Նման հանդիպումները նպաստում են երկու երկրների բարեկամական կապերի ամրապնդմանը: Այս մասին ասել է Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն ապրիլի 27-ին ՀՀ-ում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիսոն Մարի Լը Քլերի հետ հանդիպման ընթացքում:
Խոսելով ԱԺ աշխատակազմի եւ Կանադայի խորհրդարանական կենտրոնի միջեւ արդյունավետ համագործակցության մասին` Վահան Նարիբեկյանն ընդգծել է, որ կենտրոնի աջակցությամբ ներկայացվել է Աշխատակազմի Ռազմավարական զարգացման ծրագիր: «Մենք կարեւորում ենք փոխգործակցության շարունակականությունը` առաջիկա 5 տարիների ընթացքում վերոնշյալ ծրագրի եւ Գործառնական ծրագրի ներդրման շրջանակներում»,- ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավարը:
Նշվել է, որ Ռազմավարական զարգացման ծրագիրը միտված է նաեւ ստեղծելու ավելի մեծ հնարավորություններ` ներգրավվելու աշխատակազմի գործունեությանը հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց եւ երիտասարդների:
Վահան Նարիբեկյանը խոսել է նաեւ ԱԺ աշխատակազմի եւ Կանադայի պառլամենտական կենտրոնի միջեւ նախագծվող այլ ծրագրերի մասին: Այս համատեքստում ընդգծվել է աշխատակազմի աշխատակիցների համար կրթական ծրագրերի իրականացումը եւ փորձի փոխանակումը Կանադայի խորհրդարանում:
Դեսպանը երկկողմ համագործակցության զարգացման տեսանկյունից կարեւորել է Ռազմավարական զարգացման ծրագրի արդյունավետ իրականացումը: Նա ողջունել է երկկողմ նոր ծրագրերի կյանքի կոչումը եւ պատրաստակամություն հայտնել նպաստելու համագործակցության ընդլայնմանը: