National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
18.10.2019
Խորհրդարանական լսումներ՝ «Դիմակայուն Հայաստան» խորագրով
1 / 3

ՀՀ  ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը,  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակի հետ համատեղ Աղետների ռիսկի նվազեցման համաշխարհային օրվան ընդառաջ, հոկտեմբերի 18-ին կազմակերպել էին «Դիմակայուն Հայաստան»  խորագրով լսումներ:

Մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ Հայաստանը դասվում է աշխարհի աղետավտանգ երկրների շարքին, ուստի, ըստ նրա, պետք է առանձնահատուկ մոտեցումներ եւ մեխանիզմներ կիրառել, որպեսզի բոլոր քայլերն ուղղված լինեն պետության ու քաղաքացիների բարօրությանն ու անվտանգությանը:

«Յուրաքանչյուրը պետք է սեփական ներդրումն ունենա դիմակայուն հայրենիքի  ճանապարհին, քանի որ վտանգը չի ճանաչում ոչ մեկի եւ ոչինչ», -ասել է պատգամավորը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հավաստմամբ՝ աղետների ռիսկի նվազեցումը բերում է աղետի կանխման: Նա կարեւորել է բնակչության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացումը, ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը, միջազգային կառույցների հետ փոխգործակցությունն ու փորձի փոխանակումը:  «Ռիսկերի գնահատումն ու դրանց հնարավորինս մեղմումը պետք է հանդիսանան երկրի տնտեսության զարգացման անկյունաքարերից մեկը»,- ասել է նախարարը: Շեշտադրվել է նաեւ բնագավառի օրենսդրության բարեփոխման անհրաժեշտությունը: Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ աղետի եւ ռիսկի կառավարման ազգային ռազմավարությունը պետք է հիմք հանդիսանա պետական կառավարման բոլոր օղակների համար, դիտարկվի որպես կարեւորագույն բաղադրիչ զարգացման բոլոր գործընթացներում՝ պլանավորումից մինչեւ իրականացում:

Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասինի խոսքով՝ վեց անգամ ավելի էժան է  աղետի կանխարգելումը, քան դրա հետեւանքների վերացումը: Նա նկատել է, որ ռիսկերի նվազման համար Կառավարությունն ու օրենսդիր իշխանությունը պետք է ավելի շատ ֆինանսական միջոցներ հատկացնեն: Բանախոսը կարեւորել է լսումների կազմակերպումը, ինչը նաեւ իրազեկվածության աղբյուր է:

ՄԱԿ-ը պատրաստակամ է աջակցելու նաեւ օրենսդրության բարեփոխման հարցում: Նշվել է, որ աղետների կանխարգելման, ռիսկերի նվազման ուղղությամբ աշխատանքներ են տարվում համայնքների եւ Երեւանի քաղաքապետարանի հետ:

ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը բարձր է գնահատել ԱԻՆ-ի եւ միջազգային գործընկերների ջանքերը՝ ռիսկերի նվազման գործում հետեւողական քաղաքականության իրացման եւ հաստատակամ հանձնառության համար: Ըստ նրա՝ դիմակայունության զարգացման համար հատկապես կարեւոր է ռիսկերի կառավարման բնագավառում հուսալի տեղեկատվության հավաքագրումը, վերլուծությունն ու իրացումը: Նա կարեւորել  է հանրային իրազեկվածության արդյունավետության բարձրացմանը, կրթական որակի բարելավմանն ու փորձի փոխանակմանն ուղղված հստակ գործողությունների իրականացումը, ինչպես ազգային, այնպես էլ համայնքային մակարդակներում:

Մտքերի փոխանակությանը մասնակցած բանախոսները ընդգծել են աղետների եւ ռիսկերի քարտեզագրման, դիմակայունության մշակույթի ձեւավորման, ներդրումների նպատակային օգտագործման, իրազեկվածության, միջազգային փորձի ներդրման, տեխնիկապես հագեցվածության կարեւորությունը:

Լսումների ավարտին ստորագրվել է եռակողմ համատեղ գործակցության հռչակագիր:

Մի խումբ կամավորներ ստացել են վկայագրեր: 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am