National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.10.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
03.10.2005
Կարեւորվեց ֆինանսական աջակցությամբ ծնելիության խթանումը

ՀՀ Ազգային ժողովի` հոկտեմբերի 3-ի հերթական քառօրյա նիստերն սկսվեցին նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի հաստատումով, այնուհետեւ ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ նիստում քննարկված 10 օրենքի նախագծեր եւ 11 միջազգային պայմանագրեր:

Ազգային ժողովը քննարկեց ՀՀ կառավարության եւ ԱԺ պատգամավորներ Արթուր Բաղդասարյանի, Սամվել Բալասանյանի, Գալուստ Սահակյանի եւ Լեւոն Մկրտչյանի կողմից երկրորդ ընթերցման ներկայացված «Պետական նպաստների մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցողը` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը, գոհունակությամբ նշեց, որ ներկայացված եւ քննարկվելիք սոցիալական ոլորտին վերաբերող օրինագծերը բխում են կոալիցիայի եւ ՀՀ կառավարության որդեգրած սոցիալական ոլորտի առաջնահերթության քաղաքականությունից: Նա տեղեկացրեց, որ առաջին ընթերցումից հետո կատարված առաջարկությունների հաշվառումով օրինագիծը բարելավվել է` միաժամանակ հիշեցնելով, որ օրենքի համահեղինակ պատգամավորների` նախկինում ներկայացրած «Բազմազավակ ընտանիքների պետական աջակցության մասին» օրինագծի դրույթները ՀՀ կառավարությունն ընդունել է եւ փոխադարձ համաձայնությամբ դրանք ներառվել են միացյալ նախագծում:

ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Մնացական Պետրոսյանը` տեղեկացնելով, որ հանձնաժողովը օրինագծի վերաբերյալ 12 առաջարկություն է արել, որոնցից չի ընդունվել միայն մեկը:

«Օրինաց երկիր» խմբակցության տեսակետը ներկայացնող ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը եւ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը օրինագիծը ազգային անվտանգության եւ զարգացման առումով բարձր գնահատեցին, քանի որ նրա դերը ծնելիության բարձրացման եւ երիտասա րդ ընտանիքների ամրապնդման առումով շատ մեծ է: Բանախոսները պատգամավորների ուշադրությունը հրավիրեցին ընտանիքի անապահովության աստիճանը գնահատող դրույթի վրա` նրա ճիշտ կիրառությունը համարելով անապահով ընտանիքների արդար ընտրության կարեւոր պայման:

         «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը նկատեց, որ ընտանեկան նպաստի գումարի չափը փոքր է եւ առաջարկեց այն բարձրացնել ոչ թե մի քանի հազար դրամով, այլ գոնե հասցնել կենսապահովման նվազագույն զամբյուղի 70 տոկոսին:

Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի կարծիքով` քաղաքական առաջնահերթություններից պետք է կարեւորվի սոցիալական ոլորտին վերաբերող օրենքների ընդունումը: Պարոն Բաղդասարյանը մտահոգություն հայտնեց Հայաստանում դեմոգրաֆիական իրավիճակի, ծնելիության ցածր մակարդակի համար եւ համոզմունք հայտնեց, որ պետության առաջնահերթ խնդիրներ ից մեկը պետք է լինի ֆինանսական աջակցությամբ ծնելիության խթանումը: Քննարկվող նախագիծը երեխայի ծննդյան միանվագ, մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստներ է նախատեսում, սահմանում երեխայի առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնություն, որոնց չափը երկրի զարգացմանը զուգընթաց աստիճանաբար պետք է ավելացնել: Ամենակարեւորը, ըստ բանախոսի, հույսն է, որին միտված քայլեր պետք է արվեն, իսկ գումար կարելի է գտնել կաշառակերության եւ անօրինականության դեմ պայքարելով: Պարոն Բաղդասարյանն առաջարկեց պետական նպաստ ստանալու համար սխալ տեղեկություններ ներկայացնելու համար ոչ թե 6 ամիս նպաստ չվճարել, այլ հնարավորություն ստեղծել, որ սոցիալական աշխատողը օպերատիվ կերպով շտկում կատարի, հիշեցնի նպաստառու ընտանիքի ներկայացուցչին սխալի մասին, հետո միայն կիրառվի համապատասխան դրույթը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդ անյանը, ի պատասխան պարոն Բաղդասարյանի առաջարկության, հավաստիացրեց, որ այս կարգի հարաբերությունները կկարգավորվեն կառավարության համապատասխան որոշումով: Անդրադառնալով ընտանեկան նպաստը կենսապահովման նվազագույն զամբյուղի 70 տոկոսի չափով սահմանելու` Վիկտոր Դալլաքյանի առաջարկությանը` պարոն Վարդանյանը նկատեց, որ նպաստների բարձրացման դեպքում այն կկազմի մոտ 60 տոկոսը, որը բյուջեի ավելացման հետ աստիճանաբար կբարձրանա: Նա տեղեկացրեց նաեւ, որ երեխայի ծննդյան դեպքում միանվագ 35 հազար դրամ է նախատեսվում, իսկ անապահով ընտանիքում ծնունդ լինելու դեպքում ավելանում է եւս 35 հազար դրամով, առաջին դասարան հաճախող երեխային տրվում է 20 հազար դրամ, որը երկրի տնտեսական աճի պարագայում աստիճանաբար կբարձրանա:

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Մաթեւոսյանը ներկայացրեց «Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը մաքսանենգությունը կանխելու եւ մաքսային վերահսկողությունը ա րդյունավետ դարձնելու համար լրացուցիչ պատժամիջոցներ է նախատեսում: Այս նախագծով փակվում է   հանցագործություն կատարելու համար անտեսված սողանցքը, որը հնարավորություն էր տալիս մաքսանենգին թանկ ապրանք ներկրել երկիր` մուծելով հարյուրապատիկ  պակաս տուգանք. այս փոփոխությամբ բռնագրավվում են նաեւ մաքսանենգության առարկաները:

Քննարկվեց ԱԺ պատգամավորներ Տիգրան Թորոսյանի եւ Արարատ Մալխասյանի հեղինակած «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը հեղինակակից Արարատ Մալխասյանի գնահատմամբ` համապատասխանում է միջազգային չափանիշներին եւ զգալիորեն ազատականացված է Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների հաշվառումով:

Հարցի վերաբերյալ «Արդարություն» խմբակցության դիրքորոշումը ներկայացրեց Վիկտոր Դալլաքյանը` առաջարկելով նախագծից հանել երկու դրույթ, որոնցից առաջինով լիազոր մարմինը կարող է հրապարակային միջոցառումների անցկացու մը արգելել հանրապետության նախագահի նստավայրից այնպիսի հեռավորության վրա, որը ոստիկանությունն անհրաժեշտ կհամարի անվտանգության նկատառումներով, երկրորդով կարող է սահմանափակել անժամկետ խաղաղ երթը: Պարոն Դալլաքյանի գնահատմամբ` այս մոտեցումներով արգելք է դրվում Սահմանադրությամբ նախատեսված ազատ երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին դրույթի վրա:

Քննարկվեց  ԱԺ պատգամավորներ Վահան Հովհաննիսյանի, Հրայր Կարապետյանի, Արամայիս Գրիգորյանի, Լեւոն Մկրտչյանի եւ Մհեր Շահգելդյանի ներկայացրած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Նախագծի մի շարք դրույթներ համապատասխանեցվել են «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, հանվել է այն դրույթը, որը վերաբերում է նախկինում դատապարտված լինելու կապակցությամբ զինվորական ծառայության զորակոչի ոչ ենթակա քաղաքացիներին, քանի որ նրանք ոչ թե ձեռք են բերում զորակոչից տարկետման իրավունք, այլ, հաշվի առնելով կատարած արարքի ծանրությունը, չեն զորակոչվում: Սահմանվել են նաեւ պահեստազորի սպաների վճարներ մուծելու կարգն ու պայմանները, կարգավորվել են վճարների մուտքագրման եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները:

ԱԺ պատգամավորները քննարկեցին նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սոցիալական աջակցության մասին», «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերում  պարտադիր սոցիալական ապահովագրության մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին», «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին», «ՀՀ անտառային օրենսգիրք», «Անասնաբուժության մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»,  երրորդ ընթերցման ներկայացված «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» եւ «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծեր:

Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի հոկտեմբերի 4-ին:


03.10.2005
Հանդիպում հանձնաժողովում
Հոկտեմբերի 3-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի  նախագահ Մհեր Շահգելդյանն ընդունեց «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն» ՀԿ – նախագահ Գեորգի Վանյանին,Վրաստանի «ՌԵ» ստուդիայի տնօրեն Մամուկա Կուպարաձեին, ադրբեջանական «Ադրբեջանն այսօր» օրա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am