National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.7.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
02.07.2023
Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը չի կարող զրկվել իր պատմական հայրենիքում ինքնորոշվելու, ապահով եւ ազատ ապրելու անօտարելի իրավունքից. Լիլիթ Գալստյան
1 / 1

ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցել է Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 30-րդ նստաշրջանի աշխատանքներին: Նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը: Ելույթում պատգամավորը նշել է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Կցանկանայի խոսել մարդու իրավունքների ոտնահարման բացահայտ եւ աղաղակելի իրականության մասին, ինչին այս պահին բախվում է ժողովրդավարությունը որդեգրած երկիր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ Ադրբեջանի բռնատիրության ձեռքով:

Ադրբեջանը շարունակում է բառիս բուն իմաստով կոպտորեն խախտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության յուրաքանչյուր դրույթ:

2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչ օրս ապօրինաբար փակվել է կյանքի միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Լեռնային Ղարաբաղի 120.000 բնիկ հայ ազգաբնակչության կյանքն ակնհայտ վտանգի տակ է: Խախտված է ավելի քան 30.000 երեխայի կրթության իրավունքը:

Ըստ էության, Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվում է արմենոֆոբիայի եւ էթնիկ զտումների քաղաքականության նոր փուլ՝ պարտադրելով հայ բնակչությանը լքել սեփական հայրենիքը:

Շուրջ 120 հայ ռազմագերիներ եւ քաղաքացիական անձինք դեռեւս անօրինական Ադրբեջանի բանտերում են:

Ադրբեջանը խոչընդոտում է միջազգային կազմակերպությունների այցը տարածաշրջան՝ մինչ այդ Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում ոչնչացնելով հայկական պատմական եւ կրոնական ժառանգությունը:

Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը նոր երանգներ է ստանում. նա Հայաստանը պաշտոնապես հայտարարում է որպես «Արեւմտյան Ադրբեջան», նաեւ հաստատում, որ միջազգային կազմակերպությունները սպառել են իրենց, եւ ինքը հակամարտությունը լուծել է ուժի կիրառմամբ:

Հարգելի՛ գործընկերներ,

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն Արեւմտյան քաղաքակրթության փորձաքար է: Մի՞թե դուք ցանկանում եք ականատեսը լինել, թե ինչպես է հայրենազրկվում քրիստոնեական հնագույն քաղաքակրթությունը:

Ես սթափվելու եւ սպառնալիքի զանգ եմ հնչեցնում SOS!!!!!

Այստեղ եւ հիմա է ժամանակն աննահանջ քաղաքական կամք դրսեւորելու, քայլեր ձեռնարկելու եւ մերժելու երկակի ստանդարտների քաղաքականությունը:

Անհետաձգելի անհրաժեշտություն է, որ ԵԱՀԿ բարձրաստիճան փաստահավաք առաքելություն գործուղվի Լեռնային Ղարաբաղ՝ տեղում իրավիճակը գնահատելու համար:

Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի ռազմական հանցագործությունների համար:

Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը չի կարող զրկվել իր պատմական հայրենիքում ինքնորոշվելու, ապահով եւ ազատ ապրելու անօտարելի իրավունքից:

Վճռական լինելու եւ գործելու ժամանակն է»: