National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.7.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
26.07.2023
2024 թ. պետբյուջեի նախնական տարբերակով Ֆինանսների նախարարությանը կհատկացվի շուրջ 335 մլրդ դրամ, իսկ Լեռնային Ղարաբաղին՝ 144 մլրդ դրամ. Վահե Հովհաննիսյան
1 / 7

«ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակով ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային ծրագրերն իրականացնելու համար հաստատված միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսվել է շուրջ 335 մլրդ դրամ: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում հուլիսի 26-ին տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ:

Ըստ նախարարի՝ իր գլխավորած կառույցը մեծությամբ չորրորդ բյուջետային գլխավոր կարգադրիչն է եւ նախարարության բյուջեում են նախատեսված պետական պարտքի սպասարկման գումարները:  Կիրականացվեն չորս՝ «Պետական պարտքի կառավարում», «Հանրային հատվածի ֆինանսական ոլորտի մասնագետների վերապատրաստում», «Հանրային ֆինանսների կառավարման բնագավառում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում եւ մոնիտորինգ» եւ «Գնումների գործընթացի կազմում եւ համակարգում» ծրագրերը:

Վահե Հովհաննիսյանի հավաստմամբ 2024 թվականի պետական բյուջեի պակասուրդը կկազմի 302 մլրդ դրամ, ներքին աղբյուրների հաշվին այն ֆինանսավորվելու է 347.5 մլրդ դրամով, իսկ արտաքին աղբյուրների հաշվին՝ մինուս 45 մլրդ դրամի չափով, գանձապետական պարտատոմսերից ֆինանսավորումը կկազմի 300 մլրդ դրամ, վարկերի փոխատվությունների տրամադրումը կլինի 59 մլրդ դրամի չափով:

ՀՀ ֆինանսների նախարարը նաեւ տեղեկացրել է, որ պետական բյուջեով 2024 թվականի համար տարբեր ոլորտների ծրագրերի իրականացման համար առկա են ֆինանսական միջոցներ:

«Մենք կկատարենք մեր բոլոր խոստումները. նվազագույն կենսաթոշակը կհավասարվի նվազագույն պարենային զամբյուղին, իսկ միջին կենսաթոշակը հավասար կլինի նվազագույն սպառողական զամբյուղին: Ավելացել են երեք երեխա ունեցող ընտանիքների դրամական աջակցության ծավալները: 500 դպրոցի եւ 300 մանկապարտեզի շինարարության համար ֆինանսական միջոցներն առկա են, առնվազն 500 կմ ճանապարհային ցանցի զարգացմանն ուղղված գումարները նույնպես նախատեսված են»,- նշել է նախարարը:

Առաջիկա երեք տարիների ընթացքում պլանավորվում է 7 տոկոս տնտեսական աճ, բարենպաստ պայմաններում՝ 9 տոկոս: Նպատակ է դրվել կապիտալ ծախսերը ՀՆԱ-ում հասցնել 6.6 տոկոսի, ընթացիկ ծախսերը՝ 22 տոկոսի:

Պետական պարտքի առնչությամբ նշվել է, որ պարտքը չի գերազանցի 49 տոկոսը: «50 տոկոսի շեմը չենք անցնելու»,- ասել է նախարարը եւ հավելել, որ 2025 թվականի պետական պարտքի սպասարկման համար նախատեսվում է թողարկել եվրոբոնդեր: Ներկա դրությամբ պետական պարտքը կազմում է 46.7 տոկոս:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը հետաքրքրվել է՝ ՀՀ-ի կողմից Լեռնային Ղարաբաղին տրամադրվող գումարներն արդյոք ծառայո՞ւմ են իրենց նպատակին, հասնո՞ւմ են ԼՂ քաղաքացիներին, որովհետեւ չկա բավարար վստահություն, որ դրանք ծառայում են նպատակին: Ըստ նրա՝ ՀՀ կառավարությունն ու Ազգային ժողովը պետք է բավարար ուշադրություն դարձնեն այդ ծախսերի արդյունավետությանը: Նշվել է, որ անհրաժեշտ կլինի պահանջել որոշակի փաստաթղթեր դրանց վերաբերյալ:

Գեւորգ Պապոյանի առաջարկությամբ Ֆինանսների նախարարն անդրադարձել է վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղին ՀՀ-ի կողմից հատկացվող ֆինանսական միջոցների տրամադրմանը: Ըստ այդմ՝ 2022 թվականի համար պլանավորված է եղել հատկացնել 144 մլրդ դրամ, սակայն իրականում տրամադրվել է 176 մլրդ դրամ: Ըստ Վահե Հովհաննիսյանի՝ ավելացման մի մասը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Լեռնային Ղարաբաղի գործընկերները խնդրել էին 2023 թվականի համար նախատեսված 144 մլրդ-ից 12 մլրդ-ը տրամադրել 2022 թվականի դեկտեմբերին եւ նրանց խնդրանքը կատարվել է: Այդ պատճառով 2023 թվականի համար նախատեսված միջպետական վարկը դարձել է 132 մլրդ: Սակայն Կառավարության որոշումով արդեն իսկ այս տարի տրամադրվել է հավելյալ 20.4 մլրդ դրամ:

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը եւ Կառավարության կողմից եկամուտների գերակատարման որոշակի փաստն առաջին կիսամյակում, նախնական ուսումնասիրելով ստեղծված մակրոտնտեսական իրավիճակը եւ Լեռնային Ղարաբաղում հարկերի հավաքագրման հետ կապված առկա խնդիրները՝ ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնել ավելացնել տրամադրվող գումարի չափը մինչեւ 162 մլրդ դրամ: Եթե անհրաժեշտություն լինի, ապա կավելացնենք եւս 9.6 մլրդ դրամ՝ բացի այն գումարներից, որոնք ամենամսյա կտրվածքով տրամադրում ենք»,- ասել է նախարարը:

Նշվել է, որ 2024-26 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով պլանավորված է յուրաքանչյուր տարի Լեռնային Ղարաբաղին տրամադրել 144 մլրդ դրամ միջպետական վարկ: «Որեւէ նվազման հարց չի քննարկվում: Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ մենք, բնականաբար, մեր հնարավորությունների սահմաններում ավելացնում ենք տրամադրվող գումարների չափը»,- ընդգծել է զեկուցողը:

Նախարարը նաեւ փաստել է, որ մեր քաղաքականությունն է՝ չմիջամտել ԼՂ-ին տրամադրված միջպետական վարկերի օգտագործմանը:

Գեւորգ Պապոյանը փաստել է, որ անհրաժեշտ է միջամտել, քանի որ դրանք ՀՀ քաղաքացիների գումարներն են, որոնք վարկի տեսքով տրամադրվում են ԼՂ-ի քաղաքացիներին: Ըստ նրա՝ ՀՀ քաղաքացները պետք է վստահ լինեն, որ այդ գումարները Երեւանում եւ այլ մեծ քաղաքներում չեն դառնում անշարժ գույք: Նա նաեւ հետաքրքրվել է՝ պատերազմից հետո ԼՂ պետական համակարգում կրճատումներ եղե՞լ են, թե՝ ոչ, աշխատավարձերը բարձրացե՞լ են, ի՞նչն ենք այնտեղ սպասարկում, ի՞նչ կառուցակարգեր են մշակվում դրանք վերահսկելու համար: Ըստ նրա՝ այդ կառուցակարգերում պետք է հստակ նշվեն, թե ինչի համար եւ որտեղ են ծախսվում այդ գումարները:

Վահե Հովհաննիսյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի գործընկերների հետ քննարկում են բոլոր հարցերը: Ըստ նրա՝ առաջիկայում քննարկումները տեղի կունենան հեռավար ձեւաչափով:

Հանձնաժողովի անդամ Արթուր Խաչատրյանի հարցերը հիմնականում առնչվել են պետական պարտքին: Ի պատասխան՝ նախարարը նշել է, որ աշխարհում չկա մի երկիր, որը պարտք չի տալիս եւ պարտք չի վերցնում:


26.07.2023
Թագուհի Թովմասյանը հյուրընկալել է մի խումբ ուսանողների
ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հուլիսի 25-ին խորհրդարանում հյուրընկալել է Հայ-ռուսական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի եւ Յունիվերսալ Հելթքեր Քարիերս քոլեջի ուսանողներին: Հանդիպման ընթացքում պատգամավորը խոսել է խորհրդարանական դիվանագիտության եւ միջազգային իրավունքի մասին: Ա...

26.07.2023
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է «ՀՀ 2024 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակը
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 26-ին քննարկել է մի շարք գերատեսչությունների այն ֆինանսական հատկացումները եւ ծրագրերը, որոնք նախատեսված են «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակում: Աշխատանքային քննարկումը վարել է Տնտեսա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am