ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ին աշխատանքային քննարկման էր հրավիրել ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ Կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչներին՝ քննարկելու համար կրթության ոլորտի խնդիրներն ու դրանց կարգավորմանն ուղղված որոշ ծրագրեր:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձել է Կրթության տեսչական մարմնի գործառույթներին ու գործունեությանը՝ ընդգծելով, որ կառույցի գործունեությունը կանոնակարգող օրենսդրությունն անհրաժեշտ է բարեփոխել՝ ելնելով այն տրամաբանությունից, որ տեսչական մարմիններն ստուգվող կառույցներին պետք է օգնեն, այլ ոչ թե լինեն «բռնող», ինչպես եղել է:
Կրթության որակի բարձրացման համար անհրաժեշտ է հստակ քայլեր կատարել՝ սկսած օրենսդրական դաշտի բարելավումից մինչեւ տեսչական մարմնի գործունեության վերարժեւորում, նշել է Հովհաննես Հովհաննիսյանը: Հանձնաժողովի փոխնախագահը նաեւ անհրաժեշտ է համարել բարձրացնել տեսուչների որակավորումն ու գիտելիքները՝ իրականացնելով վերապատրաստումներ: Ըստ նրա՝ տեսուչի հետ ստուգվող կրթական հաստատություններ պետք է գործուղել նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչն արդյունավետ կարող է լինել կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից:
Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը հայտնել է, որ կրթության ոլորտում տեսչական խնդիրները կարգավորելու համար մշակվում է օրենքի նախագիծ, որը հավանաբար խորհրդարանի քննարկմանը կներկայացվի աշնանային նստաշրջանի ընթացքում: Ըստ նրա՝ կրթության ոլորտում գործող օրենսդրությունը թույլ չի տալիս իրականացնել պետական վերահսկողություն բնագավառում, ինչն էլ խոչընդոտում է սովորողներին որակյալ կրթության մատուցումը, քանի որ այն չունի ազդեցիկ ներազդման մեխանիզմներ, երբ խախտումներ են հայտնաբերվում ստուգվող հաստատություններում:
Հրավիրված պաշտոնատար անձինք ներկայացրել են ոլորտի խնդիրները, անդրադարձել դրանց լուծման իրենց տեսակետներին:
Հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը պատրաստակամություն է հայտնել պարբերաբար կազմակերպել քննարկումներ, երբ օրենքի նախագիծն առավել որոշակի կդառնա: