National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.6.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
27.06.2023
ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է 44-օրյա պատերազմի ընթացքին վերաբերող հարցերին
1 / 3

Հունիսի 27-ին շարունակվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքին բացի պատգամավորներից եւ փորձագետներից մասնակցում են արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ անհետ կորած եւ զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչը: Նրա խոսքով քանի որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները որոշել են չմասնակցել նիստին, հանձնաժողովը ստեղծել  է աշխատանքային խումբ, որը ՀՀ վարչապետի հետ առաջին հանդիպումից հետո ընդդիմադիր գործընկերների բարձրաձայնած հարցերը եւ տեսակետները հավաքագրել է:

«Բանակցային գործընթացի՝ Ձեր ներկայացրած ընթացակարգի մասին խոսելիս Դուք չանդրադարձաք  բանակցային վատթարացող եւ Հայաստանի Հանրապետության  ներքաղաքական գործընթացների փոխկապակցվածությանը, բանակցային գործընթացում մեր դիրքերի թուլացմանն ազդող գործոններին: Մասնավորապես,  երկրի ժողովրդագրական, տնտեսական, գիտակրթական ցուցանիշներն արդյո՞ք չեն ազդել այդ  գործընթացի վրա:  Նույնկերպ պետք է խոսել նաեւ միջազգային դրության եւ աշխարհաքաղաքական գործընթացների մասին, որոնք մեզանից անկախ ազդում էին բանակցային գործընթացի վրա: Հատկապես կարեւոր են ՌԴ-Թուրքիա հարաբերությունները, որոնք դրսեւորվում էին Սիրիայում եւ այլուր, 2014 թվականի ռուս-ուկրաինական կոնֆլիկտը եւ այլն»,-աշխատանքային խմբի պատրաստած հարցն ընթերցել է Անդրանիկ Քոչարյանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր նախորդ ելույթում անդրադարձել է այդ ծավալուն հարցին: «Գիտեք, որ կա այդպիսի վարկած, որի հիմնավորումները նաեւ հրապարակային են, որ, օրինակ, նույն 1999 թվականի իրադարձությունները՝ հոկտեմբերի 27-ը, կապ ունի բանակցային գործընթացի հետ, մասնավորապես տարածքների փոխանակման այդ հայեցակարգի հետ: Սա վարկած է, որը, ըստ էության, մինչ օրս իրավական, քրեաիրավական առումով ապացուցված կամ հիմնավորված չէ, բայց չի էլ բացառվում, որ կարող է քննարկման առարկա դառնալ:

Հաջորդ խնդիրը՝ Դուք նշեցիք տնտեսական եւ ժողովրդագրական գործոնները: Տեսեք, թե ինչ հանգամանքի վրա եմ ուզում մեր բոլորի ուշադրությունը հրավիրել: 1994 թվականին, երբ հաստատվեց զինադադար, ըստ էության արձանագրվեց, որ հայկական կողմը հաղթել է պատերազմում, իսկ ադրբեջանական կողմը՝ պարտվել: Դրանից հետո՝ 20 տարվա ընթացքում, Ադրբեջանի բնակչությունն ըստ էության համարյա կրկնապատկվեց, իսկ Հայաստանի բնակչությունն էականորեն նվազեց: Այստեղ հաղթանակի եւ մարդու հարաբերության շատ կարեւոր խնդիր կա դրված, բայց որը, վստահ չեմ, որ այս ձեւաչափում քննարկելու առարկա է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը եւ հարց տվել, թե ինչո՞ւ այդ հաղթանակի արդյունքում ՀՀ բնակչությունը ոչ թե ավելացավ, այլ նվազեց, ինչո՞ւ այդ հաղթանակի արդյունքում Հայաստանը տնտեսական մրցակցության մեջ չկարողացավ հաղթել Ադրբեջանին: Վարչապետի խոսքով սա ուղիղ կապ ունի անվտանգության եւ ռազմական բյուջեների եւ այլ իրողությունների հետ:

Անդրադառնալով ներքաղաքական հարցերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 1997-1998 թթ. ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացը եւ Լեռնային Ղարաբաղի հարցը ներքաղաքական էական ազդեցություն են ունեցել առնվազն ֆորմալ տեսանկյունից: «Գիտեք՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հրաժարականը պատճառաբանել է Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ ունեցած հայեցակարգային տարբերություններով: Ասեմ` հարցը շատ ծավալուն է, որ կարճ պատասխանեմ: Եթե կարճ՝ այսքանը»,-ամփոփելով՝ նշել է Նիկոլ Փաշինյանը:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք պատերազմ տանող կոնվեերն անհնար էր կանգնեցնել:

«Ոչ, չեմ կարծում, եթե մենք չպետք է հրաժարվեինք Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմից դուրս լինելու տեսլականից: Մենք այդ պահին կարող էինք ասել, որ մենք հրաժարվում ենք Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու տեսլականից եւ գնայինք այդ ճանապարհով, որը, իհարկե, չի երաշխավորում, որ պատերազմից հնարավոր կլիներ խուսափել»,-ասել է ՀՀ վարչապետը՝ պատերազմական կոնվեերից բացի անդրադառնալով նաեւ «պատերազմի խաչմերուկներին»: «Պատերազմի մեկ գծանի կոնվեերին հաջորդում են պատերազմի խաչմերուկները՝ բանակցային բովանդակությամբ: Պատերազմի խաչմերուկներից մեկը Լաչինի միջանցքի հետ կապված ճշգրտումներն էին, որոնք, ըստ էության, Կազանում ճշգրտված չէին, հետագայում ավելի պակաս էին ճշգրտված: Այստեղ պետք է լիներ որոշակի քննարկում»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:  Նրա խոսքով պատերազմի հաջորդ խաչմերուկները Լեռնային Ղարաբաղի հայ եւ ադրբեջանական համայնքների ներգրավման, դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հնարավոր գործընթացներն էին:

Վարչապետին ուղղված հաջորդ հարցը վերաբերել է պատերազմի ընթացքում Հայաստանի եւ Արցախի ռազմաքաղաքական իշխանությունների փոխվստահությանը: Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ տարաբնույթ խոսակցություններ կային լուրջ տարաձայնությունների մասին. Արցախի քաղաքական իշխանություններից գալիս էին տարբեր տեղեկություններ ճակատի մասին, ՀՀ ԶՈւ եւ ԳՇ տեղեկությունները շատ դեպքերում չէին համապատասխանում Արցախի իշխանության փոխանցած տեղեկատվությանը:

«Պատերազմի ընթացքում եւ դրանից հետո չեմ հիշում Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարության հետ ունեցած որեւէ տարաձայնության եւ տարընթերցման մասին»,-շեշտել է ՀՀ վարչապետը՝ հավելելով. «ԼՂ նախագահն ինձ տվել է տեղեկություն այս կամ այն հատվածում տեղի ունեցած ռազմական իրադրության մասին, որը ԳՇ-ում եւ ՊՆ-ում ճշտելով՝ դեպքերի ճնշող մեծամասնությամբ ես ԼՂ նախագահի տված տեղեկատվության հերքում եմ ստացել: Սակայն, միեւնույն ժամանակ, դեպքերի մեծամասնությամբ մեկ կամ երկու օր հետո ԳՇ-ն ստիպված էր հաստատել այդ տեղեկությունը»: Զեկույցների հավաստիությունը ՀՀ վարչապետը համարել է ամենամեծ խնդիրը:

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը հետաքրքրվել է, թե վարչապետը 2019 թվականին տիրապետե՞լ է բանակցային գործընթացին այն ծավալով, որը ներկայացրել է քննիչ հանձնաժողովում, այսինքն՝ իր համար պա՞րզ է եղել, թե բանակցություններն ուր են գնում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2019 թվականին  բանակցային այս գործընթացն աշխատանքային մակարդակում  նա անվանել է պատերազմական «կոնվեեր», քանի որ տրամաբանությունն այն է՝ խաղաղությամբ, բանակցություններով տուր ինձ այն, ինչ ուզում եմ, այլապես այդ նույնը կստանամ պատերազմով: «Իմ խնդիրը եղել է հետեւյալը՝ փորձել հասկանալ, թե ի՞նչ գործոններ կան, որոնք կարող են այս «կոնվեերը»  կանգնեցնել: Այո՛, ես խոստովանում եմ, որ չեմ կարողացել այդ «կոնվեերը» կանգնեցնել»,-ասել է վարչապետը:

Արդյո՞ք 44-օրյա պատերազմից առաջ քննարկվել է արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հարց: Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ նման հարց չի քննարկվել: «Ընդհակառակը, մեր ընկալումը եղել է այն, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը կարող է շատ ծանր հետեւանքներ ունենալ առաջին հերթին հենց Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում»,- հավելել է վարչապետը:

Պատերազմը կանխելու միջոցներից խոսելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է դիվանագիտական ճկունությանը, կարեւորել 2007-2016 թթ. դիվանագիտական գործընթացը՝ նշելով, որ դա բերեց պատերազմի, որը սկսվեց եւ դե յուրե չավարտվեց:

ՀՀ վարչապետը նշել է, որ իր հասցեին կարող է հնչել լեգիտիմ մեղադրանք, թե 2022 թ. մամուլի ասուլիսի ընթացքում արված հայտարարություններն ինչո՞ւ ավելի վաղ, օրինակ, 2019 թ. մայիսին չի հնչեցրել: «Այո՛, այդ հայտարարությունները չանելը բերել է հետեւանքներ: Խնդիրն այն է, իսկ հայտարարություններ անելն ի՞նչ արդյունքների եւ հետեւանքների կբերեր», -արձանագրել է ՀՀ վարչապետը:

Ռազմական գործողությունների ընթացքում մեղավորների մասով հարցին ի պատասխան՝ վարչապետը փաստել է՝ կան հարուցված քրեական գործեր, մեղադրյալներ, եւ դատարանը կորոշի՝ ով ինչպես է պահել իրեն:

Հարց է հնչել նաեւ Ադրբեջանի կազմում ԼՂ ինքնավարություն ունենալու մասին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԼՂ ասելով՝ միջազգային հանրությունը միշտ նկատի է ունեցել մի տարածք, որտեղ ապրում են հայեր եւ ադրեջանցիներ, որոնք ունեն ինքնավարություն: Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ երբեք ու ոչ մի բանակցային տրամաբանության մեջ այդ հարցը չի շրջանցվել:

Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է 2020 թ. հուլիսյան դեպքերը, դրվագներ ներկայացրել պաշտոնատար անձանց հետ ունեցած իր խոսակցություններից, իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ պատերազմի օրերին Արցախում գտնվելու եւ որդու՝ Աշոտ Փաշինյանի՝ ռազմական գործողություններին մասնակցելու եւ հանձնաժողովին հետաքրքրող մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

Միասնական հարցաշարից բացի նիստի մասնակիցները վարչապետին ուղղել են նաեւ այլ հարցեր բանակի սպառազինության, ռազմական բյուջեի, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ երկկողմ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի, եռակողմ հայտարարությանը հաջորդած քաղաքական ներքին գործընթացների, ընդդիմության գործունեության, բանակցային փուլերի վերաբերյալ:

Քննիչ հանձնաժողովի նախորդ նիստում վարչապետի ելույթին տարբեր հարթակներում արձագանքել են ընդդիմադիր գործիչները: Այդ արձագանքները հարցադրումների ձեւաչափով ներկայացրել է պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: ՀՀ վարչապետը բոլոր հարցերի առնչությամբ ներկայացրել է ծավալուն պարզաբանումներ:

Նիստի մնացած մասն անցկացվել է դռնփակ ձեւաչափով:


27.06.2023
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական հարաբերությունների խորացման հեռանկարներն ու ծրագրերը
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը  հունիսի 27-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Կողմերը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական հարաբերությունների հետագա խորացման հեռանկարներն ու ծրագրերը: Կարեւորվել է ՀՀ խորհրդարանի...

27.06.2023
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Բունդեսթագի պատգամավոր Մերլե Շպելերբերգի գլխավորած պատվիրակությանը
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 27-ին հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մերլե Շպելերբերգի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին` Սարգիս Խանդանյանն արժեւորել է Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ ակտիվ համագործակցությունը, կարեւոր...

27.06.2023
Թագուհի Թովմասյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մերլե Շպելերբերգի գլխավորած պատվիրակության հետ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հունիսի 27-ին հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մերլե Շպելերբերգի գլխավորած պատվիրակության հետ: Հանձնաժողովի նախագահը հյուրերին ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը, կարեւորել ...

27.06.2023
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am