National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.6.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
08.06.2021
Խորհրդարանում քննարկվեցին 2020 թվականի պետական բյուջեի՝ առողջապահության եւ սոցիալական ապահովության ոլորտների կատարողականները
1 / 12

ԱԺ առողջապահության եւ սոցիալական ու ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովների  հունիսի 8-ի համատեղ նիստում շարունակվեցին «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները:

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ առողջապահության եւ սոցիալական ոլորտներում  բյուջետային ծրագրերի  իրականացման համար  օգտագործված ֆինանսական միջոցներն ընդհանուր բյուջեի 36 տոկոսն են կազմել:  Ըստ նրա՝ 2020-ը առանձնահատուկ տարի է եղել. կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարելու համար լրացուցիչ հատկացվել է 75 մլրդ դրամ, իրականացվել են   սոցիալական բնույթի հակաճգնաժամային  միջոցառումներ: Առողջապահության նախարարությունն օգտագործել է 141.8 մլրդ դրամ կամ ճշտված ծրագրի 98.2 տոկոսը: Ի սկզբանե  առողջապահության ոլորտին  նախատեսված է եղել հատկացնել 109 մլրդ դրամ, սակայն ճշտված ծրագիրը կազմել է 144.4 մլրդ դրամ, որը  ավելի քան 30 տոկոսով շատ է նախատեսվածից:

13 բյուջետային ծրագրի շրջանակում իրականացվել է 63 միջոցառում:  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն օգտագործել է 548 մլրդ դրամ կամ ճշտված ծրագրի 97.7 տոկոսը: Այս միջոցներն օգտագործվել են 17 բյուջետային ծրագրի  141 միջոցառման ֆինանսավորման համար: Այստեղ ճշգրտումը եղել է 14 տոկոսի չափով. նախատեսված է եղել  հատկացնել 493 մլրդ դրամ, մինչդեռ տարեկան ճշտված ծրագիրը կազմել է շուրջ 561 մլրդ դրամ:

Առողջապահության  նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ հատկացումները հաշվետու տարում էապես ավելի են եղել նախատեսվածից՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակով եւ պատերազմով:  Ոլորտում կատարողականը կազմել է շուրջ 98.3 տոկոս:  Համավարակի դեմ պայքարելու համար իրականացվել են մի շարք միջոցառումներ, աշխատանքներ են տարվել պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց պատշաճ բուժօգնության  ապահովման ուղղությամբ: Համակարգն աշխատել է գերլարված, քանի որ ստիպված է եղել աշխատել  մի քանի ուղղությամբ: Շեղումները պայմանավորված են եղել համավարակով եւ պատերազմով:

Հանրային առողջության պահպանման ծրագրի շրջանակում իրականացվել են նախատեսված միջոցառումները, դրանց ավելացել է նաեւ համավարակի դեմ պայքարը:  Վերապատրաստվել են  բժիշկները, բուժհաստատությունները  վերազինվել են նոր սարքավորումներով: Այս ծրագրի շրջանակում իրականացվել  եւ այժմ էլ շարունակվում են   պատվաստումները:

Նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ   պատերազմի ընթացքում վիրավորված շուրջ  8000 վիրավորված զինծառայողներ եւ քաղաքացիական անձինք  ստացել են պատշաճ բժշկական բուժօգնություն, ինչի շնորհիվ  բավական ցածր է եղել հիվանդանոցային մահացությունների չափը:

Դեղապահովման ծրագրի կատարողականը կազմել է  99.5 տոկոս:  Պետությունը հաշվետու տարում ընդլայնել է կրծքագեղձի սկրինինիգային ծրագիրը՝ արձանագրելով դրական տեղաշարժեր:

Հարց  հնչեց, որը վերաբերում էր ԴՆԹ հետազոտությունների սարքավորումների  ձեռքբերմանը:   Անահիտ Ավանեսյանը պարզաբանեց, որ դատաբժշկական, գիտագործնական  փորձաքննություններ անցկացնելու համար  պետությունը չի  ունեցել համապատասխան սեկվենատոր, այն ձեռք է բերվել 2018-ին եւ գործարկվել այդ տարվա վերջից: Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ հանրապետությունում եղել են այլ սեկվենատորներ, որոնցով կատարվել են ուրիշ փորձաքննություններ: 2018-ին գնված սեկվենատորը հագեցած է այնպիսի ծրագրով, որով իրականացվող փորձաքննությունները կատարվում են ոսկրանյութից ԴՆԹ անջատելու եղանակով: Անհրաժեշտությունից ելնելով՝ նախարարությունը 2020-ին գնել է երկրորդ սեկվենատորը:

Աշխատանքի եւ սոցիալական ապահովության  ոլորտներում իրականացված ծրագրային միջոցառումներին  անդրադարձավ փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանը:  Նա իրազեկեց, որ  հաշվետու տարում  չկատարված միջոցառումները հիմնականում պայմանավորված են եղել համավարակով: Բյուջետային ծրագրերի կատարողականը կազմել է  97.7 տոկոս, 17 ծրագրի 141 միջոցառման համար օգտագործվել է ավելի քան 547 մլրդ դրամ: Փոխնախարարը ներկայացրեց իրականացված միջոցառումները՝ նշելով, որ սոցիալական ապահովության  ոլորտում կատարվել են նաեւ վարչարարության  բարեփոխումներ,  ինչի նպատակը քաղաքացիներին առավել որակյալ ծառայությունների մատուցումն է: Պատերազմի հետեւանքների  չեզոքացման համար իրականացվել են նաեւ օրենսդրական եւ այլ փոփոխություններ: