National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.10.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
03.10.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Երեւանի պետական համալսարանի խորհրդի եւ գիտական խորհրդի հանդիսավոր նիստին

Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Երեւանի պետական համալսարանի խորհրդի եւ գիտական խորհրդի հանդիսավոր նիստին։ Բարձրաստիճան հյուրերը մինչ նիստը ներկա գտնվեցին եւ ծանոթացան Մայր բուհի պատմությունը ներկայացնող թանգարանի ցուցանմուշներին։

Մայր բուհը 90 տարեկան է։ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն իր խոսքում անդրադառնալով Մայր բուհի պատմությանը, նշեց, որ1919 թվականին մի խումբ խանդավառ մտավորականների, պետական այրերի ջանքերով հիմնադրվեց Երեւանի պետական համալսարանը, որը մի նոր լուսավոր էջ բացեց հայ ժողովրդի մշակութային պատմության մեջ։ Համալսարանը դարձավ անհրաժեշտ կադրերի պատրաստման դարբնոց, գիտական բազում նվաճումների օրրան։ Բազմաթիվ սերունդներ կրթվեցին Մայր բուհում։ 

Հայաստանի 3-րդ հանրապետության հռչակումից հետո Մայր բուհը ծանրակշիռ ներդրում ունեցավ նորանկախ պետության կայացման գործում։ Համալսարանում գիտամանկավարժական գործունեություն են ծավալում ԳԱԱ 25 ակադեմիկոսներ։ Բարձր որակավորում ունեցող գիտնականների շնորհիվ բուհում իրականացվում են ժամանակակից գիտության տարբեր ոլորտներին առնչվող հիմնարար եւ կիրառական կարեւորագույն հետազոտություններ։ 

Մայր բուհի 90-ամյակի կապակցությամբ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Երեւանի պետական համալսարանի ռեկտորն ու դասախոսները պարգեւատրվեցին Մովսես Խորենացու, Անանիա Շիրակացու մեդալներով։

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանձնելով պարգեւներն իր խոսքում ասաց

«ՀԱՐԳԱՐԺԱ՛Ն ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐ,
ԹԱՆԿԱԳԻ՛Ն ՀՅՈՒՐԵՐ,
ՀԱՐԳԵԼԻ՛ ՏԻԿՆԱՅՔ ԵՎ ՊԱՐՈՆԱՅՔ,

Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ Ազգային ժողովի անունից սրտանց շնորհավորել բոլորիս այս նշանակալից իրադարձության առթիվ:

Հայ ժողովրդի իմաստնության եւս մեկ վկայություն է 90 տարի առաջ՝ մեր երկրի համար ծանր ու վայրիվերումներով լի այդ օրերին, ազգային համալսարանի հիմնումը: Երեւանի պետական համալսարան իմ այս այցելությունը սկսվեց թանգարանից, որտեղ ես հպարտության մեծ զգացում ապրեցի: Վերջին հարյուրամյակի ընթացքում մեր ամենափառահեղ ու նշանավոր հաղթանակներից մեկն է հայ ժողովրդի առաջընթացը գիտության եւ կրթության բնագավառում: Այսօր բոլորիս պարտքն է ամրապնդել ստեղծված հիմքը, որպեսզի մենք շարունակենք զբաղեցնել առաջատարի մեր արժանի տեղն աշխարհի ամենակրթված եւ զարգացած ժողովուրդների շարքում:

Պատահական չէ, որ Երեւանի պետական համալսարանն անվանում ենք մայր բուհ. հայ իրականության մեջ այսպիսի պատվանունով ենք մեծարում միայն բարձրագույն արժեքները՝ Մայր Աթոռ, մայր Արաքս, մայր հայրենիք…

Լինելով առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը` այն ամուր հիմք ստեղծեց այլ բուհերի զարգացման համար: Իսկ մայր բուհի հազարավոր շրջանավարտներն այս ինը տասնամյակների ընթացքում անգնահատելի ներդրում ունեցան Հայաստանի տնտեսության, մշակույթի, գիտության եւ բազում այլ ոլորտներում:

Թեեւ ճշգրիտ հաշվարկներ չենք կատարել, սակայն հաստատ կարող եմ փաստել, որ մեր նորանկախ երկրի, պետականության կայացման, օրենսդրական դաշտի կատարելագործման, բազմաթիվ որոշումների, փաստաթղթերի մշակման ու կյանքի կոչելու գործում մեծ ավանդ ունեն հե՛նց մայր բուհի շրջանավարտները:

Սիրելի՛ համալսարանականներ,

Այո՛, մեր պետական համալսարանը մայր բուհ է կոչվում ոչ միայն այն պատճառով, որ նրանից են սերել ու ինքնուրույն կյանք մտել հանրապետության բուհերի մեծ մասը, այլեւ այն պատճառով, որ այն հայ ժողովրդի կյանքում անուրանալի դեր է կատարել՝ կրթելով ու դաստիարակելով հանրությանը պիտանի հազարավոր մասնագետներ:

Նրանք` այդ ճանաչված գիտնականներն ու հաջողակ գործարարները, պետական ու հասարակական գործիչները, գիտելիք կրողներ ու փոխանցողներ են այսօրվա սերունդին: Եվ այստեղ, այսօր մեր գնահատանքի ու երախտագիտության խոսքն ենք ուղղում Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին: Ձեր աշխատանքը նվաճում է, անուրանալի ներդրում մեր ժողովրդի լուսավոր ու հաղթական ապագան կերտելու հայրենանվեր գործում:

Համալսարանական լինելը պատիվ է, կոչում: Յուրաքանչյուր հայ, որ ուսանել է այս օջախում, երախտագիտության խորին զգացում է տածում մայր բուհի հանդեպ:
Սիրելի համալսարանականներ,

Այսօր տոն է: Արդեն քանի-քանի սերունդ է կրթություն ստացել Երեւանի պետական համալսարանում: Դեռ քանի-քանիսը նոր են ոտք դնելու նրա շեմից ներս ու ապրելու ակնածանքի ու պատկառանքի այն նույն զգացումը, որ պատել է յուրաքանչյուր առաջին կուրսեցու առաջին անգամ կրթօջախի կամարներից ներս մտնելիս:
Համալսարանական լինելը սոսկ ուսումնառության մի քանի տարիները չեն. այն կոչում է: Չէ՞ որ բոլոր ժամանակներում համալսարանը եղել է ոչ միայն գիտության ու կրթության դարբնոց, այլեւ ազգային բարձրագույն արժեքների, մարդկային բարձր որակների կրողը, տնտեսական, քաղաքական, սոցիալական խնդիրների գնահատման չափանիշը: 
  
Անուրանալի է հատկապես համալսարանականների դերը 80-ականների ազգային զարթոնքի, անկախության ձեռքբերման, արցախյան ազատամարտի, մեր հայրենիքի պետականության կայացման ու ամրապնդման գործում:

90-ամյակը լուրջ տարիք է մարդու համար, իսկ մայր բուհն իր պատկառելի վաստակով հավերժ երիտասարդ է, որովհետեւ նրա հարկի տակ մշտապես թեւածում են երիտասարդության շունչն ու ոգին, ապագայի անկոտրում կամքը:

Սիրելի ուսանողներ,

Ուզում եմ առիթից օգտվել եւ դիմել ձեզ. արդյունավե՛տ օգտագործեք ձեր ժամանակը եւ ձե՛ռք բերեք առավելագույն գիտելիքներ: Դա ոչ միայն ձեր ապագայի գրավականն է, այլեւ մեր հայրենիքի բարգավաճման երաշխիքը: Մենք հզոր ենք մեր մտավոր ներուժով:

Ավարտելով խոսքս` կրկին շնորհավորում եմ Երեւանի պետական համալսարանի բոլոր աշխատակիցներին, հին ու նոր շրջանավարտներին, ողջ հայ ժողովրդին այս նշանակալից հոբելյանի առթիվ: Մաղթում եմ մեր համալսարանին նորանոր նվաճումներ կրթության ու գիտության ասպարեզում՝ հանուն Հայաստանի հզորության, հայ ժողովրդի բարօրության եւ սերունդների պայծառ ապագայի:

Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ համալսարան»:


03.10.2009
Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղարի գնահատմամբ` Հայաստանում մեծ առաջընթաց կա ժողովրդավարության հաստատման առումով
Վենետիկի հանձնաժողովի հետ Հայաստանի համագործակցության արդյունքում պետք է արձանագրել, որ երկրում իրավիճակը անհամեմատ բարելավվել է ժողովրդավարության կայացման առումով: Նման կարծիք հայտնեց Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ջիանի Բուքիքիոն հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: ...

03.10.2009
Արեւիկ Պետրոսյանը հանդիպեց Բելգիայի ներկայացուցիչների պալատի փոխնախագահի հետ
Հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը հանդիպեց «Սահմանադրության գերակայության երաշխավորման գործում սահմանադրական դատարանների եւ խորհրդարանների գործակցության միջազգային փորձը» թեմայով միջազգային 14-րդ խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Ազգային ժողովում գտնվող Բելգիայի ներկայացո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am