ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 10-ին խորհրդարան էին այցելել Երեւանի Հյուսիսային համալսարանի ուսանողներն ու դասախոսները: Բաց դասը վարել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:
Հանդիպումից առաջ հյուրերը նախ շրջել են Ազգային ժողովի շենքում, եղել են նիստերի դահլիճում եւ հետեւել պատգամավորների աշխատանքին:
Հանձնաժողովի նախագահը, ողջունելով հյուրերին, առաջարկել է մի փոքր շեղվել ընդունված կարգից եւ այս անգամ չներկայացնել ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատակարգն ու գործունեության ոլորտները՝ սպասելով դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեի վերջնական արդյունքներին: Պարոն Դավթյանը հորդորել է հանդիպումն անցկացնել հարցուպատասխանի ձեւաչափով:
Ուսանողներն իրենց հարցերն են ուղղել պատգամավորին, որոնք վերաբերել են Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին ուսումնական հաստատությունների մասնակցությանը, հայ կանանց եւ աղջիկների՝ ՀՀ զինված ուժերում ներգրավվածությանը, ուսման վարձավճարներին, զորամաս-ուսումնական հաստատություն համագործակցությանը, հայ-թուրքական եւ ռուս-թուրքական հարաբերություններին եւ այլն:
Այցի ավարտին հյուրերն ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ: