National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
27.02.2019
ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները մանրամասներ են ներկայացրել ձմեռային նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ
1 / 4

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատվիրակության անդամներ Անի Սամսոնյանը եւ Համազասպ Դանիելյանը փետրվարի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսում մանրամասներ են հայտնել փետրվարի 21-22-ը Վիեննայում տեղի ունեցած ձմեռային նստաշրջանի աշխատանքներից: Նշենք, որ այս կառույցում ներկայացված է 57 երկիր:

Հայկ Կոնջորյանի տեղեկացմամբ՝ պատվիրակությունն ակտիվ աշխատել է ԵԱՀԿ ԽՎ երեք հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստում, ունեցել ելույթներ, ներկայացրել Հայաստանում տեղի ունեցած եւ ընթացող գործընթացները:

«Ակնհայտ էր, որ Հայաստանի միջազգային հեղինակությունն ու վարկանիշը բավական բարձր էր այս հարթակում: Բազմաթիվ պատվիրակություններ եւ դրանց ղեկավարներ ցանկություն էին հայտնում հանդիպել մեզ հետ, քննարկել, ինչպես նաեւ տեղեկանալ մեր երկրում տեղի ունեցած գործընթացների վերաբերյալ»,-նշել է բանախոսը:

Պատվիրակության ղեկավարի տպավորությամբ՝ այժմ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը կապված է ոչ միայն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի հետ, այլեւ ժողովրդավարության զարգացումներով եւ համապատասխան ինստիտուտների կայացմամբ: Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացների, մասնավորապես նախորդ տարվա դեկտեմբերի 9-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների կապակցությամբ ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունն այդ օրերին ղեկավարած Պիտեր Օսուցկին եւ շեշտել, որ ընտրություններն անցել են մարդու եւ ժողովրդավարության հիմնարար իրավունքներին ու ազատություններին համահունչ, իսկ նախկինում եղած ընտրախախտումներն ու արատավոր երեւույթները չեն եղել: «Սա հայ ժողովրդի հաղթանակն է»,-շեշտել է նա՝ հավելելով, որ վերջին 20 տարում դա իր տեսած ամենատպավորիչ ընտրությունն է եղել եւ ինքն ականատես է եղել հայկական հրաշքի:

Անի Սամսոնյանը Մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովում խոսել է մամուլի ազատության խնդիրներից: Նա նշել է, որ Հայաստանում լրատվամիջոցներն ընդհանուր առմամբ ազատ են, սակայն կան մարտահրավերներ կապված չճշտված լուրերի եւ ապատեղեկատվության տարածման հետ: Պատգամավորը մտավախություն է հայտնել, որ դրանց դեմ պայքարը կարող է վնասել չորրորդ իշխանության՝ ԶԼՄ-ների աշխատանքին:

ԵԱՀԿ ԽՎ-ում այս հարցով ներկայացուցիչը նույնպես դա գլոբալ խնդիր է համարել եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել միասնաբար գտնել լուծման ուղիներ:

Իր եւ պատվիրակության անդամների աշխատանքին անդրադարձել է նաեւ Համազասպ Դանիելյանը, որն աշխատել է Գիտության, տնտեսության, բնապահպանության հարցերի հանձնաժողովում: Այնտեղ քննարկման հատուկ թեմա է եղել կոռուպցիայի դեմ պայքարը, որի առնչությամբ ելույթ է ունեցել նաեւ հայ պատվիրակը: Մեկ այլ քննարկման անդրադառնալով՝ Համազասպ Դանիելյանը նշել է ֆրանսիացի պատվիրակի հնչեցրած այն տեսակետը, որում նա կարեւորել է Արցախի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցությունը հակամարտության կարգավորման վերաբերյալ քննարկումներին:

Հայկական պատվիրակության անդամներն ընդհանուր առմամբ դրական են գնահատել իրենց առաջին այցը, կարեւորել կառույցում հետագա աշխատանքը՝ ի շահ մեր երկրի:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am