ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը եւ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հուլիսի 29-ին հանդիպել են 2020-2021 թթ. բուհերի ընդունելության քննության արդյունքում դուրս մնացած դիմորդների եւ նրանց ծնողների հետ: Հանդիպումը կազմակերպվել է «Պահանջատեր դիմորդ» նախաձեռնության անդամների առաջարկով:
Մասնակիցները նշել են, որ պատշաճ չի իրազեկվել ընդունելության քննությունների նոր կարգը, համաձայն որի առաջնահերթությունը տրվում է դիմորդի լրացրած առաջին հայտին, ինչն էլ առաջացրել է խնդիրներ: Դիմորդների ծնողները տեղեկացրել են նաեւ, որ իրենց իրավունքների պաշտպանության նպատակով 87 դիմորդի ծնողների ստորագրությամբ պատրաստվում են դիմում-հայտ ներկայացնել Վարչական դատարան:
Պատգամավորները պատրաստակամություն են հայտնել` աջակցելու ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը: Տեղեկացվել է, որ հանդիպումից հետո ՀՀ ԱԺ երեք խմբակցությունների անունից ԿԳՄՍ նախարարություն նամակ կուղարկվի: