Նախաձեռնությամբ նախատեսվում է բազմաբնակարան շենքի կառավարումը դիտարկել որպես մասնագիտացված գործունեության տեսակ: Նաեւ առաջարկվում է Կառավարության համար նախատեսել լիազորող նորմեր` սահմանելու բազմաբնակարան շենքի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները: Այս մասին ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը` դեկտեմբերի 7-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխությունները:
Նշվել է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թ.-ին:
Հիմնական զեկուցողի խոսքով Կառավարության ծրագրով բնակֆոնդին առնչվող աշխատանքներն իրականացվում են երեք ուղղությամբ` բազմաբնակարան շենքերի կառավարման համակարգի բարելավում, շենքերի պահպանում, անվտանգ շահագործում եւ անբավարար վիճակում գտնվող շենքերի խնդրի կարգավորում: «Հույս ունենք, որ այս երեք ուղղություններով միաժամանակյա աշխատանքը հիմք կհանդիսանա բնագավառում թեեւ աստիճանական, բայց կայուն մեխանիզմներ արմատավորող փոփոխությունների եւ բարեփոխումների համար»,- ընդգծել է Արմեն Ղուլարյանը:
Գլխադասային` Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն: Այս մասին բարձրաձայնել է հանձնաժողովի անդամ Լիլիթ Կիրակոսյանը:
Արմեն Ղուլարյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակին, ոլորտում փոփոխությունների իրականացմանը, որոշ բնակավայրերում փայտե տնակների` նորակառույց շենքերով փոխարինմանը:
Պատգամավորները ելույթներում անդրադարձել են բազմաբնակարան շենքերի կառավարման արդյունավետությանը, համատիրությունների աշխատանքին, շենքերի մաշվածությանը:
Հարցի վերաբերյալ արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը: Խոսելով քաղաքաշինական չափորոշիչների որակի մասին` ԱԺ փոխնախագահն ընդգծել է` շրջելով քաղաքում կարելի է տեսնել, որ այս հարցում կան թերացումներ: Հակոբ Արշակյանը կառավարման առումով կարեւորել է կառավարիչների մասնագիտական հմտությունները, գործող ստանդարտների բարելավումն ու դրանց արդիականացումը, միջազգային փորձի ձեռքբերումն ու դրա տեղայնացումը:
ԱԺ փոխնախագահը համապատասխան մարմիններին կոչ է արել վերանայել գործող «հնացած» չափորոշիչները եւ պատշաճ վերահսկողություն իրականացնել նորերի նկատմամբ:
Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Վլադիմիր Վարդանյանի եւ Արփինե Դավոյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հեղինակներն առաջարկում են օրենքի 33-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4.1-ին մասով. «Երդվելուց հետո պատգամավորներն Ազգային ժողովի նիստում ստորագրում են երդման տեքստի տակ»:
Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը փոփոխության չէր ենթարկվել՝ առաջարկներ չլինելու պատճառով:
Կառավարության հեղինակած երկրորդ ընթերցմամբ քննարկված ««Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի նպատակն է գործնականում ապահովել Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի «Հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 1369-Ն որոշման պահանջների համապատասխանեցումն իրավական սկզբունքներին:
Նախագծերն ԱԺ պետական-իրավական հանձնաժողովում ստացել են դրական եզրակացություն: