National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.11.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
14.11.2014
Խորհրդարանական լսումներ ՀՀ Ազգային ժողովում
1 / 3

Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` «Կիբեռանվտանգության հիմնախնդիրները ՀՀ-ում. սպառնալիքներ եւ մարտահրավերներ, արձագանքման եւ հակազդման մեխանիզմներ» թեմայով:

Բացման խոսքում Կորյուն Նահապետյանը նշել է, որ թեման արդիական է եւ մեծ կարեւորություն է ներկայացնում Հայաստանի համար` հաշվի առնելով մեր երկրի ենթակառուցվածքների աճող կախվածությունը տեղեկատվական տեխնոլոգիաներից: Նա նշել է, որ ոլորտը բավականին լայն է, եւ դժվար է մեկ հանդիպման ընթացքում անդրադառնալ նույնիսկ ամենաշտապ լուծում պահանջող խնդիրներին: Ըստ նրա` լսումների նպատակն է բացահայտել, թե ներկայում ինչպիսի կիբեռսպառնալիքներ ու մարտահրավերներ են առկա Հայաստանի մասնավոր եւ պետական հատվածներում, եւ ինչպիսի արագ արձագանքման մեխանիզմներ են գործում: Անհրաժեշտ է նաեւ գնահատել, թե պետական եւ մասնավոր հատվածում կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ինչպիսի աշխատանքներ են իրականացվում:

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի տեղեկատվական անվտանգության եւ ռազմավարական վերլուծությունների վարչության տեղեկատվական անվտանգության բաժնի պետ Վահե Սարատիկյանը նշել է, որ խնդիրը շատ արդիական է Հայաստանի համար, քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաների բուռն զարգացումը եւ թափանցումը պետության կենսագործունեության գրեթե բոլոր բնագավառներ, առաջացրել է ռիսկեր, սպառնալիքներ եւ մարտահրավերներ: Դրանք առավել արդիական եւ ֆիզիկական են երկրի ռազմավարական ենթակառուցվածքների անվտանգության ապահովման տեսանկյունից, ինչը թույլ է տալիս փաստելու, որ կիբեռանվտանգությունը կարեւորագույն բաղադրիչ է ազգային անվտանգության ապահովման համակարգում: Նա նշել է, որ կիբեռհարձակումների կատարելագործումը հետեւում է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման արագ տեմպերին, ինչի արդյունքում կատարելագործվում են նմանատիպ հարձակումները եւ փոփոխվում են իրականացման եղանակներն ու միջոցները:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության բաժնի պետի տեղակալ Արսեն Գաբրիելյանը նշել է, որ պետական մարմինների կողմից կիրառվող որոշ տեղեկատվական համակարգեր, որոնցով մատուցվում են էլեկտրոնային տարբեր ծառայություններ, ունեն առավել կարեւոր նշանակություն: Դրանցից են էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, բնակչության պետական ռեգիստրի, սոցիալական ապահովության ոլորտի, անշարժ գույքի գրանցման, հարկային հաշվետվությունների եւ մի շարք այլ համակարգեր, որոնց խափանումը կարող է հանգեցնել պետության կարեւորագույն գործառույթների իրականացման ժամանակավոր արգելափակման: Նման իրավիճակներում աշխարհում ակտիվ զարգացող կիբեռհանցագործությունների սպառնալիքներն ու դրանց իրացման դրդապատճառներն իրական վտանգ են ներկայացնում ազգային անվտանգության տարբեր բաղադրիչների վրա: Ըստ նրա` կարեւորելով վերոնշյալ խնդիրները` իրենց կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում կիբեռանվտանգության ուղղությամբ տարվող աշխատանքները կրում են տեղային եւ մասնակի բնույթ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը իր խոսքում նշել է, որ քաղաքացիների կողմից չկա կիբեռսպառնալիքների վտանգի բավարար գիտակցում: Վիրուսների տարածումը, ծածկագրերի կոտրումը, բանկային քարտերի համակարգերի եւ այլ բանկային տվյալների կողոպուտը, անօրինական տեղեկատվության տարածումը, տարաբնույթ խաբեությունները կիբեռհանցագործությունների օրինակ են, որոնցից յուրաքանչյուրը պահանջում է առանձին մոտեցում: Գոյություն ունեն տարբեր հետազոտական տվյալներ, որոնք գնահատում են տվյալ երկրում կիբեռսպառնալիքների եւ կիբեռհանցագործությունների ռիսկերի ծավալները: Օրինակ Մեծ Բրիտանիայի ընկերությունների եւ կազմակերպությունների 90 տոկոսից ավելին այս կամ այն չափով դարձել է կիբեռհարձակումների թիրախ, այն դեպքում, երբ Հոլանդիայում այդ թիվը 20 տոկոս է: Գերմանիայում կիբեռհանցագործությունները կարողանում են տարեկան 4 մլրդ եվրոյից ավելի գումար կողոպտել: Ըստ Տարասյանի` մեկ այլ հետազոտության համաձայն էլ՝ կորպորատիվ հատվածը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոցելիության պատճառով տարեկան կորցնում է 150-300 մլրդ դոլար: Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի տվյալներով էլ՝ տեղեկատվական ռեսուրսի վրա տարեկան 800 հազար հարձակում է իրականացվում: Դրանց միայն կեսի դեպքում է հնարավոր լինում հետախուզել, իսկ ավելի քիչ դեպքերում՝ ապացուցել հարձակումների եւ պատժելիության հանգամանքը:

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշել է, որ կան ոլորտներ, որտեղ վտանգներն ավելի արագ են աճում, քան այդ երկրները կարողանում են ընկալել վտանգները եւ կանխել դրանք: Նրա դիտարկմամբ` կիբեռհարձակումների առումով Հայաստանը թիրախային գոտում է:Նա տեղեկացրել է, որ գոյություն ունեն այնպիսի հանգույցներ, որոնք խոցելիությունը կարող է պետական մակարդակի խնդիրներ առաջացնել: Այդպիսի կառույցները պետք է պարբերաբար աուդիտի ենթարկվեն, որպեսզի անվտանգության մակարդակը բարձր լինի, իսկ հասարակությունն էլ պետք է տեղյակ լինի դրա մասին: Նա նշել է, որ Հայաստանի վրա կիբեռհանցագործություններ ավելի շատ իրականացնում է Ադրբեջանը:

«Կիբեռանվտանգության հիմնախնդիրները ՀՀ-ում. սպառնալիքներ եւ մարտահրավերներ, արձագանքման եւ հակազդման մեխանիզմներ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթով հանդես է եկել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության ավտոմատ կառավարման վարչության ԱԿՀ բաժնի պետ Արամ Գեւորգյանը: Նա նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց ավելանում է նաեւ կիբեռհանցագործությունների թիվը:

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 1-ին բաժնի պետ Սամվել Հովսեփյանը տեղեկացրել է, որ միջազգային հանրությունը կիբեռհանցագործությունները բաժանում է երկու խմբի` հանցագործություններ որոնք կատարվում են համացանցայի տեղեկատվության անվտանգության դեմ, այսինքն հանցագործության մուտք է հանդիսանում համակարգիչը, համակարգչային տեղեկատվությունը կամ համակարգը: Երկրորդը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հանցագործություններն են: Այսինքն` համակարգիչը հանդիսանում է կիբեռհանցագործության գործիք: Նա նշել է, որ հանցագործներն օգտվում են տարբեր երկրների օրենսդրական դաշտի տարբերություններից եւ թերություններից: Ըստ նրա` այս չարիքի դեմ ոչ մի երկիր չի կարող առանձին պայքարել:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանը նշել է, որ տեղեկատվական անվտանգությունը ողջ հասարակությանն ուղղված մարտահրավեր է, այսինքն դա ոչ թե պետության, այլ ողջ հասարակության խնդիրն է: Ըստ նրա՝ ինտերնետային կապից օգտվող յուրաքանչյուր օգտատեր պետք է գիտակցի ապահովության եւ անվտանգության մասին: Պարոն Գրիգորյանը նշել է նաեւ, որ այս արդիական խնդրի դեմ արդյունավետ պայքարի համար պետք է համախմբվեն պետական եւ մասնավոր շահագրգիռ կառույցները` ուշադրությունից դուրս չթողնելով այն փաստը, որ ինտերնետը հասանելի է նաեւ անչափահասներին:

ԵԱՀԿ փորձագետ Բեն Հիլլերը ելույթի իր խոսքում նշել է, որ կիբեռհարձակումները միշտ առաջնային խնդիր են եղել ինչպես մասնավոր, այնպես էլ պետական կառույցների համար: Ըստ նրա, սա մի խնդիր է, որը գտնվում է բոլոր պետությունների ուշադրության կենտրոնում, ինչը ստիպում է նրանց իրականացնել տարբեր ինտերնետ-քաղաքականություն:

Խորհրդարանական լսումներն ամփոփել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ով իր խոսքում առանձնացրել է մի շարք խնդիրներ, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն: Նա նշել է, որ շահագրգիռ բոլոր կառույցները պետք է ակտիվորեն ներգրավվեն կիբեռհանցագործության դեմ պայքարի միջոցառումներում, ինչպես նաեւ աստիճանաբար բարձրացնեն նմանատիպ միջոցառումների արդյունավետությունը:


14.11.2014
Տոնական միջոցառում Մանկավարժական համալսարանում
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկա է եղել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհրդի 20-ամյակին նվիրված միջոցառմանը: Տոնական միջոցառմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ԿԳ նախարար Ար...

14.11.2014
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Լեհաստանի դեսպանին
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: ՀՀ ԱԺ նախագահը, բարձր գնահատելով դեսպանի գործունեությունը Հայաստանում, նշել է, որ նրա աշխատանքի շնորհիվ վերջին տարիների...

14.11.2014
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի քարտուղարության պետի տեղակալ (ծածկագիր` 1-2.1-1) Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պա...

14.11.2014
Գրքի շնորհանդես խորհրդարանում
Նոյեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում տեղի է ունեցել տնտեսագիտության թեկնածու, անկախ փորձագետ Սուրեն Վարդումյանի «Կառավարչական հմտությունների զարգացում» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ եւ ար...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am