National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.10.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
30.10.2009
Խորհրդարանական ճեպազրույցները

Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցան ԱԺ խմբակցությունների հերթական ճեպազրույցները: Հարցերը բազմաբնույթ էին, առնչվում էին արտաքին եւ ներքին քաղաքականությանը:

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը զարմացած է առ այն, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե «գործարարը պետք է զբաղվի քաղաքականությամբ» եւ դրան համարժեք պատասխան չի տրվել, քանի որ դա հակասահմանադրական հայտարարություն է: ՀՅԴ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ, որի համաձայն Հայաստանում քրեորեն պատժելի է համարվում ցեղասպանությունը հերքելը: Օրինագծի ընդունման առնչությամբ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ օրինագիծը պետք է քննարկվի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, ինչը դեռեւս չի իրականացվել: Նրա համոզմամբ` իրենց քաղաքական ուժի վերաբերմունքը օրինագծի վերաբերյալ դրական կլինի, քանի որ այն համահունչ է «Ժառանգություն» կուսակցության ծրագրային դրույթների հետ:

Ինչու՞ են քաղաքական ուժերն անտարբեր ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի` Սահմանադրությանը հակասող հայտարարության հանդեպ հարցադրմանը «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն ասաց, որ իրեն իրավունք չի վերապահում մեկնաբանել Սահմանադրությունը, հետո հիշեցրեց, որ երկրի մայր օրենքով ամրագրված է, որ պատգամավորը կարող է զբաղվել գիտական-մանկավարժական գործունեությամբ, ձեռնարկատիրությամբ չպետք է զբաղվի: «Իսկ փաստերն ու Սահմանադրության հոդվածները համադրելը Սահմանադրական դատարանի գործն է, ես չեմ կարող մեկնաբանել», -հավելեց պարոն Մարգարյանը:

«Հասարակությունը պարզապես հաշվի է նստում ռեալության հետ, իսկ մեզ մոտ ռեալությունն ու Սահմանադրությունը միշտ չէ, որ համընկնում են»,- վերոնշյալ  հարցին արձագանքեց Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Անդրադառնալով իր ղեկավարած խմբակցության կողմից հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում» նախատեսվող փոփոխություններին` պարոն Հովհաննիսյանն ասաց. «Սա այն օրինագիծը չէ, որի շուրջ պետք է ինչ-որ դեբատներ խորհրդարանում ծավալվեն ու նստենք հաշվենք` ով է կողմ լինելու եւ ով` դեմ: Սա այն նախագծերից է, որ ունենալով ազգային քաղաքական լուրջ նշանակություն` պետք է կոնսենսուսի ու պայմանավորվածության պայմաններում ընդունվի: Հենց այդ քննարկման փուլում ենք գտնվում եւ հետագա ճակատագրի մասին կնախընտրեի չխոսել»: Խոսելով Թուրքիայի խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացման ժամկետների մասին` ՀՅԴ խմբակցության ղեկավարը կարծիք հայտնեց, թե մինչեւ ապրիլ Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի արձանագրությունները, քանի որ միջազգային իրավագետների եւ թուրք պաշտոնյաների հայտարարություններից ակնհայտ է դարձել, որ հիմնական շահողն արձանագրություններից թուրքական կողմն է:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարության առնչությամբ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Ժառանգությանը» խորհուրդ տվեց քիչ զարմանալ: «Եթե նրանք քիչ զարմանան, ապա շատ ավելի ժամանակ կունենան զբաղվել իրենց ներքին խնդիրներով»,- հավելեց տիկին Զոհրաբյանն ու պարզաբանեց, թե իրականում ինչ է ասել Գագիկ Ծառուկյանը. «Ինքը նկատի ուներ մարդ, ով եղել է գործարար, ով կայացել է տնտեսական ոլորտում, ով այսօր երկրում ունի լուրջ ազդեցություն եւ այդ մարդիկ, որոնք անցել են ողջ այդ ճանապարհը, ահա այդ մարդիկ կարող են եւ պետք է զբաղվեն քաղաքականությամբ: Քանզի Ծառուկյանի համար քաղաքականությունը բիզնես չէ։  Պարոն Ծառուկյանը հրաշալի գիտի մեր Սահմանադրությունը եւ հրաշալի գիտի, որ Սահմանադրությամբ ձեռներեցը իրավունք չունի լինել պատգամավոր։ Ուստի,  «Ժառանգությանը» խորհուրդ կտամ հասարակության ուշադրությունն իրենց ներքին խնդիրներից շեղելու համար Ծառուկյանին սեփական հայեցողությամբ չմեկնաբանել եւ նրա խոսքը կոնտեքստից չկտրել»,- ավարտեց խոսքը Նաիրա Զոհրաբյանը: ՀՅԴ խմբակցության հեղինակած օրենսդրական նախաձեռնությանը ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը սկզբունքորեն կողմ է, սակայն մի կողմից էլ նկատեց, որ այդ օրինագծի ընդունումից հետո Հայաստանը կհայտնվի միջազգային ճնշման տակ, ինչպես եղավ Թուրքիայի հետ հանրահայտ 301-րդ հոդվածի հետ կապված: «Եվ հետո, ես չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի մեկը, որ կասկածի տակ կառնի պատմական փաստը, իրողությունը», -հավելեց Արամ Սաֆարյանը:

Եվրամիության Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափում, ըստ նախնական պայմանավորվածության, ՀՀ Ազգային ժողովը կունենա տասը պատվիրակ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ իրազեկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, ով Ստոկհոլմում մասնակցել է ձեւաչափի մեկնարկային համաժողովին: Խորհրդարանական ձեւաչափը բաղկացած կլինի 120 պատգամավորից, 60-ը` ներկայացված Եվրախորհրդարանի կողմից, մյուս մասը` Արեւելյան գործընկերության վեց երկրներից` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Բելառուս, Ուկրաինա: «Երկու ամիս անց կհրավիրվի «Եվրանեստ»-ի վերջնական ամփոփիչ քննարկումը, որից հետո կմեկնարկի Վեհաժողովի աշխատանքը: Դեռ վաղ է քննարկել Հայաստանի պատվիրակության կազմավորման հարցը»,-ասաց պատգամավորը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ալուստ Սահակյանը տեղյակ չէր ագիկ Ծառուկյանի հայտարարության բովանդակությանը, ուստի նա ձեռնպահ մնաց մեկնաբանելուց: Պարոն Սահակյանը կարծում է, որ ՀՅԴ խմբակցության պատգամավորների նախաձեռնած օրինագիծը եւ մամուլում հնչեցված առաջարկությունները պետք է համակարգել: Այս հարթության մեջ նա լուծումներ տեսնում է. երբ սահմանը կբացվի եւ միջկառավարական հանձնաժողով կստեղծվի, այդ ընթացքում անդրադարձ կլինի նաեւ այդ հարցին: «Ես չեմ կարծում, որ Հայաստանում ինչ-որ մարդիկ կան, որ ցեղասպանությունը չեն ընդունում, որ մենք էլ այդ օրենքն ընդունենք: Երբ սահմանը կբացվի, Թուրքիան համապատասխան օրենքում փոփոխություններ չի կատարի, մենք էլ, բնականաբար, կընդունենք նման օրինագիծ»,-արձագանքեց ալուստ Սահակյանը: Խմբակցության ղեկավարը կարծիք հայտնեց, որ Թուրքիայի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հարցը ամիսների հարց է: «Համենայնդեպս տարիներ չի տեւի», -հավելեց նա: ալուստ Սահակյանի համոզմամբ` թուրքերի մոտ դիվանագիտությունը իմիտացիոն բնույթ է կրում «հանրությանն ուզում են ցույց տալ, որ սա դժվար գործ է: Այս մասին մեզանում էլ այնքան են խոսել, որ հայ-թուրքական հարաբերությունների թիմային հերոսացումների ճանապարհ են բռնում` ընդդիմությունը կուրծքը ծեծում է, որ ամենամեծ հերոսն ինքն է` «ոչ» է ասում, իսկ դիմության դաշտում էլ մարդիկ կան, որ խանդավառված «այո» են ասում: Երկու տարբերակն էլ ընդունելի չէ: Սա դիվանագիտական գործընթաց է, պետք չէ այդպես անել»,-հավելեց խորհրդարանական մեծամասնություն կազմող խմբակցության ղեկավարը:


 



30.10.2009
Համագործակցությունը կլինի շարունակական
ԱԺ աշխատակազմի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ կնքված հուշագրի համաձայն, ԱԺ աշխատակազմի 23 փորձագետներ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակում անցան վերապատրաստման դասընթացներ։ Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը։ ԱԺ աշխատակազմի փորձագետներին դասընթացն...

30.10.2009
2010 թ. պետական բյուջեի նախագիծը քննարկվեց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում
Հոկտեմբերի 30-ին խորհրդարանը մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսեց «Հայաստանի Հանրապետության 2010թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները` Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նիստը նախագահող` ԱԺ ֆինանսավարկայի...

30.10.2009
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Հայաստանում Նիդեռլանդների նորանշանակ դեսպանին
Հոկտեմբերի 30-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Նիդեռլանդների թագավորության նորանշանակ դեսպան Պիտեր Յան Լանգեբերգին:Ողջունելով հյուրին` խորհրդարանի նախագահը շնարհավորեց նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Պրն Աբրահամյանն իր վստահությունը հայտնեց, որ դեսպանի գործունե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am