National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.10.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
30.10.2009
2010 թ. պետական բյուջեի նախագիծը քննարկվեց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում

Հոկտեմբերի 30-ին խորհրդարանը մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսեց «Հայաստանի Հանրապետության 2010թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները` Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նիստը նախագահող` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ներկաներին ծանոթացրեց քննարկումների ժամանակացույցի հետ` ասելով, որ մեկշաբաթյա քննարկումներն ամփոփելուց հետո պատգամավորները գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ առաջարկներ կներակայացնեն, այնուհետեւ խորհրդարանի ղեկավարը հանդես կգա բյուջեի նախագիծը  նոյեմբերի 16-ին մեկնարկող քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու առաջարկությամբ: Մինչ այդ բյուջեի նախագիծը կքննարկվի ըստ ոլորտների:

Գալիք տարվա բյուջետային քաղաքականությունը եւ առաջնահերթությունները խորհրդարանում ներկայացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները,   եկամուտների ձեւավորման եւ բյուջեի ծախսային քաղաքականությունն օրենսդիրների համար  մանրամասնեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Չխախտելով ավանդույթը` վարչապետը մինչ 2010 թ. բյուջեի նախագիծը ներկայացնելը գնահատեց  ընթացիկ իրավիճակը: 2009 թ.-ին կառավարությունը իրականացրել է դեռեւս 2008 թ. տարեվերջին հրապարակված մի շարք հակաճգնաժամային ծրագրեր` ապահովելու համար մարկոտնտեսական կայունություն եւ դիմագրավելու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջ բերած մարտահրավերները: ործադիրն այս ընթացքում ներդրումներ է կատարել  տարածաշրջանային նշանակություն ունեցող ենթակառուցվածքներում: Մասնավորապես  ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ նոր ատոմակայանի կառուցման համար: Մինչեւ 2009 թ. ավարտը, վարչապետի տեղեկացմամբ, շահագործման կհանձնվեն կամ կվերանորոգվեն հանրապետության 365 կմ. ավտոճանապարհներ` նախորդ տարվա 162 կմ-ի փոխարեն: Ջրամատակարարման համակարգը վերանորոգելու համար ներդրվել է 1,4 մլրդ. դրամ, աղետի գոտու բնակարանաշինության համար` 25 մլրդ. դրամ. այս գումարով կկառուցվի 1760 բնակարան: Վարչապետը տեղեկացրեց, որ սկսվել են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի նախագծման աշխատանքները, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ուղղությամբ եւս կատարվում են կոնկրետ քայլեր: Հիմնադրվել է համահայկական բանկը, որը կգործի գալիք տարի: Հակաճգնաժամային ծրագրի հաջորդ թիրախը, պրն. Սարգսյանի ներկայացմամբ,  փոքր եեւ միջին բիզնեսին աջակցությունն է: Այդ նպատակով ստեղծվել է նոր վարկային ունիվերսալ կազմակերպություն: Փոքր եւ միջին բիզնեսի աջակցությանն են ուղղվել ՌԴ-ից ստացված` 18 մլրդ. դրամի վարկը: Այս հատվածին աջակցելու համար ներգավվել են նաեւ այլ միջոցներ` 3,7 մլրդ. ՓՄՁ-ի  եւ 6,4 մլրդ. դրամ` ունիվերսալ վարկային կազմակերպության համար, հայ-գերմանական հիմնադարմին ոլորտը վարկավորելու նպատակով տրամադրվել է 17 մլրդ. դրամ: Վարչապետն իր ելույթում ընդգծեց, որ փոքր եւ միջին  բիզնեսի համար ընթացիկ տարում  ապահովել են  բարենպաստ միջավայր` տալով հարկային արտոնություններ, պարզեցնելով հարկային վարչարարությունը այս հատվածի համար: Կառավարության միջոցառումների շնորհիվ փոքր եւ միջին բիզնեսի հարկատուները  հարկերի գծով  16,6 մլրդ. դրամի չափով խնայողություն են ունեցել ` այդքանով իսկ նվազեցնելով բյուջեի մուտքերը:  Բիզնես միաջավայրին ուղղված քայլերը, ըստ վարչապետի, արդեն դրական արդյունք են արձանագրել: Համաշխարհային Բանկի գնահատմամբ` մեր հանրապետությունն իր վարկանիշը բարելավել է 7 աստիճանով` զբաղեցնելով սանդղակում 43-րդ հորիզոնականը: Հաջորդ ոլորտը, որն ընդգրկված է կառավարության հակաժգնաժամային մյջոցառումների ցանկում է, իրական հատվածն է: Որպես աջակցություն վարչապետն առանձնացրեց սարքավորումները ներկրելիս հարկերի վճարման ժամկետի երկարաձգումը, պետական աջակցությունը համակարգաստեղծ ձեռնարկություններին եւ այլն: Վարչապետի հավաստմամբ` հակաճգնաժամային ծրագրերը խարսխվել են սոցիալական պարտավորությունների կատարման հիմքի վրա: Չնայած ընթացիկ տարում արձանագրված տնտեսական անկման ցուցանիշներին` կառավարությանը 2009 թ. բյուջեի կատարման ընթացքում հաջողվել է ավելացնել  սոցիալական ծախսերը նախատեսված 14 տոկոսի չափով: Մակրոտնտեսական   կայունությունն ապահովելու նպատակով գործադիրն իրականացրել է ընդլայնողական դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականություն` ճգնաժամի հետեւանքները հաղթահարելու համար տնտեսական սուբյեկտներին ապահովելով ֆինանսական միջոցներով: 18 տոկոս տնտեսական անկումը կառավարությանը չի խոչընդոտել նաեւ 2009 թ.բյուջետային ծախսերը նախորդ տարվա համեմատությամբ 70 մլրդ. դրամով ավելացնելու հարցում. ծախսերն ընթացիկ տարվա համար բյուջեում կկազմեն 880 մլրդ. դրամ: Դեֆիցիտը ընթացիկ տարում ՀՆԱ-ի 7-7,5 տոկոսը կկազմի: նաճը կլինի նախատեսված միջակայքում:  Ըստ վարչապետի` կառուցվածքային փոփոխություններ կատարելով` կառավարությունը չառաջարկեց սեկվեստր կիրառել, եւ  ընդհակառակը` ընդլանողական քաղաքականություն վարեց, որը մասնագետները ճգնաժամի պայմաններում համարում են արդարացված: Կառավարության ղեկավարը թվարկեց նաեւ այն վարկային ծրագրերը, որոնցով նախատեսում են արտաքին ֆինանսական միջոցներ ներգրավել ճգնաժամը հաղթահարելու համար: Վարչապետը կարեւոր համարեց նշված միջոցառումներին զուգահեռ բարձրացնել  պետական ապարատի գործունեության արդյունավետությունը, ներդնել կատարողական համակարգ եւ ապահովել գործադիր մարմնի աշխատանքի թափանցիկությունը եւ վերահսկելիությունը: Վարչապետը որպես տնտեսության խոցելի օղակներ նշեց տնտեսության դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակը,   օլիգապոլիաների առկայությունը  եւ ցածր մրցակցային մակարդակը, պետական կառավարման համակարգում   թերի մոտիվացիոն մեխանիզմների առկայությունը, ինչպես նաեւ առողջապահության եւ կրթության ոլորտներում առկա չլուծված ֆունդամենտալ խնդիրները: Խոսելով 2010թ. բյուջեի նախագծի մասին` վարչապետը նախ արձագանքեց ցուցանիշները ճշգրիտ չկանխատեսելու մասին` կառավարության հասցեին հնչող քննադատությանը: Նա նշեց, որ ճգնաժամի պայմաններում խախտվում են բոլոր օրինաչափությունները եւ ոչ ճիշտ կանխատեսումները բնորոշ են ճգնաժամային փուլին: Համաշխարհաին ֆինանսական կազմակերպությունները եւս ստիպված են լինում պարբերաբար ճշգրտել իրենց կանխատեսումները, երբեմն` կտրուկ:

Փաստաթղթի կազմման պահին առկա կանխատեսումները հաշվի ատնելով` բյուջեն հետեւյալ թվային ձեւակերպումն է ստացել. եկամուտներ` 676,7 մլրդ. դրամ, ծախսեր`  859,6 մլրդ. դրամ, դեֆիցիտը` 183 մլրդ. դրամ: Ֆինանսների նախարարը այս բյուջեն բնութագրեց որպես կայունացման եւ իրատեսական` ասելով, որ մտնում են կայունացման փուլ եւ հաջորդ բյուջեներով աստիճանաբար կվերադառնան մինչճգնաժամային համամասնություններին: ալիք տարում, ոլորտի պատասխանատուների կարծիքով, կարձանագրվի տնտեսական աճի 1,2 տոկոսանոց մակարդակ: Ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը, ըստ նախարարի, էապես մեծացել է`  չնայած ծախսերի բնացարձակ մեծությունը չի ավելացել: Արտաքին պետական պարտքը բյուջեի նախագծում կազմում է  3 մլրդ. 549 մլն. դոլար` ՀՆԱ-ի 46,5 տոկոսը: Ֆինանսների նախարարը հավաստիացրեց, որ պարտքի ծավալը օրենսդրորեն թույլատրելի սահմաններում է: Դեֆիցիտի մասնաբաժինը ՀՆԱ-ում կկազմի 5,7 տոկոս: Ըստ բյուջետային կանխատեսումների` գնաճը կլինի սահմանված միջակայքում` 4 տոկոս: Ֆինանսական համահարթեցման դոտացիաների ընդհանուր գումարը 2010 թ. կկազմի 32 մլրդ դրամ, գրեթե նույնքան էլ կտրամադրվի ԼՂՀ-ին` որպես բյուջետային վարկ: Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 2010-ի բյուջեում ծրագրված  է 16,5 տոկոս: Ֆինանսների նախարարն ուշագրավ համարեց, որ սոցիալական ծախսերին 2010 թ.-ին կուղղվի ընդհանուր ծախսերի 45,7 տոկոսը:

«Հայաստանի Հանրապետության  2010թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացությունը նիստում ներկայացրեց բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նա նույնպես անդրադարձավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին եւ 2008 թ. վերջին եռամսյակից սկսած` դրա բացասական ազդեցությանը մեր երկիր տնտեսության վրա: Այդուհանդերձ` եկամուտների կրճատման պայմաններում կառավարությունը, ԿԲ նախագահի գնահատմամբ, պահպանել է բյուջետային կարգապահությունը: Վարելով ընդլայնողալան քաղաքականություն` խթանել է ներքին պահանջարկի ձեւավորմանը: Թեեւ   պակասուրդի մեծ ծավալները գնաճային ճնշումներ են առաջացրել, գործադիր իշխանությունը, ԿԲ եզրակացության համաձայն, կարողացել է գնաճը պահպանել սահմանված` 4+/-1,5 տոկոսի շրջանակներում: Արթուր Ջավադյանը ողջունելի  համարեց ճգնաժամը հաղթահարելու նպատակով կառավարության կողմից արտաքին ֆինանսական միջոցներ ներգրավելը, ինչպես նաեւ 2010 թ.-ից պակասուրդն աստիճանաբար կրճատելու` գործադիրի դիրքորոշումը: Որպես ուշադրության արժանի խնդիրներ ԿԲ նախագահը նշեց հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավումը, պահպանելով ծախսերի առաջնահերթությունները` խնայողական  ռեժիմին անցումը, պակասուրդի մակարդակի չգերազանցումը:

Արթուր Ջավադյանը ներկայացրեց նաեւ օրակարգային վերջին հարցը` Կենտրոնական բանկի 2010թ. վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումների նախագիծը: Բանկի վարչական ծախսերը 2010 թ.-ին ընթացիկ տարվա համադրելի ցուցանիշը կգերազանցեն 3 տոկոսով` կազմելով 4 մլրդ. 923 մլն. դրամ: Աշխատավարձերի փոփոխություն ԿԲ-ում այս տարի չի սպասվում, փոխարենը աշխատակազմը համալրվել է 30 նոր աշխատակիցներով:

Նույն օրը Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի  ու ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության 2010թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծում նախատեսված արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության  ծառայության ֆինանսավորմանն առնչվող խնդիրները:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրեց վերը նշված ոլորտների ֆինանսավորման ընդհանուր պատկերը, իսկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրին նախատեսված ֆինանսական հատկացումների բաշխումն ըստ առանձին բնագավառների:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 2010 թվականի ֆինանսավորումը հավասար է 2009 թ. կատարողականի ցուցանիշին: Նախարարության պահպանման ծախսերը կազմում են 1,3 մլրդ դրամ: Այս կառույցում գտնվող Հայաստանի փրկարար ծառայությանը  ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 4,156.1 մլն դրամ, որն ամբողջությամբ ուղղվելու է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը: Հայաստանի փրկարար ծառայության 2010 թվականի պահպանման ծախսերը 2009 թվականի հաստատված բյուջեի նկատմամբ նվազել են 81.8 մլն դրամով, իսկ 2009 թվականի սպասողական կատարողականի նկատմամբ` 34.5 մլն դրամով: Աշխատողների աշխատավարձերի, հավելավճարների եւ քաղաքացիական ծառայողների պարգեւատրումները  ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսվել են 3,094.5 մլն դրամի չափով, որը նախատեսվում է ուղղել փրկարար ծառայողների, ինչպես նաեւ փրկարար ծառայության համակարգի քաղաքացիական ծառայողների աշխատավարձերի եւ նախորդ տարվա արդյունքների համար տարեկան մեկ անգամ պարգեւատրումների վճարմանը:

ՀՀ Ոստիկանության` 2010 թվականի պահպանման ծախսերը նախատեսվել են 22,557.1 մլն դրամի չափով, որից 22,303.1 մլն դրամն ուղղվելու է ընթացիկ ծախսերի, իսկ 254.0 մլն դրամը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ֆինանսավորմանը: ՀՀ Ոստիկանության 2010 թվականի պահպանման ծախսերը 2009 թվականի հաստատված բյուջեի նկատմամբ նվազել են 2,109.5 մլն դրամով, իսկ 2009 թվականի սպասողական կատարողականի նկատմամբ` 1,378.4 մլն դրամով:

Աշխատողների աշխատավարձեր եւ հավելավճարները 2010 թվականին ծրագրավորվել են 15,213.1 մլն դրամի չափով, որը 2009 թվականի պետական բյուջեի եւ 2009 թվականի սպասողական կատարողականի նկատմամբ աճել է 582.9 մլն դրամով, որը պայմանավորված է 2010 թվականին պայմանագրային զինծառայողների  աշխատավարձերով:

Ազգային անվտանգության` 2010 թվականի ծախսերը նախատեսվել են 10,938.8 մլն դրամ, որից «Ազգային անվտանգության ապահովում» ծրագրով՝ 9,280.2 մլն դրամ, իսկ «Պետական պահպանության ապահովում» ծրագրով՝ 1,658.6 մլն դրամ: Ընդ որում`«Ազգային անվտանգության ապահովում» ծրագրով նախատեսված 9,280.2 մլն դրամի 8,930.2 մլն դրամն ուղղվելու է ընթացիկ ծախսերի, իսկ 350.0 մլն դրամը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ֆինանսավորմանը: Աշխատողների աշխատավարձեր եւ հավելավճարները 2010 թվականին ծրագրավորվել են 5,551.1 մլն դրամի չափով, որը 2009 թվականի պետական բյուջեի եւ 2009 թվականի սպասողական կատարողականի նկատմամբ ավել է նախատեսվել 490.5 մլն դրամով, որը պայմանավորված է 2010 թվականին պայմանագրային զինծառայողների  աշխատավարձերով:

«Պետական պահպանության ապահովում» ծրագրով 2010 թվականին նախատեսվում է 1,658.6 մլն դրամ, որն ամբողջությամբ ուղղվելու է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը: Աշխատողների աշխատավարձեր եւ հավելավճարները 2010 թվականին ծրագրավորվել են 1,107.5 մլն դրամի չափով:

«Հայաստանի Հանրապետության 2010թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծում նախատեսված պաշտպանության նախարարության  եւ պետական ռեզերվների  ֆինանսավորմանը վերաբերող նիստը դռնփակ էր:
 


30.10.2009
Խորհրդարանական ճեպազրույցները
Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցան ԱԺ խմբակցությունների հերթական ճեպազրույցները: Հարցերը բազմաբնույթ էին, առնչվում էին արտաքին եւ ներքին քաղաքականությանը:Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը զարմացած է առ այն, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան...

30.10.2009
Համագործակցությունը կլինի շարունակական
ԱԺ աշխատակազմի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ կնքված հուշագրի համաձայն, ԱԺ աշխատակազմի 23 փորձագետներ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակում անցան վերապատրաստման դասընթացներ։ Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը։ ԱԺ աշխատակազմի փորձագետներին դասընթացն...

30.10.2009
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Հայաստանում Նիդեռլանդների նորանշանակ դեսպանին
Հոկտեմբերի 30-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Նիդեռլանդների թագավորության նորանշանակ դեսպան Պիտեր Յան Լանգեբերգին:Ողջունելով հյուրին` խորհրդարանի նախագահը շնարհավորեց նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Պրն Աբրահամյանն իր վստահությունը հայտնեց, որ դեսպանի գործունե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am