2019թ. դեկտեմբերի 4-ին խորհրդարանն ընդունել է ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որի համաձայն` 2020թ. հունվարի 1-ից ԲԲԸ-ների ֆինանսական հաշվետվությունները հրապարակման ենթակա չեն, բացառությամբ այն ընկերությունների, որոնք 2019թ. դեկտեմբերի 4-ին ընդունված «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի համաձայն համարվում են հանրային հետարքրքություն ներկայացնող կազմակերպություններ: Օրենքի ընդունման նպատակն է, որ հանրային հետաքրքրություն չներկայացնող, փոքր, հաճախ չգործող ընկերությունները չներկայացնեն այդ հաշվետվությունները: «Օրենսդրությունը պետք է շարունակաբար թեթեւացնել, ազատել խութերից կամ թաքնված ականներից. սա Կառավարության որդեգրած քաղաքականության իրականացման գործիքներից մեկն է»,- ներկայացնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը` մայիսի 3-ի ԱԺ նիստում ասել է հեղինակ Գեւորգ Պապոյանը: Քաղաքացիական օրենսգրքի 107-րդ հոդվածում եւս առաջացել է նման փոփոխության անհրաժեշտություն, ըստ որի` հաշվետվություն կներկայացնեն միայն հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունները: Կառավարությունը եւ ԱԺ գլխադասային հանձնաժողովը նախագծին տվել են դրական եզրակացություն:
Պատգամավոր Գուրգեն Արսենյանի դիտարկմամբ` համատարած վերահսկողության ձգտումը կասեցնելը տեղին է, որովհետեւ 2018թ. հեղափոխության կարեւոր նպատակներից մեկն էլ հասարակությունից, այդ թվում` նաեւ տնտեսավարողներից տարված ազատության, իրավունքների վերադարձն է:
Հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը նշել է, որ նախագծի ընդունմամբ ֆինանսական հաշվետվություններ հրապարակող ԲԲԸ-ների շրջանակը կհամապատասխանի «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին:
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ներկայացմամբ` առաջարկվող փոփոխությունները միտված են միեւնույն հարաբերությունները կարգավորող տարբեր օրենքներում առկա կարգավորումների հստակեցմանն ու մեկտեղմանը: