National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.2.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28
 
05.02.2015
Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 10

Խորհրդարանը փետրվարի 5-ին շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը:

Պատգամավորները քննարկել են 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը, որը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Հիմնական զեկուցողը նշել է, որ համաձայնագրով կարգավորվում են մի կողմի պետության տարածքում տեղակայված զինվորական կազմավորումների համար մյուս կողմի պետության տարածքից զինվորական նամակագրության փոխանցման հետ կապված հարցերը: Համաձայնագրի դրույթներով նախատեսվում է, որ համաձայնագրին համապատասխան առաքվող զինվորական նամակագրությունը համարվում է անձեռնմխելի եւ ենթակա չէ մաքսային ու սահմանային հսկողության՝ բացառությամբ զինվորական սուրհանդակափոստային կապի ցանցով զինվորական նամակագրության առաքման կարգի մասին հրահանգով նախատեսված դեպքերի: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ կողմերի պետությունների լիազոր մարմինները տարին մեկ անգամ պետք է տեղեկություն փոխանակեն զինվորական նամակագրություն առաքող իրենց սուրհանդակների, ինչպես նաեւ դրանց հաշվեցուցակային զենքերի մասին:

Գլխադասային՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Նա, կարեւորելով համաձայնագրի վավերացումը, նշել է, որ այն լրացնում է 1995 թ.-ից առ այսօր ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ գոյություն ունեցող իրավապայմանագրային բազան:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանն առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Առաջարկվում է շահութահարկի դրույքաչափը 20 տոկոսի փոխարեն սահմանել 2 տոկոս բոլոր այն կազմակերպությունների համար, որոնք կբավարարեն օրենքով սահմանված չափանիշները՝ այն է՝ տվյալ ռեզիդենտ կազմակերպությունը (շահութահարկ վճարողը) պետք է ունենա ՀՀ կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագիր, որի ամբողջ արժեքը պետք է կազմի առնվազն 50 մլրդ դրամ, հաջորդը՝ անհրաժեշտ է, որպեսզի տվյալ ռեզիդենտ կազմակերպության բանկային հաշիվներին արտահանման ծրագրից բխող մուտք արվի առնվազն 50 մլրդ դրամի համարժեք արտարժույթ եւ վերջին միաժամանակյա պայմանի համաձայն՝ տվյալ ռեզիդենտ կազմակերպությունը չպետք է ստանա ՀՀ տարածքում ապրանքների մատակարարումից կամ ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտներ: Ըստ հիմնական զեկուցողի՝ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ընդլայնել ՀՀ տարածքից կատարվող արտահանման ծավալը? դրանով իսկ նպաստելով տնտեսական աճի տեմպերի խթանմանը:

Հարցի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Գարեգին Նուշիկյանը:

Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են արտահայտել պատգամավորները

Թեւան Պողոսյանի կարծիքով՝ արտահանման խթանման համար անհրաժեշտ է զարգացնել արտադրությունը: Հակոբ Հակոբյանը դրական է գնահատել նախագծի հիմնական՝ ներդրումներ ներգրավելու նպատակը՝ նշելով, որ այն դեռեւս բարեփոխման կարիք ունի: Հովհաննես Մարգարյանը դեմ է արտահայտվել նախագծին, քանի որ, ըստ նրա, նախագծով անհավասար մրցակցային պայմաններ են առաջարկվում գործարարներին: Գործընկերոջ տեսակետի հետ համամիտ էր Խաչատուր Քոքոբելյանը, ով եւս կարծում էր, որ նախագիծն անհավասար մրցակցային պայմաններ է առաջարկում: Նրա կարծիքով՝ նախագիծը կխթանի մենաշնորհային քաղաքականությունը: Մհեր Շահգելդյանը եւս կարծում էր, որ նախագիծը ոչ այնքան կխրախուսի արտահանումը, որքան կմեծացնի արտահանման համակենտրոնացումը: Արծվիկ Մինասյանի խոսքով՝ նախագծի հիմնական գաղափարը հրաշալի է, սակայն խորքային չեն հիմնավորումները, կան թերի եւ մտահոգիչ դրույթներ: Ըստ նրա՝ մրցակցության առումով եւս նախագիծը խնդրահարույց է: Հեղինե Բիշարյանի կարծիքը նախագծի վերաբերյալ բացասական էր, նրա խոսքով՝ նախագիծը մտացածին է, որի ընդունման արդյունքում կստեղծվեն ընդամենն արտահանող գրասենյակներ: Նա տեղեկացրել է, որ ՕԵԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին: Խոսրով Հարությունյանը գովելի է համարել նախագծի նպատակը, որն ուղղված է խրախուսելու արտահանումը: Նա առաջարկել է ոլորտ առ ոլորտ սահմանել շահութահարկի դրույքաչափեր եւ ապահովել հավասար մրցակցային դաշտ:

Օրինագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են արտահայտել ՀԱԿ եւ ՀՀԿ խմբակցությունների ներկայացուցիչները

ՀԱԿ խմբակցության անունից ելույթ ունենալով՝ Լեւոն Զուրաբյանն անդրադարձել է օրինագծի հիմնադրույթներին եւ առաջարկվող փոփոխությունների տրամաբանությանը: Նա կարծում է, որ խնդրի ընդհանրական լուծում է առաջարկում կառավարությունը, ինչը ճիշտ չէ: Խմբակցության ղեկավարի գնահատմամբ՝ առաջարկվող փոփոխությունը կվնասի ՓՄՁ-ների գործունեությանը: Ըստ նրա՝ օրինագիծն անընդունելի է:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը օրինագիծը տնտեսական քաղաքականության համատեքստում է դիտարկել եւ նշել է, որ ապագային միտված նախաձեռնություն է: Նրա կարծիքով՝ շահութահարկի տոկոսադրույքն իջեցնելու դեպքում մի քանի տարի հետո հնարավոր կլինի ավելի շատ մուտքեր ունենալ բյուջեում: Նա նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունը առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կբարեփոխվի՝ չվնասելու համար արտահանմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին:

Եզրափակիչ ելույթներում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գարեգին Նուշիկյանը եւ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը շնորհակալություն են հայտնել խորհրդարանին հարցը մանրամասն քննարկելու համար եւ անդրադարձել պատգամավորների մտահոգություններին ու առաջարկներին: Նրանք առաջինից երկրորդ ընթերցում համագործակցելու եւ օրինագիծը լրամշակելու պատրաստակամություն են հայտնել:

Առաջարկվում է հիմնել մասնավոր գերեզմանատներ

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ դրանով պայմանավորված մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցումով:

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը նշել է, որ գործող օրենսդրությունը հնարավորություն չի տալիս միասնական կարգավորմամբ ունենալու մասնավոր գերեզմանատներ, մինչդեռ պետական-համայնքային գերեզմանատները գերծանրաբեռնված են: Օրենքների նախագծերի կարգավորման նպատակն է կանոնակարգել հոգեհանգստի ծառայության իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանել նշված ծառայության իրականացման համար համապատասխան թույլտվության տրամադրումը, մատուցվող ծառայությանը ներկայացվող պահանջները, իրականացման վայրերը եւ տեղական տուրք, ինչպես նաեւ վարչական պատասխանատվություն՝ առանց թույլտվության գործունեություն իրականացնելու դեպքերը կանխելու համար: Դրանց տեղակայման վայրերը եւ նշված ծառայություններին ներկայացվող պահանջները սահմանելու լիազորությունն առաջարկվում է վերապահել համայնքի ավագանուն:

Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հաջորդ քառօրյա նիստում:

Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am