National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.12.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
20.12.2022
Նախատեսվում է ստեղծել Արտաքին հետախուզության ծառայություն
1 / 6

Արտաքին հետախուզության ծառայության ստեղծմամբ ու կազմավորմամբ նախատեսվում է Հայաստանում ձեւավորել հետախուզական համայնք, եւ այդ հետախուզական համայնքում կարեւոր դերակատարություն է ունենալու Արտաքին հետախուզության ծառայությունը: Այս մասին ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի տեղեկացմամբ առաջարկվող նախագիծը կարգավորում է արտաքին հետախուզական գործունեության իրականացման բնագավառում ծագող իրավահարաբերությունները, սահմանում է արտաքին հետախուզական գործունեության հիմնական սկզբունքները, արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների համակարգը, Արտաքին հետախուզության ծառայության լիազորությունները, կառուցվածքը, կազմավորման, գործունեության, Ծառայությունում ծառայության անցնելու, պաշտոն զբաղեցնելու, Ծառայության ծառայողին պաշտոնից ազատելու, ծառայությունը դադարեցնելու, ծառայությունը կրելու կարգն ու պայմանները, պաշտոնների ու կոչումների դասակարգումը, ծառայողների պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները, ինչպես նաեւ ծառայության հետ կապված այլ առանձնահատկություններ:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պաշտպանության նախարարությունում եւ Ազգային անվտանգության ծառայությունում գոյություն ունեն համանման ծառայություններ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը հանդիսանում է զինվորական ծառայություն՝ առկա է քաղաքական որոշում՝ ստեղծելու պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն: Դրանով նորաստեղծ ծառայությանը հնարավորություն կընձեռվի ավելի լայն հնարավորություններ ունենալ, կառույցը համալրել մասնագետներով»,-ասել է Արմեն  Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարը նաեւ տեղեկացրել է, որ ներկայացված փաթեթով Արտաքին հետախուզության ծառայության պետը դառնում է Անվտանգության խորհրդի անդամ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն Անվտանգության խորհրդի քարտուղարից հարցրել է, թե ինչ է առաջարկում կամ պահանջում Ադրբեջանը՝ Լաչինի ճանապարհը բացելու համար: Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքն ադրբեջանցի, այսպես ասած, «բնապահպանները» փակել են ինն օր առաջ:

Արմեն Գրիգորյանը նշել է, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակել է՝ Արցախում էթնիկ զտում իրականացնելու համար: Հիմնական նպատակը սա է: «Հայաստանը շարունակում է աշխատել իր բոլոր գործընկերների հետ, որ հնարավորինս բացի Լաչինի միջանցքը, եւ Արցախում ապրող հայերը խուսափեն հումանիտար ճգնաժամից»,-պարզաբանել է Արմեն Գրիգորյանը:

Թեման շարունակել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ հետաքրքրվելով, թե որոնք են գործողությունները, որոնցով Արտաքին հետախուզական ծառայությունը պետք է ապահովի կամ նպաստի հռչակված նպատակների իրականացմանը, օրինակ՝ Լաչինի միջանցքի բացում, Արցախի անվտանգության ապահովում եւ այլն: «Արտաքին հետախուզական ծառայության ստեղծման հիմնական նպատակներից մեկն այն է, որպեսզի այս ծառայությունը կարողանա Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգության վերաբերյալ հայթայթել ինֆորմացիա, նույնիսկ հայթայթի այնպիսի ինֆորմացիա, որը հրապարակային հայտնի չէ: Եվ դրանց հիման վրա վերլուծություն կատարի՝ անվտանգության միջավայրի վերաբերյալ եւ տեղեկատվություն տրամադրի վարչապետին, որի հիման վրա էլ պետք է որոշումներ կայացվեն: Այդ ինֆորմացիան վերաբերելու է նաեւ Հայաստանի անվտանգության միջավայրին, որտեղ Արցախը եւս կարեւոր դերակատարություն ունի»,- նշել է Արմեն  Գրիգորյանը՝ հավելելով, որ Լաչինի միջանցքի պատասխանատուն ՌԴ-ն է. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքի պատասխանատվությունը հանձնվել է ՌԴ-ին: «Եվ ես ուզում եմ ընդդիմությունից լսել հարցադրումներ նաեւ այս ուղղությամբ, քանի որ Լաչինի միջանցքի հիմնական պատասխանատուն ՌԴ-ն է»,- ասել է ԱԽ քարտուղարը:

Ինչ վերաբերում է ստեղծվելիք ծառայությանը, այն պետք է ինֆորմացիա հայթայթի եւ վերլուծություն տրամադրի: Գործողություններն այդ ծառայությունը չի կատարելու, քանի որ կատարումն այլ ծառայությունների վրա է:

Նախաձեռնության առնչությամբ իրենց տեսակետներն են հայտնել խմբակցությունները:

ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արծվիկ Մինասյանը: Խմբակցության քարտուղարն անդրադարձել է Արցախի շուրջ տեղի ունեցած եւ ունեցող գործընթացներին՝ նշելով. «Այո՛, մենք զորակցում ենք այն խաղաղապահ ուժին, որն այսօր միակն է, որ ապահովում է Արցախի քիչ թե շատ անվտանգությունը: Բայց նաեւ կոչ ենք արել, որպեսզի ՌԴ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ գործողությունները: Սրան ինչո՞ւ չեք անդրադառնում»:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել Ռուբեն Ռուբինյանը: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է հնչած մի տեսակետի, ըստ որի՝ ադրբեջանցիների կողմից ապօրինաբար փակված ճանապարհահատվածը չի գտնվում Լաչինի միջանցքում: «Իրականում Լաչինի միջանցքը ձգվում է Հայաստանի սահմանից մինչեւ Ստեփանակերտ»,- հստակեցրել է Ռուբեն Ռուբինյանը՝ ընդգծելով, որ այդ, ինչպես նաեւ ճանապարհի մյուս հատվածները, գտնվում են ռուսական խաղաղապահ զորակազմի ուղիղ վերահսկողության ներքո:

Եզրափակիչ ելույթում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է պատգամավորների հնչեցրած տեսակետներին: