«Բաց դռներ» ծրագրի շրջանակում հունիսի 13-ին ՀՀ Ազգային ժողով են այցելել Երեւանի համար 200 հիմնական դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները: Նրանք շրջել են խորհրդարանում, հետեւել նիստի աշխատանքին:
Հյուրերի հետ հանդիպել է ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Նա աշակերտներին ներկայացրել է Ազգային ժողովի կառուցվածքն ու գործունեությունը՝ նշելով, որ խորհրդարանն այն կառույցն է, որտեղ ընդունվում են տարբեր ոլորտները կարգավորող օրենքները:
Ռուզաննա Մուրադյանը խոսել է նաեւ Ազգային ժողովի աշխատանքների հիմնական սկզբունքների, սահմանադրական բարեփոխումների եւ խորհրդարանական կառավարման համակարգի առավելությունների, կրթական ոլորտի, մասնավորապես Բոլոնյան համակարգի արդյունավետության, շրջակա միջավայրի պահպանման խնդիրների մասին:
Պատգամավորը նշել է, որ դպրոցն այն դարբնոցն է, որտեղ կրթվում եւ դաստիարակվում են հայրենիքի արժանի քաղաքացիներ: