Դեկտեմբերի 13-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի այն պնդմանը, թե խորհրդարանական մեծամասնությունը խուսափում է որոշակի հարցերի շուրջ հրապարակային քննարկումներից՝ հիշեցրել է ԱԺ-Կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետի այն դիտարկումը, որ 2018 թվականի դրությամբ բանակցային գործընթացում Արցախը Ադրբեջանի տարածքից դուրս ունենալու գործնական եւ տեսական հնարավորություն չի եղել: Եվ որ պատերազմից խուսափելու միակ հնարավորությունը տարածքների վերադարձն էր առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման: Վարչապետը նաեւ առաջարկել է ընդդիմությանը պատասխանել, թե նրանք ինչ կոնկրետ քայլեր կձեռնարկեին, որպեսզի այդ իրավիճակում խուսափեին պատերազմից:
«Ես ցանկանում եմ արձանագրել, որ մինչեւ այս պահը ընդդիմությունից պատասխան չունենք»,-ասել է Էդուարդ Աղաջանյանն ու հավելել՝ «Սա խոսում է այն մասին, որ բոլոր այս թեմաների վերաբերյալ ընդդիմության պնդումներն ու հարցադրումները բացարձակապես այլ նպատակներ ունեն եւ կարեւորագույնը՝ հանրությանը մոլորության մեջ գցելն է»:
Նա նաեւ հիշեցրել է, որ նույն հարցուպատասխանի ժամանակ վարչապետն առաջարկել է փակ ձեւաչափով հանդիպում ունենալ ընդդիմադիր գործընկերների հետ որոշակի գաղտնիություն պարունակող հարցերի շուրջ, բայց ընդդիմությունն այդպես էլ չի ընդունել հանդիպման հրավերը: