարկվում է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելու հնարավորություն ընձեռել նաեւ ՀՀ քաղաքացիություն չունեցող, 18 տարին լրացած այն անձին, որի ծնողն ունի ՀՀ քաղաքացիություն:
Կառավարությունն առաջարկել է կարգավորում, որն ընդունվել է հեղինակի կողմից: Ըստ այդ առաջարկության` «ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ ՀՀ քաղաքացիություն չունեցող այն անձը, որի ծնողը կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է ՀՀ քաղաքացիություն, եւ որն օրենքով սահմանված կարգով վերջին մեկ տարում մշտապես բնակվել է ՀՀ-ում»:
ՀՀ քաղաքացիություն ստացող անձինք հնարավորություն կստանան առավել ակտիվ մասնակցություն ունենալ ՀՀ քաղաքական, տնտեսական, մշակութային, հասարակական կյանքում` գրանցելով եւ ներդնելով ավանդ իրենց աշխատանքային ու մասնագիտական գործունեությամբ` ի շահ Հայաստանի Հանրապետության: Ռուստամ Բաքոյանի կարծիքով նախագծի ընդունմամբ կստեղծվեն օրենսդրական հնարավորություններ եւ կսահմանվեն նպաստավոր պայմաններ ազգային փոքրամասնությունների համար ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով:
Նախագծի մշակման նպատակով աշխատանքային քննարկում է կազմակերպվել շահագրգիռ անձանց եւ համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ:
Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ եւ գործընկերներին կոչ արել կողմ քվեարկել:
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրել է Կառավարության դրական եզրակացությունը: