Նոյեմբերի 8-ին Հայաստանի Երիտասարդական խորհրդարանի եւ Վրաստանի Երիտասարդական խորհրդարանի անդամների հետ հանդիպեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Արփինե Հովհաննիսյանը:
Ողջունելով բարեկամ երկրի երիտասարդների այցը Հայաստան` Արփինե Հովհաննիսյանն անդրադարձավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ստեղծված Հայաստանի Երիտասարդական խորհրդարանի ձեւավորման նախադրյալներին ու նպատակներին` նշելով, որ այն հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին բարձրաձայնել իրենց խնդիրները, առավել սերտ շփվելու իշխանության ներկայացուցիչների հետ եւ վերջիններիս ներկայացնել իրենց հուզող հարցերը: Այն նաեւ յուրահատուկ դպրոց է, որ թույլ է տալիս ունենալ առավել պատրաստված երիտասարդություն եւ ձեւավորել խորհրդարանական ուրույն մշակույթ:
Վրաստանի Հանրապետության Երիտասարդական խորհրդարանի նախագահ Թեոնա Լավրելաշվիլին շնորհակալություն հայտնելով ցուցաբերված ջերմ հյուրընկալության եւ ընդունելության համար` հույս հայտնեց, որ երկու երկրների երիտասարդ սերնդի համագործակցությունը կխթանի մեր երկու երկրների հարաբերությունների առավել խորացումն ու զարգացումը:
Անդրադառնալով նախորդ օրը ստորագրված Համագործակցության հուշագրին, Արփինե Հովհաննիսյանն այն որակեց որպես համագործակցության եւ համատեղ ճանապարհի լավ սկիզբ: