National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.10.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
08.10.2009
Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը

Հոկտեմբերի 8-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերը աշխատանքը` քվեարկությամբ ընդունելով «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Ազգային ժողովը  շարունակեց ՀՀ Վերահսկիչ պալատի 2008 թ. տարեկան հաշվետվության քննարկումները: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հարակից զեկույցում ներկայացրեց հաշվետվության վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը:  Նրա համոզմամբ` Վերահսկիչ պալատը ներկայացրել է համակարգված եւ ընկալելի փաստաթուղթ, ինչն ապացույցն է կառույցի արդյունավետ գործունեության: Պարոն Մինասյանը կարեւորեց հաշվետվությունը ոչ միայն խախտումների արձանագրման տեսանկյունից, այլ խախտումներ ցուցաբերած կազմակերպություններին ուղղված առաջարկություններով:

ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, կարեւորելով Վերահսկիչ պալատի դերակատարությունը, առաջարկեց հաշվետվության մեջ միմյանցից առանձնացնել ֆինանսական խախտումները ու թերությունները, չմատնանշել այն չարաշահումները, որոնք արդեն իսկ կարգավորվել են օրենսդրորեն: Պարոն Նիկոյանը կարեւորեց Վերահսկիչ պալատի եւ խորհրդարանի համագործակցության սերտացումը: ԱԺ փոխնախագահը գտնում է, որ Վերահսկիչ պալատը պետք է գործի  իր իրավասությունների սահմաններում, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է ընդլայնվեն կառույցի լիազորությունները:

Հարցի կապակցությամբ ելույթ ունենալով` ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն անդրադարձավ հաշվետվության քաղաքական եւ լոկալ պատասխանատվության խնդրին: Պարոն Դալլաքյանը կարծում է, որ ՎՊ-ն մշտապես պետք է զգա խորհրդարանի աջակցությունը. այս հարցում նա կարեւորեց ՎՊ-ի գործունեության վերաբերյալ խորհրդարանական լսումների անցկացումը: Պատգամավորի գնահատմամբ` եթե ՎՊ-ի բացահայտումների արդյունքում մեղավորները չպատժվեն, կվարկաբեկվի պետությունը եւ պետական բոլոր կառույցները: ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը ցավով փաստեց, որ բացահայտված ֆինանսական անարդյունավետ ծախսերի առնչությամբ դատախազություն ուղարկված փաստերից միայն մեկին է ընթացք տրվել: Նա անարդյունավետ գնահատեց այս հարցում դատախազության վերահսկողությունը: ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի համոզմամբ` անիմաստ կդառնան ՎՊ բացահայտումները, եթե մեղավորները պատասխանատվության չենթարկվեն: ԱԺ պատգամավոր Համլետ Հարությունյանը, կարեւորելով ՎՊ գործունեությունը, գտնում է, որ պետք է մշակել գանձագողության դեմ պայքարի համալիր ծրագիր: Նրա կարծիքով` պետք է ընդլայնել Վերահսկիչ պալատի լիազորությունները եւ պայքարել պետական բյուջեն յուրացնողների դեմ:

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացնող Ստյոպա Սաֆարյանը գտնում է, որ բացահայտումները անիմաստ կդառնան, եթե չնպաստեն անպատժելիության կրճատմանը:

Հարցի առնչությամբ արտահերթ ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը.

Հարգելի գործընկերներ.

Ազգային ժողովի ուշադրությանն է ներկայացված ՀՀ Վերահսկիչ պալատի 2008թ. տարեկան հաշվետվությունը: Ընդհանուր առմամբ, ելութս կառուցելու եմ սկզբունքների շուրջ. չեմ մանրանալու, վերլուծություններ չեմ անելու: Ուզում եմ պարզապես մի քանի սկզբունք արձանագրել մեր հետագա աշխատանքները ճիշտ կազմակերպելու համար:

Ընդհանուր առմամբ, կատարված է ծավալուն եւ օգտակար աշխատանք: Այն թույլ է տալիս ավելի գործնական արդյունքների տեսանկյունից ամբողջական պատկերացում կազմել ինչպես առանձին ոլորտների գործունեության, այնպես էլ տեղական ու միջազգային մի շարք ծրագրերի իրականացման արդյունավետության մասին: Առանձնահատուկ ուշադրության են արժանացել գյուղատնտեսության, բնապահպանության, քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի, առողջապահության նախարարությունների, մաքսային  ծառայության, ինչպես նաեւ Սյունիքի, Գեղարքունիքի, Արարատի մարզերի եւ Երեւանի մի շարք համայնքների աշխատանքը: Ուսումնասիրվել են նաեւ միջազգային բազմաթիվ ծրագրեր, որոնց իրականացումը կենսական նշանկություն ունի մեր երկրի տնտեսության համար:

Կարեւոր է շեշտել, որ Վերահսկիչ պալատը, լինելով անկախ մարմին, իրականացնում է պատշաճ վերահսկողություն եւ մատնանշում խախտումներ ու թերություններ, որոնց պետք է արձագանքել ինչպես գործադիր իշխանության, այնպես էլ օրենսդիր մարմնի համապատասխան քայլերով: Հատկանշական է, որ որոշ ոլորտներում արձանագրվող թերություններն ու խախտումները ժամանակ առ ժամանակ կրկնվում են: Ստացվում է, որ պետական բյուջեից եւ արտաքին աղբյուրներից միջոցներ են հատկացվում հենց պետական բյուջեի միջոցները ճիշտ օգտագործելու համար: Այդ ամենի արդյունքում կազմվում են հաշվետվություններ, իսկ դրանցում նշված ֆինանսական խախտումները մեզ այդպես էլ չի հաջողվում վերացնել: Դրանք ինչպես նախկինում եղել են, այդպես էլ այսօր շարունակվում են: Եզրակացությունը մեկն է. կամ օրենքը չի գործում, կամ բավարար պատիժ չի սահմանվում օրինախախտումների համար:

Առավել դատապարտելի եմ համարում, անկախ գումարի մեծությունից, «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» եւ «Դատաիրավական բարեփոխումներ» ծրագրերի իրագործման ընթացքում տեղ գտած ֆինանսական խախտումները: Առաջարկում եմ Վերահսկիչ պալատին, որ մանրակրկիտ անդրադառնա այդ հարցերին եւ իր դիտողությունները ներկայացնի կառավարությանը: Մեկ բան ակնհայտ է, որ եթե Վերահսկիչ պալատը չիրականացնի ստուգումներ, չարձանագրի խախտումներ համապատասխան նախարարություններում եւ գերատեսչություններում, ապա այդ խախտումները բերելու են նոր յուրացումների, իսկ թերությունները չեն վերացվելու եւ բյուջեի գումարները, մեղմ ասած,  իրենց նպատակին չեն ծառայելու: Այդ մասին ուզում եմ այս բարձր ամբիոնից իմ մտահոգությունը հայտնել եւ Վերահսկիչ պալատին, պատկան բոլոր մարմիններին, վարչապետին, կառավարությանը:

Միաժամանակ, կարծում եմ, ժամանակն է հստակեցնել, թե երբ եւ որ դեպքերում վեր հանված թերությունների հարցով Վերահսկիչ պալատը, որպես անհրաժեշտ քայլ, պետք է դիմի ՀՀ Գլխավոր դատախազությանը: Այլապես, տարեցտարի մատնանշվում են ֆինանսական խախտումներ, որոնց վերաբերյալ նյութերը կարող են ըստ հայեցողության ուղարկվել կամ չուղարկվել իրավապահ մարմիններին: Այսպես չի կարելի շարունակել: Կարծում եմ, եթե կա օրինախախտում, ապա այդ մասին իրավապահները միանշանակ պետք է տեղեկացվեն: Դա պետք է ամրագրվի օրենքով, եթե կա այդ բացը: Յուրաքանչյուր խախտում պետք է քննարկվի, դատապարտվի. դա կլինի շատ ճիշտ եւ օբյեկտիվ:

Կան նաեւ այլ առանձնահատկություններ: Տպավորություն է ստեղծվում, թե շատ խնդիրներ կրում են խրոնիկ բնույթ: Միեւնույն ժամանակ նկատում ենք, որ, ինչպես դա բխում է առանձին ծրագրերի բնույթից, տվյալ տարում արձանագրված թերածախսը շտկվում է հաջորդ տարվա ընթացքում նույն ծրագրի շրջանակում կատարված  ծախսերով: Դա,  իմ կարծիքով,  անընդունելի է: Սակայն կան նաեւ ավելի լուրջ պրոբլեմներ, ֆինանսական շորթումներ եւ այլ խախտումներ, որոնք պետք է արժանանան օրենքով սահմանված պատժի, իսկ պետական բյուջեին ու այլ աղբյուրներին հասցված վնասը պետք է համարժեքորեն փոխհատուցվի:

Սխալ կլիներ այսքանով սահմանափակվել: Կան խորքային խնդիրներ, որոնք պահանջում են համակարգված մոտեցումներ եւ լուծումներ: Կարծում եմ, որ առաջացել է այս հարցերի շուրջ լսումներ կազմակերպելու անհրաժեշտությունը: Անհրաժեշտ է  տարանջատել  նաեւ այն հարցերը, որոնք կարող են հանգուցալուծվել կառավարության ջանքերով եւ գործադիր իշխանության կառույցների համապատասխան քայլերով,  իսկ այն բացթողումներն ու խախտումները, որոնք կրում են խրոնիկ բնույթ, միանշանակ օրենսդրական կարգավորման կարիք են զգում: Այստեղ որոշակի անելիք ունի Ազգային ժողովն իր պատկան հանձնաժողովների միջոցով:

Այս կապակցությամբ առաջարկում եմ Ազգային ժողովի պետաիրավական, ֆինանսավարկային եւ բյուջետային, ինչպես նաեւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներին մեկ անգամ եւս մանրամասն ուսումնասիրել Վերահսկիչ պալատի 2008թ. հաշվետվությունը, վեր հանել գործող օրենքների այն հոդվածները, որոնք խախտվել են արձանագրված չարաշահումների հետեւանքով եւ ներկայացնել առաջարկներ` այդ խնդիրների օրենսդրական լուծումների վերաբերյալ:

Այս ամենն, իհարկե, չի նսեմացնում Վերահսկիչ պալատի կատարած հսկայական աշխատանքը, ուստի, կարծում եմ, որ ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից ներկայացված հաշվետվությունը արժանի է Ազգային ժողովի հավանությանը:

Ամփոփելով խոսքս` պետք է հորդորեմ պարոն Զաքարյանին, որ այսուհետ Վերահսկիչ պալատը շատ ուշադիր լինի նաեւ այն հայտարարությունների նկատմամբ, որոնք կատարվում են այս կամ այն նիստում: Միշտ չէ, որ այդ հայտարարությունները համապատասխանում են իրականությանը: Այստեղ եւս կառաջարկեմ Վերահսկիչ պալատի նախագահին այս ամենը կանոնակարգել, որովհետեւ ձեր կողմից ներկայացվող տեղեկատվությունը հանրության շրջանում քննարկումների անհրաժեշտություն է առաջացնում: Կարծում եմ, որ յուրաքանչյուր հայտարարություն պետք է լինի հիմնավոր եւ արժանահավատ:

Շատ եմ կարեւորում Վերահսկիչ պալատի` որպես անկախ մարմնի աշխատանքը մեր երկրի պետական բյուջեի ծախսերը վերահսկելու եւ կանոնակարգելու գործում: Գտնում եմ, որ անհրաժեշտ է ավելի խստացնել վերահսկողությունը, որը բխում է մեր պետության, երկրի Նախագահի եւ մեր բոլորի շահերից»:

Եզրափակիչ ելույթում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը համոզմունք հայտնեց, որ պետական միջոցների ոչ նպատակային օգտագործումը թուլացնում է հանրության վստահությունը պետության որդեգրած քաղաքականության նկատմամբ: Այս համատեքստում պարոն Մինասյանը կարեւորեց Վերահսկիչ պալատի անաչառ եւ արդյունավետ գործունեությունը:

ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը եզրափակիչ ելույթում շնորհակալություն հայտնեց խորհրդարանին շահագրգիռ քննարկումների եւ օգտավետ առաջարկների համար ու արձագանքեց հնչեցված մտահոգություններին: Նա տեղեկացրեց, որ միջազգային փորձի կիրառումը նպաստում է իր ղեկավարած կառույցի աշխատանքի արդյունավետ իրականացմանը: Պարոն Զաքարյանը գտնում է, որ չպետք է քաղաքականացնել Վերահսկիչ պալատի գործունեությունը: Նա ընդունում է ԱԺ նախագահի` խորհրդարանի հետ ոչ նպաստավոր համագործակցության վերաբերյալ դիտողությունը` խոստանալով ԱԺ մշտական հանձնաժողովների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ լրացնել օրենսդրական այն բացը, որը թույլ է տալիս գործադիր եւ տեղական ինքնակառավարման մարմիններին չարաշահումներ իրականացնել: ՎՊ նախագահը համոզված է, որ ՀՀ իշխանությունները ունեն քաղաքական կամք թերությունները շտկելու, ինչի վկայությունն են խորհրդարանում ծավալված երկօրյա քննարկումները:

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրի կատարման 2008 թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը: Նրա խոսքով` հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ կառավարության իրականացրած միջոցառումներն ուղղված են եղել ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը: Շարունակվել է մասնավորեցման այն քաղաքականությունը, որը հնարավորություն է տալիս մասնավորեցվող ընկերություններում առավելագույնս ներդրումներ կատարել եւ ընկերությունները վաճառել ռազմավարական ներդրողներին: Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցվել է ծրագրում ընդգրկված 7 ընկերություն, որից 4-ը վաճառվել է ուղղակի վաճառքի ձեւով եւ 3-ը` աճուրդով: Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին փաստացի մուտքագրվել է 555200,8 հազ. դրամ: 2008 թ. ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ է փոխանցվել 69 249,8 հազ. դրամ: Տիկին Կիրակոսյանը տեղեկացրեց, որ հաշվետու ժամանակաշրջանում պետական գույքի մասնավորեցման գործընթացի իրականացմանը խոչընդոտել են մասնավորեցման ներկայացվող ընկերությունների ցածր գրավչությունը ներդրողների համար եւ ընկերությունների խոշոր պարտքերը, ընկերությունների մի մասի սնանկացման գործընթացում գտնվելը եւ դրանց գույքի նկատմամբ բռնագանձում տարածելը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Ռոբերտ Թովմասյանը:

Առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվեց ԱԺ պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Վահան Հովհաննիսյանի, Միքայել Մանուկյանի, Արծվիկ Մինասյանի, Անահիտ Բախշյանի, Հեղինե Բիշարյանի եւ Արմեն Աշոտյանի հեղինակած «ՀՀ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Օրինագծի համահեղինակ Լիլիթ Գալստյանը տեղեկացրեց, որ 2004 թ-ին ընդունված օրենքով գրադարանային աշխատողներն ընդգրկված են Մշակույթի վաստակավոր գործիչ անվանակարգում, ուր ներառված է մշակութային ողջ դաշտը, ինչն էլ նրա կարծիքով մրցակցային է դարձնում գրադարանավարների պատվավոր կոչում ստանալու հավանականությունը: Զեկուցողը համոզված է, որ օրենսդրական փոփոխությամբ «Պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում առանձին հոդվածով սահմանելով  «ՀՀ վաստակավոր գրադարանավար կոչումը» արժանին կմատուցվի այն գրադարանավարներին, ովքեր խթանել են ոլորտի զարգացմանը եւ հոգեւոր-մշակութային արժեքների տարածմանը։

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նա նշեց, որ ճիշտ կլիներ օրենքը համակարգային փոփոխությունների ենթարկել, խուսափել հատվածական փոփոխություններից, ինչն իր եզրակացության մեջ մատնանշել է նաեւ ՀՀ կառավարությունը:

Եզրափակիչ ելույթում ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը հավաստիացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում հաշվի կառնվեն պատգամավորների առաջարկներն ու դիտողությունները:

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը: Ըստ նրա` օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ակնագործության եւ ոսկեգործության զարգացման հայեցակարգով նախատեսված միջոցառումներից եւ նպատակաուղղված է օրենսդրական դաշտի բարեփոխմանը ու բիզնես միջավայրի բարելավմանը: Ըստ վիճակագրական տվյալների` ոսկերչական ընկերությունները որոշ դեպքերում ավելին են վճարում, քան սպասվող շահույթն է: Միջին ցուցանիշով այդ վնասը կազմում է իրացման ծավալի 0.25%: Պարոն Դանիելյանը տեղեկացրեց, որ ոսկերչական իրերի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների  արտադրանքի շահութաբերությունը  տատանվում է 1-3%-ի սահմաններում: «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով տարին ավարտելուց հետո նվազագույն  շահութահարկի տարեկան հանրագումարի եւ հաշվետու տարվա փաստացի  շահութահարկի դրական տարբերությունը նվազեցվում է  հետագա տարիների  շահութահարկից, որը հանգեցնում է դրամական միջոցների սառեցմանը եւ շրջանառու միջոցների ճեղքվածքի գոյացմանը: Գանձված գերավճարների գումարները հաշվետու տարում հետ չեն վերադարձվում եւ չեն հաշվանցվում այլ հարկային պարտավորությունների դիմաց: Փոխնախարարը նշեց, որ ելնելով վերոգրյալից` անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում` ազատելով ոսկերչական իրերի արտադրությունը 1% շահութահարկի կանխավճարի վճարումից:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը ներկայացրեց նաեւ «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» կառավարության օրենքի նախագիծը: Առաջարկվող օրենսդրական փոփոխության նպատակն է ազատել մաքսատուրքի վճարումից հանրապետություն ներկրվող արտադրական նշանակություն ունեցող սառնարանային եւ սառցարանային սարքավորումները եւ ուղղված է  արդյունաբերության զարգացմանն ու խթանմանը:

Քննարկվող օրենքների նախագծերի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը բարձրաձայնեց Ռոբերտ Թովմասյանը:

ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Խաչիկ Հարությունյանի եւ Արծրունի Աղաջանյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը եւս քննարկվեց առաջին ընթերցման ընթացակարգով: Հովհաննես Մարգարյանը տեղեկացրեց, որ նախագծի նպատակը գիշերավճարի սահմանումն է, ինչը կարելի է վերապահել չընդհատվող ռեժիմով արտադրությունների համար: 8-ժամյա աշխատանքային գրաֆիկի անցումը, ըստ պարոն Մարգարյանի, կբերի արտադրողականության աճի: Նշվեց, որ օրինագիծը մշակելիս համեմատականներ են կատարվել մի շարք երկրների օրենսդրության, ինչպես նաեւ ԵԽ դիրեկտիվների հետ: Օրենսգրքի 184-րդ հոդվածը արտաժամյա աշխատանքի եւ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար uահմանում է հավելում` ժամային դրույքաչափի մեկուկեu անգամից ոչ պակաu չափով: Ստացվում է այնպես, որ գիշերային աշխատանքի համար վճարվում է աշխատավարձ, իսկ բացի աշխատավարձից վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի մեկուկեu անգամից ոչ պակաu չափով: Տարընթերցումներից խուսափելու նպատակով օրինագծի համահեղինակներն առաջարկում են «սահմանվում է հավելում» բառերը փոխարինել «վճարվում է» բառով:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանը, իրենց ելույթներում սկզբունքորեն դեմ չլինելով օրինագծի ընդունմանը, տեղեկացրին, որ կառավարությունը փորձում է կանոնակարգել ոլորտը եւ առաջարկեցին օրինագծի հեղինակներին համագործակցել կառավարության հետ:

Քանի որ կառավարության նմանօրինակ օրենսդրական նախաձեռնությունը գործադիրում քննարկումների փուլում է, ուստի եզրափակիչ ելույթում Հովհաննես Մարգարյանն առաջարկեց խորհրդարանին առաջին ընթերցմամբ ընդունել օրինագիծը` երկրորդ ընթերցման ժամանակ կառավարության հետ համագործակցելու եւ համատեղ օրենքի նախագիծ ներկայացնելու պայմանով:

ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Սուքիաս Ավետիսյանի, Գագիկ Մելիքյանի, Էդուարդ Շարմազանովի, Հայկ Սանոսյանի, Տաճատ Վարդապետյանի եւ Գագիկ Գեւորգյանի հեղինակած «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը առաջին ընթերցմամբ պատգամավորներին ներկայացրեց Հակոբ Հակոբյանը: Օրենքի նախագծով յուրաքանչյուր երեխայի համար ալիմենտի նվազագույն չափը չպետք է պակաս լինի սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից, իսկ գործազրկության նպաստ ստացող ծնողներից ալիմենտ բռնագանձելիս` գործազրկության նպաստի 20 տոկոսից: 

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը եւ ՀՀ կառավարությունը առարկություններ չունեին օրենքի նախագծի ընդունման առնչությամբ:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ներկայացնելով` Հովհաննես Մարգարյանը տեղեկացրեց, որ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը միջազգայնորեն ընդունված չափանիշներին համահունչ սահմանել է լրագրողական աղբյուրների պաշտպանության բարձր մակարդակ, սակայն այս դրույթը հաճախ հակասության մեջ է մտնում ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ եւ 16-րդ հոդվածների հետ: Պարոն Մարգարյանը հավաստեց, որ օրենսդրական փոփոխությունները միտված են վերոնշյալ հակասությունների վերացմանը:

Օրենքի նախագծի քննարկումները կշարունակվեն ԱԺ հաջորդ քառօրյայում:

Ազգային ժողովը ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը:


08.10.2009
Սվերդլովսկի մարզային Դումայի պատվիրակությունը խորհրդարանում
Հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանն ընդունեց ՌԴ Սվերդլովսկի մարզային Դումայի նախագահ Նիկոլայ Վորոնինի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին  նաեւ մարզային Դումայի  սոցիալական հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Դմիտրի Վերշինինը, «Անի-Հայաստան» հայկական համայնք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am