National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.8.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
01.08.2023
2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը
1 / 12

Օգոստոսի 1-ին տեղի է ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ նիստին հրավիրված է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:

Անդրանիկ Քոչարյանի տեղեկացմամբ Դավիթ Տոնոյանը, մինչ իր միջնորդությունը դատարանին ներկայացնելը, ցանկություն էր հայտնել, որպեսզի քննիչ հանձնաժողովում հարցն այլ ձեւաչափով քննարկվեր, այսինքն` ուղիղ եթերում հանրապետության վարչապետի ներկայությամբ տեղի ունենար քննարկում, ինչը հանձնաժողովը մերժել է` ելնելով իր աշխատակարգից: Օնիկ Գասպարյանի եւ Նիկոլ Փաշինյանի` հանձնաժողովում ելույթ ունենալուց հետո Դավիթ  Տոնոյանը ցանկություն է հայտնել գալ հանձնաժողով եւ պատասխանել հանձնաժողովի հարցերին, քանի որ կա հանրային պահանջ: 
 
«Արդեն մեկ տարուց ավելի է, որ հանձնաժողովը կատարել է աշխատանքներ, ուսումնասիրել է բազմաթիվ հրամաններ, նյութեր: Ամեն մի հրավիրյալի հետ կապված մշակվել են հարցեր, որոնց պարզաբանումները կհարստացնեն հասարակությանը եւ պետությանը հետաքրքրող դրվագները»,- պարզաբանել է հանձնաժողովի նախագահը: Անդրանիկ Քոչարյանը հավելել է, որ դատարանն ընդառաջել է Դավիթ Տոնոյանի միջնորդությանը, եւ 2023 թվականի հուլիսի 10-ի գրության կապակցությամբ տեղեկացրել են հանձնաժողովի նախագահին, որ դատարանը թույլատրել է օգոստոսի 1-ին եւ 2-ին Դավիթ Տոնոյանի մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքներին:

Անդրանիկ Քոչարյանն ափսոսանք է հայտնել, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին կրկին չեն մասնակցում ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները, թեեւ այդ կապակցությամբ նրանց դիմել է նաեւ Դավիթ Տոնոյանը:

Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո խորհրդարանին զեկույց կներկայացվի: Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել միջնորդության ու դրա բավարարման համար ԱԺ քննիչ հանձնաժողովին ու դատարանին: Դավիթ Տոնոյանը կրկնել է առաջարկը` այն է, որ ընդդիմությունը մասնակցի ԱԺ քննիչ հանձնաժողովի փակ նիստին:

«Հրապարակային հնչեցվող շատ հարցեր, որոնք ունեն ոչ կոմպետենտության կամ քաղաքական ուղղորդված բնույթ, պետք է քննարկվեն ԱԺ քննիչ հանձնաժողովի փակ նիստում: Ընդդիմադիր առնվազն երկու ուժի` ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի ներկայությունն այս նիստին կարեւոր է, քանի որ դրանք ՀՀ քաղաքական դաշտում գործող կուսակցություններ են ու ունեն ինստիտուցիոնալ հիշողություն»,- ասել է Դավիթ Տոնոյանն ու նշել, որ իր կողմից տրամադրվող տեղեկատվությունը կարեւոր է վերը նշված ուժերի` պաշտպանության եւ անվտանգության մասով հետագա որոշումների կայացման հարցում:

«Եւս մեկ անգամ առաջարկում եմ, որ ընդդիմադիր կուսակցությունները ներկա գտնվեն քննիչ հանձնաժողովի աշխատանքին, հակառակ դեպքում այդ կուսակցության ներկայացուցիչներին կխնդրեմ այլեւս հրապարակային իմ գործունեության մասին չխոսել»,- նշել է Դավիթ Տոնոյանը:

Պաշտպանական համակարգի նախկին ղեկավարը հայտնել է, որ 2020 թվականի հոկտեմբերի 21-29-ը` ռազմական գործողությունների շրջանում, վարչապետի հանձնարարությամբ գտնվել է Մեղրիում: Դավիթ Տոնոյանը նշել է, որ սպառնալի իրավիճակի մասին տեղյակ է եղել, բայց ռազմական գործողությունների սկսման օրը որեւէ մեկին հայտնի չի եղել: Նրա խոսքով ի պաշտոնե իր լիազորությունների շրջանում իրականացրել է երկրի պաշտպանական քաղաքականությունը: Պաշտպանության նախկին նախարարը հայտնել է նաեւ, որ իր համար` որպես ՊՆ ղեկավար, գործունեության հիմնական ուղղորդիչ փաստաթղթեր եղել են անընդհատ մշակվող «ՀՀ ԶՈՒ կիրառման պլանը եւ դրանից բխող փաստաթղթերի փաթեթը»:

Անդրադառնալով պատերազմի սկսման լուրի մասին հարցին` Դավիթ Տոնոյանը նշել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 25-ին գործուղված է եղել ՌԴ` զորավարժությունների: Նույն թվականի սեպտեմբերի 25-27-ը` մինչ երեկո, գործուղված է եղել ԵՄ եւ ՆԱՏՕ անդամ երկիր` սպառազինության եւ ռազմական տեխնիկայի մատակարարումների կազմակերպման նպատակով:

«Սեպտեմբերի 26-ի երեկոյան` մինչեւ պատերազմի սկիզբը, գտնվել եմ օդանավում. շարունակում էի գործուղումս դեպի կենտրոնասիական երկիր` վայրէջքով, որտեղից պետք է վերցվեին սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերման բանակցություններին մասնակցող մարդիկ` ՀԱՊԿ անդամ երկրի գործուղման շրջանակում: Վայրէջքի պահին` սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ հնարավորություն եղավ հեռախոսները միացնելու, ԳՇ պետի կողմից տեղեկացվել եմ իրավիճակի մասին, որից հետո խոսակցություն եմ ունեցել նաեւ ՀՀ վարչապետի հետ: Հաշվի առնելով քովիդի ընթացքում «թռիչքային իրավիճակները»` 3 ժամվա ընթացքում հնարավորություն է ստեղծվել ինքնաթիռ հայթայթել ու հետ վերադառնալ Հայաստանի Հանրապետություն»,- հայտնել է Դավիթ Տոնոյանն ու հավելել, որ մեր երկիր հետ վերադառնալու ընթացքում բազմաթիվ խոչընդոտներ են առաջացել, Վրաստանում է վայրէջք կատարել:

Դավիթ Տոնոյանը ՀՀ հետ վերադառնալու խնդիրների մասին նախընտրել է խոսել Քննիչ հանձնաժողովի նիստի փակ ձեւաչափով ու հավելել` սեպտեմբերի 28-ին` առավոտյան 04.00-ին, եղել է Երեւանում, որից հետո թույլտվություն է ստացել երկրի վարչապետից ու մեկնել մարտական գործողությունների իրականացման վայր:

«Հայաստան վերադարձից հետո անմիջապես անցկացրել եմ խորհրդակցություն, տրվել են համապատասխան հանձնարարություններ, լսել եմ զեկույցներ, որից հետո անցել եմ իմ պարտականությունների կատարմանը` ըստ ՀՀ վարչապետի հանձնարարության»,- ասել է Դավիթ Տոնոյանը:

Նա նշել է, որ պաշտպանական մարտ վարելու, պաշտպանական կեցվածք ունենալու առումով Զինված ուժերի պատրաստվածությունը բավարար էր: Դավիթ Տոնոյանը նաեւ փաստել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կործանիչների, ռազմաօդային առումով հարաբերակցությունը եղել է 0 Հայաստանի կողմից: «Մենք կործանիչ, հակաօդային պաշտպանության ավիացիա ընդհանրապես չենք ունեցել»,- նշել է նա:

Զորահավաքային (ՄՈԲ) ռեսուրսների առնչությամբ Դավիթ Տոնոյանն իրատեսական չի համարել այն մարտավարությունը, որն իրականացվել է: Հարցին` ո՞ւմ առաջարկով եւ ի՞նչ հիմնավորումներով են Դավիթ Տոնոյանի որոշմամբ, նախքան պատերազմի սկսվելը, կրճատվել ՀՀ ԶՈՒ-ի հիմնական ռեզերվ հանդիսացող առաջին բանակային կորպուսի զորամասերը, Դավիթ Տոնոյանը պատասխանել է, որ հարցին կանդրադառնա փակ նիստին եւ հավելել, որ այդ ռեզերվային կրճատված ստորաբաժանումների հաշվին ձեւավորվել են տասնյակից ավելի հատուկ նշանակության ստորաբաժանումներ տարբեր կորպուսներում: «Ես համաձայնել եմ այդ որոշման հետ, քանի որ գտել եմ` հատուկ նշանակության ստորաբաժանումների ձեւավորումը եւ այլ հատուկ ստորաբաժանումների ձեւավորումը շատ ավելի կարեւոր են, քան թղթի վրա ներկայացված ստորաբաժանումները»,- ասել է Դավիթ Տոնոյանը: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Թուրքիայի ներգրավվածությունն իրականացվում էր ոչ թե նախիջեւանյան ուղղությամբ, ոչ թե Հայաստանի սահմանի ուղղությամբ, այլ արցախյան թատերաբեմում: «Այսպիսի հաշվարկ մեր կողմից չի եղել, թերի է եղել, մենք չէինք հաշվարկել այդպիսի բան, որ Թուրքիայի ԶՈՒ-ն անմիջապես կարող է հայտնվել արցախյան թատերաբեմից ընդամենը 45 կմ, 25 կմ հեռավորության վրա` իրականացնելով թռիչքներ»,- փաստել է նախկին նախարարը: Ըստ նրա` հրատապ է վարչապետին օժտել Գերագույն հրամանատարի լիազորություններով նաեւ խաղաղ պայմաններում:

Դավիթ Տոնոյանի կարծիքով 2020 թվականի հոկտեմբերին Մեղրիում իր գտնվելը լուրջ ազդեցություն է ունեցել ե'ւ բնակչության, ե'ւ առաջնագծում խնդիրներ կատարող ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների վրա: «Կան փաստական եւ տեսագրական տվյալներ, որոնք ապացուցում են` զինված ուժերի ստորաբաժանումները բավականին հաջող գործեցին այդ ուղղությամբ` չեզոքացնելով հակառակորդին»,- ընդգծել է ՊՆ նախկին նախարարը:

Զեկուցողը, անդրադառնալով այն հարցին, թե 2020 թվականի սեպտեմբերին ՊՆ համակարգում ինչ պաշտոն է զբաղեցրել Դավիթ Գալստյանը, նշել է, որ վերջինս չի եղել իր խորհրդականը, բայց եղել է այն անձը, որն ունեցել է սպառազինության մատակարարումների կազմակերպման հնարավորություններ, հմտություններ ու կարողություներ, որն էլ իրականացրել է:

Ի պատասխան մեկ այլ հարցի` Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը զբաղեցրել է Ռազմական տեսչության պետի պաշտոնը:

Զեկուցողը խոսել է նաեւ ՍՈՒ 30-ների ձեռքբերման հիմնավորվածության մասին եւ ընդգծել, որ Զինված ուժերում չեն ունեցել մեծ հեռավորության վրա ճշգրիտ կառավարվող հրթիռներով հակառակորդի միջոցներն ու ենթակառուցվածքները խոցելու կարողություն:

Դավիթ Սանասարյանը հետաքրքրվել է` Պաշտպանության նախկին նախարարը պատերազմից հետո վերլուծե՞լ է, թե արդյոք այն, ինչ ձեռք էր բերվել, դա՞ էր մեր կարիքները, կամ` կա՞ր բան, որ դա պետք է ձեռք բերվեր, ու պատերազմի ժամանակ է պարզվել, որ իրականում դրա պահանջարկը շատ է, բայց արդեն ուշ է ձեռք բերելը:

Դավիթ Տոնոյանը հարցին նպատակահարմար է համարել պատասխանել փակ նիստի ժամանակ` ասելով, որ փորձագիտական մակարդակով կարող է ներկայացնել շատ լուրջ հիմնավորումներ, թե ի'նչ է պետք ոլորտում հավելյալ անել: 

«Պատերազմի առաջին իսկ օրն ինչո՞ւ չեն հասցվել պլանավորված հրթիռային հարվածներ «Իսկանդեր», «Էլբրուս» եւ «Տոչկա» տեսակի օպերատիվ մարտավարական հրթիռներով հակառակորդի օդանավակայաններում տեղակայված մարտական ինքնաթիռներին եւ անօդաչու թռչող սարքերին` նախապես կանխելով դրանց կիրառումը թշնամու կողմից»,- հնչել է հանձնաժողովի հաջորդ հարցը:

«Գործողությունների վարման Ձեր հարցադրմանը երեւի թե ճիշտ կլինի, որ պատասխան տան զինվորականները, բայց ես գտնում եմ, որ պատասխանը պետք է այսպես ձեւակերպել: Երբ կարողացել են, երբ հնարավորությունները թույլ են տվել, ինչ ձեւաչափով թույլ են տվել այդ հնարավորությունները, որտեղից որ թույլ են տվել, աշխարհագրության մասին է խոսքը, կիրառումն իրականացվել է: Ուշ, թե շուտ, որոշում է հրամանատարությունը»,- ասել է Դավիթ Տոնոյանը:

Մեկ այլ հարցի կապակցությամբ էլ նախկին նախարարը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերի հագեցվածության խնդիր է եղել, որոշակի արտադրություն եղել է, սակայն որակական եւ քանակական առումով հայկական կողմը զիջել է: Այս համատեքստում Դավիթ Տոնոյանը նաեւ ասել է, որ սպառազինության շատ տեսակների առումով եւս մեր կարողությունները սահմանափակ են եղել այդ տեսակի պատերազմ վարելու համար: Նրա խոսքով դա ոչ ոք չի կարող ժխտել:

Անդրադառնալով ռազմական գործողությունների ժամանակ կիրառված սպառազինությանն ու դրանց արդյունավետությանը` Դավիթ Տոնոյանը նշել է, որ արդյունավետության մասով գնահատական ու վիճակագրություն տալ չի կարող:

Խոսվել է նաեւ 44-օրյա պատերազմի չորրորդ օրը զորահավաքը կանգնեցնելու մասին հարցից, ինչը Պաշտպանության նախկին նախարարը հերքել է:

«Ակնհայտ սուտ է, այդպիսի բան չի եղել, որ զորքերի համալրումը կասեցվի: Համալրում իրականացվել է 44 օրվա ընթացքում, եւ նույնիսկ դրանից հետո: Պաշտոնական զորահավաքը երբեւիցե չի դադարեցվել: Ինչպե՞ս կարող է այդպես լինել, եթե մեր Զինված ուժերը համարյա թե կրկնապատկվել էին»,- ասել է Դավիթ Տոնոյանն ու նկատել, որ 44-օրյա պատերազմի ընթացքում զորահավաքային հարցերը խնդրահարույց են եղել:

Դավիթ Տոնոյանին ուղղված հաջորդ հարցը վերաբերել է նախքան պատերազմը եւ դրա ընթացքում հակահետախուզության մարմինների գործունեությանը ՀՀ ԶՈՒ-ում: Նա նկատել է` իր պաշտոնավարման ընթացքում ՊՆ-ն ու ԱԱԾ-ն բարձր մակարդակում են համագործակցել, հակառակորդ երկրի հետ կապի համադրման ու վտանգների չեզոքացման կոմունիկացիոն ձեւաչափ է գործել ԱԱԾ պետերի միջոցով: ՊՆ գերատեսչության նախկին ղեկավարը հայտնել է, որ գործակալական ցանցերի մասին իր գնահատականները կարող են շահարկման տեսք ունենալ, ուստի որեւէ գնահատական տալ չի կարող այդ հարցին:

«Պատերազմին նախորդող ժամանակահատվածում, երբ «F-16»-երը տեղակայվեցին Գանջայում, ես էլ, ԳՇ-ն էլ հասկացանք, որ դա ամենեւին վարժանքի նպատակով չի արվում: Երբ ամեն օր, գրեթե 4 ինքնաթիռ օրական 8 ժամ օդում էին գտնվում, 45, 25 կմ մոտենում էին սահմանին ու նույնիսկ այնպիսի մոտեցումներ էին լինում, որ ստիպում էին ՊԲ ՀՕՊ-ին միանալ, ավելացրին մեր մտահոգությունները: Երբ այդ կործանիչները ռոտացիայի ենթարկվեցին, դա ցույց տվեց, որ ռազմական գործողությունների սկսման լուրջ ազդակ կար»,- նշել է ՊՆ նախկին նախարարը:

Միասնական հարցաշարից բացի նիստի մասնակիցները Դավիթ Տոնոյանից հետաքրքրվել են նախապատերազմյան շրջանում ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի հետ ունեցած հանդիպումների, իրավիճակը չսադրելու նրա հորդորների, պատերազմի ընթացքում ՄՈԲ ռեսուրսի մոտ խուճապային տրամադրություններ տարածելու, հուլիսյան մարտերի, 44-օրյա պատերազմի ընթացքում զրահաբաճկոնների ու սաղավարտների խնդիրների, Թուրքիայի ներգրավումն Արցախյան պատերազմի թատերաբեմում չեզոքացնելուն ուղղված ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպումների մասին:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է Դավիթ Տոնոյանը գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես Գերագույն գլխավոր հրամանատար, նախկին նախարարն ասել է, որ ինքը վարչապետի գործողություններին գնահատական տալ չի կարող, ինքը եղել է Նիկոլ Փաշինյանի ենթական, ուստի այդ քայլը ճիշտ չի լինի:

«ՊՆ խնդիրն էր ապահովել, որ բանակը կռվի ու հաղթի: Իմ ամենամեծ պատասխանատվությունն այն էր, որ ես չկարողացա կանգնեցնել 44-օրյա պատերազմը, իմ ռազմադիվանագիտական հմտությունները, գիտելիքներն ու կապերը բավարար չեղան, որ պատերազմի սկիզբը չլինի»,- ասել է Դավիթ Տոնոյանն ու հայտնել, որ ինքն ու իր ենթակաները վարչապետ Նիկոլ Փաշինյանից զիջելու հանձնարարություն չեն ստացել. «Վիճաբանություններ եղել են, բայց այնպիսի հանձնարարություններ չեն եղել, որոնք կազդեին ռազմական գործողությունների վրա: Թող որեւէ մեկի մտքով չանցնի, որ ես որեւէ գործարքի եմ գնում: Մինչեւ իմ պաշտոնանկությունը` 2020 թվականի նոյեմբերի 20-ը, ես որեւէ խնդիր չեմ ունեցել վարչապետի հետ»,- ասել է Դավիթ Տոնոյանը:

Անդրադառնալով բանակում կոռուպցիոն գործողություններին` Դավիթ Տոնոյանն ասել է, որ կոռուպցիա եղել է, կա ու կլինի: «Մեզ մոտ դա հետեւանք է, ոչ թե պատճառ: Ես աշխատել եմ ամեն ինչ անել ու նվազեցնել այն, նայում եմ ձեր աչքերին ու վստահեցնում դա»:

Ամփոփելով խոսքը` Դավիթ Տոնոյանը նշել է, որ մեր հասարակությունն այդպես էլ չի գիտակցել 1994 թվականի հաղթանակի արժեքը: «Մենք պարտություն ենք կրել անհավասար մարտում, բայց դա որեւէ մեկին իրավունք չի տալիս խաղալ մեր ժողովրդի արժանապատվության հետ: Մարդկանց թերարժեքության բարդույթ ներարկելու փոխարեն պետք է օրուգիշեր աշխատել: «Ամեն ինչ ավարտված է» ոճով ելույթներն անարգում են 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակը, նրանք իրենց կյանքը չեն տվել նրա համար, որ բարձր ամբիոններից ելույթներ լսենք` ամեն ինչ վերջացած է, պետք է համաձայնենք մեզ պարտադրվող բոլոր պայմաններին»,- ասել է Պաշտանության նախկին նախարարը:

ԱԺ քննիչ հանձնաժողովը նիստը կշարունակի օգոստոսի 2-ին` փակ ձեւաչափով:


01.08.2023
Մեզ միավորողը հայրենիքն է, հայոց լեզուն, պետականությունը, կրոնը, որոնց առանցքում Հայաստանի Հանրապետությունն է. Հակոբ Արշակյանը ողջունել է Ազգային երիտասարդական համաժողովի մասնակիցներին
Օգոստոսի 1-ից Երեւանում մեկնարկել է Ազգային երիտասարդական եռօրյա համաժողովը, որի նպատակն է համախմբել Հայաստանի, Սփյուռքի եւ Լեռնային Ղարաբաղի երիտասարդներին՝ մասնակցելու Հայաստանի զարգացման գործընթացներին: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ համաժողովի շրջանակում շուրջ 5...

01.08.2023
ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am