Դեկտեմբերի 13-ին ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցների ընթացքում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն անդրադարձել է իրենց խմբակցության՝ կալանքից ազատ արձակված պատգամավորներին:
«Օգոստոսի 2-ին՝ 8-րդ գումարման ԱԺ առաջին նիստում, մեր խմբակցությունը, «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարում էինք, որ կալանավորումն աբսուրդ է պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի դեպքում, եթե չկա ԱԺ համաձայնությունը: Մի քանի անգամ նույնիսկ Սահմանադրության 96-րդ հոդվածը բառացիորեն ընթերցվել է ԱԺ նիստի ընթացքում, այդ ընթերցողներից մեկը ես եմ եղել: Բայց դուք տեսա՞ք՝ որքան պետք է տեւեր այս գործընթացը, որ այս պարզ ճշմարտությունն արձանագրվեր»,-ասել է Արամ Վարդեւանյանը:
Պատգամավորը, նշել է. «Ոչ մեկը ոչ մի լուծում չտվեց՝ բացառությամբ Սահմանադրական դատարանի, որը, իհարկե, ծայրահեղ միջոց է, բայց կյանքը ցույց տվեց, որ գործուն միջոց էր»:
Նշենք, որ Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 9-ին բավարարել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների դիմումը՝ արձանագրելով, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ: Դեկտեմբերի 10-ին դատարանի որոշմամբ ազատ էին արձակվել խմբակցության անդամներ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը եւ Արթուր Սարգսյանը: