ՀՀ ԱԺ առաջին նստաշրջանի օգոստոսի 4-ի նիստում շարունակվեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի ընտրության հարցի քննարկումը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն առաջադրեց խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը: Խմբակցության ղեկավարը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուի կենսագրությունն ու անդրադարձավ ներքաղաքական կյանքին: Սեյրան Օհանյանը պատասխանեց նաեւ գործընկերների հարցերին:
Ընդդիմության կողմից ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Իշխան Սաղաթելյանը շնորհակալություն հայտնեց իր քաղաքական թիմին վստահության եւ «Պատիվ ունեմ» խմբակցությանն իր թեկնածությունը սատարելու համար: Անդրադառնալով ներքաղաքական կյանքին՝ նա նշեց, որ մեր երկրում խորանում է սոցիալ-տնտեսական ճգնաժամը: Իսկ ընտրվելու դեպքում Իշխան Սաղաթելյանը կդառնա ընդդիմության ձայնը՝ ԱԺ նախագահությունում եւ խորհրդում:
ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուն պատասխանեց պատգամավորների հարցերին:
«Պատիվ ունեմ» խմբակցության անունից ելույթ ունեցավ Հայկ Մամիջանյանը: Պատգամավորը տեղեկացրեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուին: