National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.2.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28
 
26.02.2022
Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ քաղաքական եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի առցանց նիստի ընթացքում
1 / 1

Փետրվարի 24-25-ը մեկնարկել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը:

ԵԱՀԿ ԽՎ քաղաքական եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի առցանց նիստին մասնակցել եւ ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը՝ նշելով.

«Այս օրերին բոլորս խորապես մտահոգված ենք Ուկրաինայի զարգացումներով: Մենք մեծ հույս ունենք, որ քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով շուտով իրավիճակը կկարգավորվի:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը, չնայած բազմաթիվ անհաջողություններին եւ մարտահրավերներին, շարունակում է մնալ երկխոսության եւ քաղաքական բանավեճի կարեւոր հարթակ:

Մենք շարունակում ենք մնալ մեր համոզմունքին, որ ժողովրդավարական հասարակություններում խորհրդարանականները ներկայացնում են իրենց ընտրողների շահերն ու կամքը` պայմանով, որ նրանք ընտրվել են ազատ եւ արդար ընտրությունների միջոցով:

Հավատարիմ լինելով ժողովրդավարությանը եւ դրա մշակույթի ամրապնդմանը Հայաստանում, մենք հանձնառություն ենք ստանձնել բացել խաղաղության դարաշրջան մեր տարածաշրջանում` Հարավային Կովկասում: Հենց այսօր տեղի ունեցավ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը` ուղղված Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը` վերահաստատելով գործընթացը առանց նախապայմանների շարունակելու իրենց համաձայնությունը:

Մենք հավատում ենք, որ վստահության միջոցով կարող ենք փոխըմբռնման հիմքեր ստեղծել, եւ այդ վստահությունը ստեղծելու համար մեր խոսքերն ու գործողությունները պետք է համապատասխանեն միմյանց:

Սակայն, մինչ Ադրբեջանը խոսում է «Խոջալիի ցեղասպանության» մասին, երեք օրից կլրանա Բաքվում եւ Սումգայիթում կատարված ցեղասպանությունների տարելիցը: Մինչ Ադրբեջանը խոսում է կառուցողական լինելու մասին, միեւնույն ժամանակ անում է հակառակը՝ աշխարհին բացահայտ ուղերձ հղելով, որ հակամարտությունները լուծելու համար ուժի կիրառումը պետք է ընդունելի լինի, որ 2020 թվականի աշնանը ԼՂ-ի վրա հարձակումը լուծեց հակամարտությունը: Մինչդեռ միջազգային հանրությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով անընդհատ կրկնում է, որ հակամարտությունն ավարտված չէ, եւ կայուն լուծումը պետք է հնարավոր լինի միայն ԵԱՀԿ ԽՎ հովանու ներքո քաղաքական երկխոսության միջոցով: Ավելին, վստահություն ստեղծելու ուղղությամբ ջանքեր գործադրելու փոխարեն Ադրբեջանը շարունակում է հայ ռազմագերիների եւ քաղաքացիական գերիների անօրինական կալանավորումը:

Հարգելի գործընկերներ, ցավոք, ԵԱՀԿ-ի անվտանգային ճարտարապետությունը լրջորեն խարխլվեց 2020 թվականի աշնանը, երբ մենք չկարողացանք արդյունավետ արձագանքել հակամարտությունը լուծելու համար Ադրբեջանի կողմից ուժի կիրառմանը:

Մենք կրկին անգամ հույս ենք հայտնում, որ Ուկրաինայում տիրող իրավիճակը շուտափույթ քաղաքական լուծում կստանա եւ, որ մեր խորհրդարանական երկխոսությունը նույնպես կխաղա իր դերը»: