National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.12.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
08.12.2015
Ազգային ժողովի քառօրյա նիստում
1 / 15

Դեկտեմբերի 8-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, վավերացնելով մեկ համաձայնագիր՝ 1985 թվականի հոկտեմբերի 15-ին Ստրասբուրգում ստորագրված` Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի (կից հայտարարությամբ) 5-րդ, 6-րդ հոդվածները, 7-րդ հոդվածի 2-րդ եւ 10-րդ հոդվածի 3-րդ կետերը:

Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ նիստին հետեւող Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրում ընդգրկված ՀՀ տարբեր մարզերից ուսուցիչների եւ աշակերտների:

Այնուհետեւ խորհրդարանը վերսկսել է 2016 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկումը:

«ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ՀՀ կառավարությունը պատգամավորների դատին է ներկայացնում ԱԺ մշտական հանձնաժողովներում եւ լիագումար նիստում երկու ամսից ավելի տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձեւավորված 2016 թվականի պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակը, ինչպես նաեւ մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների եւ պատգամավորների կողմից կառավարություն ներկայացրած առաջարկությունների եւ եզրակացությունների ամփոփաթերթիկը:

Նախագծի վերջնական տարբերակը եւ ամփոփաթերթիկում ներառված առաջարկությունները ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը: Նա ընդգծել է, որ ներկայացված նախագիծը մշակված է՝ հիմքում ունենալով հստակ սկզբունքներ եւ նպատակներ: Փաստաթուղթը ներկայացվել է ծախսերի ծրագրային բյուջետավորման ձեւաչափով, որը հնարավորություն է տալիս թվային ֆինանսական ցուցանիշների հետ հանդերձ տեսանելի դարձնել ծախսերի նպատակները շահառուներին, նպատակներին հասնելուն ուղղված միջոցառումները, դրանց կատարումը բնորոշող ոչ ֆինանսական ցուցանիշները՝ դրանով իսկ ապահովելով կառավարության հաշվետվողականությունն Ազգային ժողովի եւ հանրության նկատմամբ: Հիմնական զեկուցողը նշել է, որ նախագիծն ունի հստակ սոցիալական կառուցվածք, քանի որ ծախսերի ամբողջ ծավալի ավելի քան 47 տոկոսը բաժին է ընկնում սոցիալ-մշակութային ոլորտներին: Փոխնախարարն անդրադարձել է նաեւ պետական բյուջեի դեֆիցիտի չափին եւ պետական պարտքի ծավալին:

Պավել Սաֆարյանը տեղեկացրել է, որ բյուջեի նախագծի վերաբերյալ պատգամավորներից ստացվել է 324 առաջարկություն, որից ՀՀ կառավարությունն ամբողջությամբ կամ մասնակի ընդունելի է համարել 62-ը: Նշվել է, որ բարձրացված հարցադրումների հիմնական մասը վերաբերում է գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթում ներկայացված եկամուտներին եւ տարբեր ծրագրերի ֆինանսավորման համար հատկացումների նախատեսմանը կամ դրանց գումարների ավելացմանը, ինչպես նաեւ որոշ ծախսատեսակների վերաբաշխմանը: Նախագծի նախնական տարբերակում ներկայացված ծախսերի մասով կառավարությունն իր նախաձեռնությամբ եւս առաջարկել է կատարել որոշ փոփոխություններ, մասնավորապես հաշվի են առնվել անցած երկու ամսվա ընթացքում արտարժույթի կուրսի փոփոխությունները:

Ամփոփելով իր խոսքը՝ փոխնախարարն ընդգծել է, որ նախագիծն իրատեսական է, պետության գործառույթների իրականացման տեսանկյունից՝ հավասարակշռված, կազմված է գլոբալ տնտեսական եւ տարածաշրջանային իրողություններին համահունչ:

Պավել Սաֆարյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ ներկայացված բյուջեի նախագիծը չի կարող լուծել հասարակության առջեւ ծառացած խնդիրները: Նրա գնահատմամբ՝ 2016 թ. հայ հանրության համար լինելու է լրացուցիչ ճգնաժամային տարի, որի ընթացքում պակասելու են քաղաքացու եկամուտները եւ ավելանալու է արտագաղթը:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի գնահատմամբ՝ ներկայացված նախագիծը սոցիալական ուղղվածություն չունի, 2015 թվականի համեմատ դրական տեղաշարժ չկա: Նա անդրադարձել է պետական պարտքի աճին, եկամտային մասում արձանագրված անկման միտումներին, տնտեսության զարգացման ցածր տեմպերին՝ ընդգծելով, որ զարգացում չապահովվող բյուջե է ներկայացված: ՕԵԿ-ը դեմ է քվեարկելու:

ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրել է Աղվան Վարդանյանը: Խմբակցության քարտուղարի խոսքով՝ նախորդ տարվա բյուջեն կրկնող փաստաթուղթ է ներկայացված, որը դրական միտում ու զարգացում չի նախատեսում: Նա համոզմունք է հայտնել, որ կառավարության արդյունավետ կառավարման արդյունքում հնարավոր կլինի հաջորդ տարի ունենալ երկիրը զարգացնող բյուջե: Նշվել է, որ ՀՅԴ-ն կողմ չի քվեարկելու ներկայացված բյուջեին:

ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն իր ելույթում անդրադարձել է տնտեսության զարգացման տեմպերին, տնտեսական քաղաքականությանը, արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներում մուտքերի կրճատումներին, սահմանամերձ գյուղերում աշխատատեղերի ստեղծմանը, ռուսական ռուբլիով վարկերի տրամադրմանը, արտահանման վարկավորմանը, տնտեսական բարեփոխումների իրականացմանը եւ առաջարկներ ներկայացրել: ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու բյուջեի նախագծին:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր գործընկերներին հիշեցրել է, որ 2016 թ. ֆինանսական գլխավոր փաստաթղթում ներկայացված մակրոտնտեսական ցածր ցուցանիշները պայմանավորված են տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական գլոբալ մարտահրավերներով: Նրա գնահատմամբ՝ կառավարությունը իրատեսական բյուջե է ներկայացրել: Պարոն Բաղդասարյանն ընդգծել է, որ բոլոր առաջարկներն ուսումնասիրվել են, առաջնահերթ խնդիրների լուծման համար արվել են լրացուցիչ հատկացումներ: Խմբակցության ղեկավարը նշել է, որ բյուջեն իրատեսական է եւ կայունացման միտում ունի. ՀՀԿ-ն փաստաթղթին կողմ է քվեարկելու:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ իր գլխավորած հանձնաժողովը մի շարք առաջարկություններ է ներկայացրել, որոնք վերաբերում են սահմանում անվտանգության բարձրացմանը, առկա սպառազինության վերանորոգմանը եւ արդիականացմանը, զինվորական ծառայությանն անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը, զինծառայողների սոցիալական ապահովության բարելավմանը եւ ոլորտային այլ առաջնահերթությունների արդյունավետ իրականացմանը: Նա բյուջետային քննարկումների մասնակիցներին առավել կառուցողական քննարկումներ ծավալելու կոչ է արել:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը ներկայացրել է Գագիկ Մինասյանը: Նրա գնահատմամբ՝ լրամշակված տարբերակը կրել է փոփոխություններ, որի արդյունքում եւ եկամտային, եւ ծախսային մասերն ավելացել են 3.2 մլրդ դրամով: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ ներկայացված 322 առաջարկներից ընդունվել են մոտ 60-ը: Պարոն Մինասյանն ընդգծել է, որ բյուջեն իրատեսական է՝ հաշվի առելով ներքին եւ արտաքին զարգացումները, պետության գործառույթների իրականացման տեսանկյունից հավասարակշռված է եւ պահպանում է սոցիալական ուղղվածությունը: Նա առաջարկել է գործընկերներին կողմ քվեարկել:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, խոսելով սոցիալական ոլորտի հատկացումներից, նշել է, որ անցած տարվա համեմատ 15 մլրդ դրամով աճել են սոցիալական պահպանության ոլորտի ծախսերը: Նրա խոսքով՝ աղքատության կրճատման մասով կառավարությունը շարունակում է քայլեր ձեռնարկել, փորձում է օրենսդրական դաշտի կատարելագործմամբ աղքատության կանխարգելմանը միտված հասցեականությունը մեծացնել, սոցիալական ոլորտում գումարների տրամադրումը նպատակային դարձնել:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը բյուջեն «հավասարակշռված հնարավորությունների առավելագույն փաստաթուղթ» է որակել: Նա ներկայացրել է կրթության եւ գիտության ոլորտի հատկացումներն ու ձեռքբերումները եւ կարծիք հայտնել, որ բյուջեն հավասարակշռված է եւ ունի բավական ներուժ՝ հետագայում բեկումնային արդյունքներ արձանագրելու համար:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի կարծիքով՝ պետական բյուջեն ոչ միայն ֆինանասական փաստաթուղթ է, այլ նաեւ գործողությունների եւ քաղաքականության վարման համապարփակ ծրագիր է, որը նպատակ ունի շարունակելու մեր պետության եւ հասարակության բնականոն զարգացման գործընթացները բոլոր ոլորտներում: Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է եղել արտաքին քաղաքականության վարման համար նվազագույն բավարար միջոցների հատկացման, դրանց կիրառման եւ ուղղությունների հետ կապված խնդիրները:

Նիստի ընդմիջմանը խորհրդարանը կազմակերպել է ՀՌԱՀ անդամների ընտրության փակ, գաղտնի քվեարկությունը: ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը ներկայացրել է քվեարկության արդյունքները: Նա տեղեկացրել է, որ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ են ընտրվել Կորյուն Առաքելյանը` 79 կողմ եւ 10 դեմ, Արմեն Մկրտչյանը` 78 կողմ եւ 12 դեմ եւ Հայկ Քոթանյանը` 82 կողմ ու 8 դեմ ձայների հարաբերակցությամբ:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը խորհրդարանի անունից շնորհավորել է ՀՌԱՀ նորընտիր անդամներին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:

Վերջին նիստի մեկ ժամը «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն հատկացվել է պատգամավորների հայտարարություններին:


08.12.2015
Հերթական բաց դասն Ազգային ժողովում անցկացրել է Հերմինե Նաղդալյանը
Դեկտեմբերի 8-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հյուրընկալել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի «Երիտասարդությունը՝ ներգրավված հասարակության մեջ» ծրագրում ընդգրկված` Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերի հիմնական դպրոցների աշակերտներին ու ուսուցիչներին: Հանդիպումի...

08.12.2015
ԱԺ մշտական հանձնաժողովում քննարկվել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը
Դեկտեմբերի 8-ին ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովն Արա Բաբլոյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «Դեղերի մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Զեկուցողը ...

08.12.2015
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի հիմնադրման 95-ամյակի առթիվ
Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Շնորհավորում եմ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներին, պրոֆեսորադասախոսական կազմին, ողջ աշխատակազմին ու շրջանավարտներին` բուհի հիմնադրման 95-ամյա հոբելյանի առթիվ: Այս հոբելյանի հետեւում հարուստ տարեգրություն ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am