ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Նախատեսվում է լիզինգատուին եւ լիզինգառուին հնարավորություն տալ լիզինգի պայմանագրով սահմանելու լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը կամ դրա սահմանափակումը: Նպատակն է` ապահովել լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցների վերադարձելիությունը:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը բարձրաձայնել է Արթուր Դավթյանը:
Առաջին ընթերցմամբ քննարկվել են նաեւ «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանի խոսքով` նախատեսվում է կարգավորել օրենքի կիրառման ընթացքում ծագած խնդիրները, ինչպես նաեւ օրենքը համապատասխանեցնել նոր Քրեական օրենսգրքին:
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանը: