Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի
(Վենետիկի հանձնաժողով) գլխավոր քարտուղար Ջանի Բուքիքիոյին հանձնեց Պատվո շքանշանը: Այդ պարգեւատրման մասին հրամանագիրը ս.թ. սեպտեմբերի 29-ին ստորագրել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` Հայաստանի եվրոպական ինտեգրմանը նպաստելու եւ ՀՀ-ում իրավական բարեփոխումների իրականացման գործում նրա ունեցած ծառայությունների համար:
Շնորհակալության հայտնելով այդ պարգեւատրման համար` պրն. Բուքիքիոն հայտնեց ներկաներին, որ ինքը շուտով լքելու է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Նա վերհիշեց այդ եվրոպական կառույցին Հայաստանի անդամակցության ընթացքը եւ համատեղ անցած ճանապարհը: Իր խոսքերով` «Հայաստանն այսօր ժողովրդավարական պետություն է: Իհարկե, կան որոշ դժվարություններ, առանց դժվարությունների չի լինում: Ինձ համար ամենամեծ պարգեւն այդ առաջընթացն է, որ մենք համատեղ ուժերով արձանագրել ենք Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու գործում»:
Շնորհավորելով պրն. Բուքիքիոյին` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասեց. «Պաշտոնները բոլորիս համար էլ ժամանակավոր են: Կարեւորն այն է, թե պաշտոնավարման ընթացքում ով ինչ աշխատանք է կատարել: Իսկ դուք, պրն. Բուքիքիոյի, մեծ գործ եք արել Եվրոպայի շատ երկրներում ժողովրդավարություն հաստատելու համար»: