National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.12.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
19.12.2008
Խորհրդարանական լսումներ «Հեռուստաեթերի բովանդակության եւ հեռուստագովազդի օրենսդրական կարգավորման շուրջ» թեմայով

Դեկտեմբերի 19-ին Ազգային ժողովում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ «Հեռուստաեթերի բովանդակության եւ հեռուստագովազդի օրենսդրական կարգավորման շուրջ» թեմայով, որը նախաձեռնել էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը:

Լսումներին մասնակցում էին պատգամավորներ, ոլորտի մասնագետներ, հայոց լեզվի մասնագետներ, լրագրողներ, հ/կ-ների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ողջունելով ներկաներին, տեղեկացրեց, որ լսումները կազմակերպվել են, քանի որ էլեկտրոնային լրատվամիջոցների վերաբերյալ օրենսդրական դաշտը բարեփոխումների կարիք ունի, ինչին էլ ուղղված է ներկաներին բաժանված «ովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը, որը հեղինակել են պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Նաիրա Զոհրաբյանը, Անահիտ Բախշյանը եւ Հեղինե Բիշարյանը: Նա առաջարկեց ծանոթանալ ներկայացված փոփոխություններին եւ տալ գրավոր առաջարկություններ եւ օրենսդրական փաթեթի, եւ ընդհանրապես ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ:  Անդրադարձ եղավ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին » ՀՀ օրենքին. նշվեց, որ այն փոփոխությունների կարիք ունի, ապահովված չեն վերահսկողական գործառույթները եւ այլն:

Պարոն Աշոտյանը դրական գնահատեց նման քննարկումները, քանի որ, ըստ նրա, դրանց բարերար ազդեցությունն ակնհայտ է: Որպես օրինակ նա իրազեկեց, որ հեռուստասերիալ ցուցադրող հեռուստաընկերություններից մեկը եթերում հնչած քննադատությունից հետո փոխել է սերիալի արժեհամակարգային մոտեցումը:

Հեռուստաեթերի բովանդակության եւ հեռուստագովազդի լեզվի  վերաբերյալ իր տեսակետները ներկայացրեց ՀՀ կրթության  եւ գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության պետ Լավրենտի Միրզոյանը: Նա նշեց, որ 15 տարի է, ինչ գործում է «Լեզվի մասին» օրենքը եւ պաշտպանում մայրենի լեզուն: Պարոն Միրզոյանը հիշեցրեց, որ հայերենի` պետական լեզու լինելու կարգավիճակը ամրագրված է  ՀՀ Սահմանադրությամբ եւ լեզվաքաղաքականության հիմնադրույթները սահմանված են «Լեզվի մասին» ՀՀ օրենքով:   Նա նկատեց, որ ներկայիս համաշխարհայնացման պայմաններում որպես ազգապահպան գործոն առավելագույնս կարեւորվում է պետական լեզվի` ՀՀ տարածքում լիակատար գործածության ապահովումն ու պաշտպանվածությունը: Պարոն Միրզոյանն անդրադարձավ օրենքում առկա թերություններին եւ հեռուստաեթերի, մասնավորապես` գովազդի լեզվին: Ըստ նրա,  հայոց լեզուն հեռուստաեթերում աղավաղվում է անընդհատ, հնչում են հասարակաբանություններ, գռեհկաբանություններ, հայերենը հաճախ հնչում է օտար շեշտադրությամբ, սխալ հայերենով մատուցվում են գովազդային հոլովակներ եւ դրանով իսկ գովազդում սխալ հայերենը:  Ըստ նրա, այդ ամենի պատճառը որոշ լրագրողների, գովազդ պատրաստողների  կրթական ցածր մակարդակն է: Հեռուստաեթերում հայերենի անաղարտության պահպանման համար, ըստ պարոն Միրզոյանի, անհրաժեշտ է մշակել նոր հայեցակարգ լեզվական քաղաքականության մասին, օրենքներում կատարել փոփոխություններ, սահմանել, որ հաղորդումները պետք է հեռարձակվեն գրական հայերենով, արգելել գռեհկաբանությունը, հասարակաբանությունը: 

Քննարկվող հարցերի վերաբերյալ իր տեսակետները ներկայացրեց Հայկական գովազդային խորհրդի նախագահ Արմեն Մարտիրոսյանը, ում կարծիքով, 1996 թվականին ընդունված «ովազդի մասին» օրենքը եղել է թերի, թերի են եղել կատարված փոփոխությունները: Ըստ նրա, գովազդի բնագավառում կատարված սխալները եւ վրիպակները կարող են  բարոյական, հոգեկան եւ ֆիզիկական մեծ  վնասներ հասցնել հեռուստադիտողներին: Նա եւս համամիտ էր, որ հեռուստաեթերից պետք է հնչի միայն մաքուր, անաղարտ հայերեն: Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, Հայաստանում արտադրվող գրեթե ոչ մի հեռուստագովազդ չի համապատասխանում միջազգայնորեն ընդունված որեւէ չափանիշի: Բազմաթիվ գովազդային հոլովակներ, որոնք նախատեսված չեն երեխաների համար, ցուցադրվում են ցերեկային ժամերի, գովազդային հոլովակների ձայնն ավելի բարձր է, քան հաղորդման ձայնը եւ այլն: Պարոն Մարտիրոսյանն անդրադարձավ ոլորտում եւ «ովազդի մասին» ՀՀ  օրենքում առկա թերություններին եւ ներկայացրեց առաջարկություններ: Առաջարկվեց ստեղծել գովազդը  վերահսկող մարմին, ինչպիսիք գործում են ԱՊՀ մի շարք երկրներում:

Ոլորտի վերաբերյալ իր մտահոգությունները ներկայացրեց նաեւ «Տելեմեդիակոնտրոլ-JFK» ընկերության տնօրեն Տիգրան Սաֆարյանը: Նա ողջունելի համարեց ոլորտում նախատեսվող բարեփոխումները, նշելով, որ այն, ինչ ցուցադրվում է հեռուստաեթերում` հեռու է որակ, ճաշակ եւ հայերեն հասկացություններից: Նա ինչ -որ չափով հասկանալի համարեց հեռուստաեթերի ոչ բարձր որակը: Ըստ նրա, հեռուստատեսությունները գտնվում են անցումային փուլում եւ այս ամենը ցանկացած պետության զարգացման ճանապարհին հանդիպող ժամանակահատված է, որից հնարավոր չէ խուսափել: Նա եւս անդրադարձավ հեռուստագովազդի խնդիրներին, նշեց, որ դրանք ցուցադրվում են նախատեսվածից շատ . ըստ նրա, այս առումով օրենքը խախտվում է ամեն օր: Նա եւս առաջարկեց ստեղծել մասնագիտացված մարմին, որը կվերահսկի գովազդային հոլովակները: Ըստ նրա, միության ստեղծումը հնարավորություն կտա առավել ճկուն դարձնել ոլորտում առկա հարաբերությունները:  Ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում: Ելույթներում հնչող հիմնական մտահոգությունը հեռուստագովազդների լեզուն էր: Ելույթ ունեցողներից շատերը օրախնդիր էին համարում եթերից գռեհկաբանության, անգրագիտության վերացումը, համարելով, որ հեռուստատեսությունը պետք է բարձրացնի հասարակության մակարդակը եւ ոչ թե իջեցնի: Առաջարկություն եղավ կազմակերպել այլ լսումներ եւ գտնել բարձրացված հարցերի լուծման ուղիները:

Եզրափակիչ ելույթում հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը շնորհակալություն հայտնեց նպաստավոր  քննարկման համար եւ առաջարկեց ներկայացնել առաջարկություններ:  





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am