Նոյեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի hամատեղ նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված ֆինանսավորումը արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկ համակարգի եւ բնական պաշարների, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության, կադաստրի ոլորտներին:
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրեց նշված ոլորտների բյուջետային հատկացումների ընդհանուր պատկերը, իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը ներկայացրին նախատեսվող հատկացումների բաշխումն ըստ առանձին բնագավառների:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության
ծախսային ծրագրերի համար առանց նպատակային վարկային ծրագրերի շրջանակներում հատկացվող միջոցների եւ պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի նախատեսվում է հատկացնել 807.9 մլն դրամ, այդ թվում` «Աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին» ծրագրի համար նախատեսվել է 151.2 մլն դրամ, «Զբոսաշրջության աջակցության ծառայություններ» ծրագրի համար` 50.0 մլն դրամ, «Ստանդարտների մշակման ծառայություններ» ծրագրի համար` 14.2 մլն դրամ, «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայություններ» ծրագրի համար` 80.0 մլն դրամ, «Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացում» ծրագրի համար` 163.2 մլն դրամ, «Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կանոնադրական խնդիրների իրականացմանը» ծրագրի համար` 264.7 մլն դրամ, «Պետական կարիքների համար ապրանքների, աշխատանքների կողմնորոշիչ գների մեթոդաբանական, վերլուծական եւ տեղեկատվական ծառայություններ» ծրագրի համար` 50.6 մլն դրամ, «Տեխնիկական կանոնակարգի պահանջների եւ չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման վերահսկողության պետական ծրագիր» ծրագրի համար` 30.0 մլն դրամ:
Էներգետիկայի եւ բնական պաշարների
ոլորտին առանց նպատակային վարկային ծրագրերի շրջանակներում ստացվող միջոցների եւ պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի նախատեսվում է հատկացնել 35.8 մլն դրամ: Մասնավորապես` «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծման ծառայություններ»` 29.6 մլն դրամ, «Ընդերքի մասին տեղեկատվության տրամադրման ծառայություն»` 6.2 մլն դրամ:
Բացի այդ` էներգետիկայի ոլորտում 2012 թվականին նախատեսվում է շարունակել եւ իրականացնել մի շարք վարկային ծրագրեր:
Տրանսպորտի եւ կապի
ոլորտին առանց վարկային ծրագրերի եւ պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի նախատեսվում է հատկացնել 17715.7 մլն դրամ:
«Ավտոճանապարհների պահպանում եւ շահագործում» ծրագրին նախատեսվում է 5549.9 մլն դրամ: Կիրականացվեն 3200 կմ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ նորոգման եւ ձմեռային պահպանության, նշագծման աշխատանքները, ինչպես նաեւ մի շարք կամուրջների եւ թունելների շահագործումը:
«Մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանում, ընթացիկ պահպանում եւ շահագործում» ծրագրին նախատեսվում է 760.0 մլն դրամ: Կիրականացվեն 3115.9 կմ մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանության, ինչպես նաեւ ճանապարհների ընթացիկ նորոգման աշխատանքները;
«Հեռահաղորդակցության եւ կապի կանոնակարգման ծառայություններ» ծրագրով «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի պահպանման համար 2012թ. նախատեսվում է հատկացնել 376.6 մլն դրամ:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին երկաթուղով ուղեւորափոխադրումներից առաջացած վնասի փոխհատուցման նպատակով նախատեսվում է վճարել 155.0 մլն դրամի սուբսիդիա:
«ՀՀ համայնքային բյուջեներին նպատակային հատկացումների, սուբվենցիաների տրամադրում» ծրագրին նախատեսվում է 5293.5 մլն դրամ, «Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքների կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորում» ծրագրին` 1406.7 մլն դրամ, «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրին` 3,845.6 մլն դրամ, «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» ծրագրին` 154.4 մլն դրամ:
Բացի այդ` տրանսպորտի ոլորտում 2012 թվականին նախատեսվում է շարունակել եւ իրականացնել մի շարք վարկային ծրագրեր:
Քաղաքաշինության
ոլորտում
նախատեսվում են 13.4 մլրդ դրամի ծախսեր: Հատկացվող միջոցների հաշվին նախատեսվում է իրականացնել հետեւյալ ծրագրերը. Կրթական հաստատությունների օբյեկտների հիմնանորոգման եւ բարելավման համար նախատեսվել է 7,709.2 մլն դրամ, Մշակութային հաստատությունների բարելավման համար` 631.0 մլն դրամ, «Հուշարձանների վերանորոգում եւ վերականգնում» ծրագրի համար` 215.0 մլն դրամ:
Բնակարանային ապահովման եւ շինարարության նպատակով նախատեսվել է 4,531.9 մլն դրամ: Ծախսերի գերակշիռ մասն ուղղվելու է երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային ապահովմանը` 4,031.9 մլն դրամ:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի
ֆինանսավորումը կատարվում է օրենքով եւ պահպանել է 2011 թվականի մակարդակը` համապատասխանաբար 417,970 մլն եւ 210 մլն դրամի սահմաններում, իսկ Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրին
նախատեսվում է հատկացնել 4,93 մլրդ դրամ:
Նիստի երկրորդ մասը վերաբերում էր եկամուտների ձեւավորմանը, հարկային եւ մաքսային քաղականությանը,
ինչը ներկայացրին ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը եւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:
2011 թվականի յոթ ամիսների դրական զարգացումները եւ համաշխարհային տնտեսությունում աճի կանխատեսումները իրատեսական են դարձնում 2011 թվականի տնտեսական աճի տեմպի (4.6 տոկոս) կանխատեսումը:
2012 թվականի համար ծրագրված հարկային եկամուտների եւ պետական տուրքերի 732.3 մլրդ դրամ մակարդակը գերազանցում է 2010 թվականի համադրելի փաստացի մակարդակը 141.1 մլրդ դրամով, իսկ 2011 թվականի ծրագրային մակարդակը` 82.3 մլրդ դրամով:
Օրենսդրական փոփոխությունների եւ վարչարարական միջոցառումների իրականացումից 2012 թվականին ակնկալվում է հավաքագրել 39.7 մլրդ դրամ:
Պետական տուրքերի մասով 2012 թվականի բյուջետային մուտքերը ծրագրվել են 21,148.3 մլն դրամի չափով: Նախագծով պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասով ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի մուտքերը նախատեսվել են 142.1 մլրդ դրամ, իսկ այլ եկամուտների մասով մուտքերը` 20.9 մլրդ դրամ:
2012 թվականի պետական բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 910.0 մլրդ դրամի չափով կամ 2011 թվականի համար հաստատված 852.4 մլրդ դրամ, 2010 թվականին փաստացի ստացված 759.7 մլրդ դրամ համադրելի գումարների համեմատությամբ համապատասխանաբար 6.8%-ով եւ 19.8%-ով ավելի:
ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրավորվել է 1,042.56 մլրդ դրամ:
ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվեցին «Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները: