Փետրվարի 24-25-ը տեղի են ունեցել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի նիստերը:
ԵԱՀԿ ԽՎ Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին հեռավար ձեւաչափով մասնակցել եւ ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սարգիս Խանդանյանը:
«Տիկին նախագահ, ինչպես Դուք նշեցիք, մենք` խորհրդարանականներս, չենք կարող թերագնահատել ազատ մամուլի դերը` որպես արդարության եւ օրենքի գերակայության նախադրյալ:
Հայաստանում 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո սկսված ժողովրդավարական բարեփոխումների շրջանակում մամուլի եւ լրատվության ազատության ապահովումը Հայաստանի բարեփոխումների օրակարգի առանցքային առաջնահերթություններից է:
Իհարկե, Covid 19 համաճարակը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, նաեւ պատերազմը Լեռնային Ղարաբաղում, մարտահրավերներ ստեղծեցին խոսքի ազատության ապահովման, լրատվամիջոցների եւ լրագրողների աշխատանքի համար: Բայց ես պետք է խոստովանեմ, որ մենք կարողացել ենք հաղթահարել դժվարությունները եւ վերադարձել ենք բարեփոխումների մեր օրակարգին:
Մենք նպատակ ունենք ստեղծել գործիքակազմ ապատեղեկատվության եւ ատելության խոսքի դեմ պայքարի համար: Այս առումով կարեւոր է ընդգծել, որ Հայաստանում հանրակրթության բարեփոխումները եւ նոր ռազմավարությունը ավելի մեծ ուշադրություն է դարձնում մեդիագրագիտությանը` որպես երկարաժամկետ առաջնահերթություն: Մենք հասկանում ենք, որ մենք պետք է հավելյալ քայլեր գործադրենք լրագրողների վերապատրաստման եւ հեղինակության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաեւ ինքնակարգավորման մեխանիզմների արդյունավետության բարձրացման եւ զանգվածային լրատվության միջոցների բեւեռացման դեմ պայքարի ուղղությամբ` լրատվամիջոցների թափանցիկության ապահովման միջոցով: Այս առումով մենք մեծ ուշադրություն ենք դարձնում լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկությանը եւ հաշվետվողականությանը` ներկայացնելով նոր օրենսդրական կարգավորումներ:
Իհարկե, երբ խոսքը վերաբերում է ԶԼՄ ոլորտում բարեփոխումներին, կարեւոր է, որ այս գործընթացը շատ ընդգրկուն եւ ներառական լինի: Եվ այս համատեքստում հարկ եմ համարում նշել, որ խորհրդարանն ու կառավարությունը սերտորեն համագործակցում են Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, մեր քաղաքացիական հասարակության եւ, իհարկե, զանգվածային լրատվամիջոցների եւ լրագրողների հետ: Կարեւոր է ոչ թե պարտադրել կանոններ, այլ ստեղծել միջավայր եւ արդյունավետ մեխանիզմներ, որպեսզի լրատվամիջոցները զարգանան եւ դառնան ավելի վստահելի եւ մրցունակ»,-նշել է պատգամավորը: