Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել Երեւանի Արգենտինյան Հանրապետության անվան համար 76 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:
Բաց դասը վարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ողջունելով ներկաներին՝ Էդուարդ Շարմազանովը շնորհավորել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի բարեհաջող անցկացման կապակցությամբ:
Հանդիպումից առաջ աշակերտները շրջել են խորհրդարանում, ծանոթացել նիստերի դահլիճին կից սրահում ներկայացված ցուցահանդեսին եւ ներկա եղել «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը:
ԱԺ փոխնախագահը խոսել է հայրենասիրական դաստիարակության, կրթության, ազգային մտածողության մասին եւ կարեւորել անհատի պարկեշտությունն ու բարոյականությունը: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը եւ աշակերտները քննարկել են հայտնի քաղաքական ու պետական գործիչների մտքերն ու գործունեությունը:
Ծավալված ջերմ եւ անկաշկանդ զրույցի ընթացքում աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ԱԺ փոխնախագահին, որոնց մի մասը վերաբերել է արտագաղթին եւ սահմանային լարվածությանը:
Այցի ավարտին աշակերտներն Ազգային ժողովի նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ: